Ստեփան Թոփչյան

հայ գրող, գրականագետ From Wikipedia, the free encyclopedia

Ստեփան Թոփչյան
Remove ads

Ստեփան Էդուարդի Թոփչյան (հունիսի 20, 1937(1937-06-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2021(2021-01-16)[2], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան, նկարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ Գրողների միության անդամ 1967 թվականից։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Ստեփան Թոփչյանն ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1967-1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թթ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբում որպես Գեղարվեստական արձակի խմբագրության բաժնի վարիչ, հետո՝ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ։ 1966 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։ 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին։ Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում։ Նրա հիմնական աշխատություններից են՝ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Դանիել Վարուժան» գլուխը (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ և իսկություն (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) և «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) և «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները։ Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է։ Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ, և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը։ Նրա «Հայկական նեո­ռո­ման­տիզմի էսթետիկայի ուրվագիծ» հիմնարար աշխատությունը համարվում է հայ գրականագիտության նվաճումներից մեկը և հիմք է ծառայել հետագա բազմաթիվ նոր ուսումնասիրությունների համար։ Ստեփան Թոփչյանը հեղինակ է մի քանի հարյուր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, և բազմաթիվ գրքերի առաջաբանների։ Որպես ակտիվ մտավորական, նա մշտապես արագորեն արձագանքել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձություններին՝ տալով իրավիճակների հրատապ ու խորքային վերլուծություններ, բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով ու հարցազրույցներով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նաև ստեղծագործել է որպես նկարիչ։

Remove ads

Երկեր

  • Շիրվանզադեի էսթետիկան, 1963։
  • Րաֆֆու էսթետիկական հայացքները, 1971։
  • Հայ էսթետիկական մտքի պատմությունից (Գիրք I, «Հայկական նեո­ռո­ման­տիզմի էսթետիկայի ուրվագիծ» գլուխը), 1974։
  • Հայ էսթետիկական մտքի պատմությունից (Գիրք II), 1976:
  • Очерк развития эстетической мысли в Армении (соавторы Я. Хачикян и др.), Москва, 1976:
  • Հայ նոր գրականության պատմություն («Դանիել Վարուժան» գլուխը, հատոր 5), 1979։
  • Անհունի անդրադարձը, գրականագիտական ուսումնասիրություններ, 1982։
  • Կերպ և իսկություն, գրականագիտական ուսումնասիրություններ, 1985։
  • Հայ քննադատության պատմություն, հատոր 2, 1998 («Հովհաննես Թումանյան» գլուխը)։
  • Ապագայի հիշողությունը, հրապարակախւսություն, գիրք 1-2, 2003։
  • Կյանք դարերի համար /Ավետիս Ահարոնյանի մասին/, 2003:
  • Կարիճի տարի, հրապարակախոսություն, 2016։
  • Հովսեփ Էմին, 2017։
  • Երվանդ Քոչար, 2021
Remove ads

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads