Վերգիլիոս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Պուբլիոս Վերգիլիոս[4] (կամ Վիրգիլիոս[4]) Մարո (լատիներեն՝ Publius Vergilius Maro; հոկտեմբերի 15, մ. թ. ա. 70[2][3], Andes, Cisalpine Gaul, Հռոմեական Հանրապետություն[5][3] - սեպտեմբերի 21, մ. թ. ա. 19[6][3], Բրինդիզի, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն[5][3][1][7])), Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը, հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական»-ի, հինհռոմեական գրականության գլուխգործոցներ համարվող «Բուկոլիկներ», «Գեորգիկներ» պոեմների և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Որոշ ուսումնասիրողներ նրան են վերագրում նաև Appendix Vergiliana-ում ժողովված ավելի փոքրածավալ չափածո ստեղծագործությունները[8][9]։
Վերգիլիոսը (գործածական է նաև անվան կրճատ՝ Վիրգիլ ձևը) ավանդաբար դասվում է Հին Հռոմի մեծագույն պոետների շարքում։ Նրա ստեղծագործությունը լայնորեն ու խորությամբ ազդել է արևմտաեվրոպական ու ամերիկյան գրականությունների վրա։ Այդ ազդեցությունն առանձնապես նկատելի է Դանթեի, նրա «Աստվածային կատակերգություն» նշանավոր պոեմի վրա, որտեղ Վերգիլիոսը հանդես է գալիս դժոխքով ու քավարանով Դանթեին առաջնորդողի դերում[10]։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Հարավային Իտալիայում՝ Անդես գյուղում, որտեղ նրա հայրը փոքր հողատեր էր։ Կրթություն է ստացել նախ Կրեմոնայում, ապա Հռոմում, ուր հմտացել է ճարտասանական արվեստում։ Գերադասելով գյուղական կյանքը՝ 28 տարեկանում վերադարձել է իր ծննդավայրը։ Մ.թ.ա. 41 թ. նրա հայրական հողամասը բռնագրավվում է հօգուտ կայսերական բանակի զինվորների, սակայն շուտով մտավորականների հայտնի հովանավոր Մեկենասի միջնորդությամբ Վերգիլիոսը նոր հողակտոր է ստանում։ Այնուհետև մինչև կյանքի վերջը վայելել է Օգոստոս կայսեր բարյացակամությունը։ Մահացել է անժամանակ՝ մ.թ.ա. 19 թ.՝ 49 տարեկան հասակում։
Ապրել և ստեղծագործել է Հռոմի հանրապետության կործանման ժամանակաշրջանում։ Եղել է նոր կարգերի հենարան հանդիսացող հասարակական միջին խավերի տրամադրությունների արտահայտիչն ու գաղափարախոսը։ Վերգիլիոսի վաղ շրջանի ստեղծագործությունները (10 Էկլոգ) ընդգրկված են «Բուկոլիկա» («Հովվական երգեր»,մ. թ. ա. 42-38) ժողովածուում։ Մեր թվարկությունից առաջ 37-30 թվականներին Վերգիլիոսը գրել է «Գեորգիկա» պոեմը, որն արտահայտում է բանաստեղծի սերը բնության և երկրագործական աշխատանքների հանդեպ։ Պոեմում կան որոշ ներբողներ՝ ձոնված Օկտավիանոս կայսրին։ Վերջինիս է ձոնված նաև Վերգիլիոսի գլուխգործոցը՝ «էնեական» պոեմը, որ մտահղացված է որպես «Իլիականի» և «Ոդիսականի» հռոմեականին զուգահեռ։
Remove ads
Ստեղծագործությունները



Վերգիլիոսը գրել է երեք մեծ պոետիկ ստեղծագործություն՝ բոլորը հեկզամետրիկ (վեցաչափյան) հանգով։ Դրանք են՝ «Բուկոլիկներ» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ»), գրության թվականը՝ մ.թ.ա. 42–39 (կամ 37)թթ, «Գեորգիկներ» («Մշակականք», մ.թ.ա. 37-30 թթ.) և «Էնեական» (մ.թ.ա. 29–19 թթ)։ Միջնադարում Վերգիլիոսին վերագրվում էին ևս մի քանի փոքր պոևմներ (Appendix Vergiliana)։
«Բուկոլիկներ» հովվերգական պոեմում Վերգիլիոսը, հելլենիստական դարաշրջանի հույն բանաստեղծ Թեոկրիտեսի նմանությամբ, նկարագրում է գյուղական կենցաղը, գավառի գունավետ և ծաղկավետ աշխարհը, հովվական խաղաղ ապրելակերպը։ Պոեմը բաղկացած է 10 էկլոգներից։ Դրանցից առաջինում ու իններորդում պատկերված են հողի բռնազավթումներն ու դրա հետևանքները հռոմեական գյուղաշխարհի վրա։ Երկրորդն ու երրորդը հովվերգական են և էրոտիկ (արծարծված է նաև հոմոսեքսուալ սերը)։ Չորրորդ էկլոգում, որն անվանվում է նաև "Messianic Eclogue" կամ «Pollio»՝ հռոմեացի կոնսուլ Գայուս Պոլլիոնի անունով, նկարագրված են մարդկության ոսկեդարն ու մոտ ապագայում մի մանկան ծնունդը, որը միանգամից փոխելու է կյանքի ընթացքը երկրի վրա, մարդիկ երջանկանալու են, աշխատանքը դառնալու է ավելորդ, և ամեն ոք ամենուր առանց չարչարանքի գտնելու է այն ամենը, ինչ հարկավոր է իրեն։ 5-րդ և 8-րդ էկլոգներում ներկայացված են Դափնիսի առասպելը և երգի մի մրցույթ (որոշ ուսումնասիրողներ վիրգիլյան Դափնիսին նույնացնում են Հուլիոս Կեսարի հետ)։ 6-րդ էկլոգում խնջույքի աստվածություն Սիլենուսի առասպելական ու տիեզերական երգն է, յոթերորդում ներկայացված է երգի ևս մեկ թեժ մրցույթ, տասներորդում պատկերված են հեղինակի ժամանակակից եղերեգու պոետ Կոռնելիուս Գալուսի տառապանքները։ Այս վերջին էկլոգում Վերգիլիոսն արտահայտել է ատելությունը պատերազմի նկատմամբ, խաղաղ, ստեղծարար կյանքի ծարավը - ապրումներ, որոնք համակել էին հեղինակի ժամանակակից հռոմեական ողջ հասարակությանը։ «Բուկոլիկներ»-ի հեղինակը համարվում է իդեալական, երազային-ուտոպիական, բանաստեղծական Արկադիա երկրի ստեղծագործողը, երկիր, որ բանաստեղծի մահից հետո էլ դեռ երկար դարեր իր արձագանքն է գտել եվրոպական գրականության ու արվեստների մեջ։
Էկլոգների գեղարվեստական գլխավոր նշանակությունը կայանում է դրանց տաղաչափական կերպավորման կատարելության մեջ, որով գերազանցում են մինչ այդ հանրապետական Հռոմում արարված բոլոր չափածո ստեղծագործություններին։ Վերգիլիոսն իր այս պոեմով ճանապարհ է հարթել իրեն հաջորդած մի շարք գրողների՝ Կալպուրնիուս Սիկուլուսի, Նեմեսիանուսի և հովվերգությունների բազմաթիվ այլ հեղինակների համար։
«Գեորգիկներ» պոեմը դիդակտիկ բնույթ ունի, նախորդի տրամաբանական շարունակությունն է, նվիրված է գավառի ստեղծարար կյանքին, գյուղատնտեսությանը։ Պոեմը բաղկացած է չորս մասից, առաջինը նվիրված է հողագործությանը, երկրորդը՝ այգեգործությանը, երրորդը՝ անասնապահությանը և չորրորդը՝ մեղվաբուծությանը։ Նկարագրում է գյուղատնտեսական աշխատանքները, տալիս բազմաթիվ օգտակար գործնական խորհուրդներ։
Վերգիլիոսի լավագույն երկը և հին հռոմեական գրականության գլուխգործոցը «Էնեական» էպիկական պոեմն է։ Պոեմում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։
Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։
Remove ads
Թարգմանություններ
Վերգիլիոսի ստեղծագործությունը դարձել է կլասիցիզմի ժամանակաշրջանի հռետորական և էպիկական պոեզիայի նմուշ։ Վերգիլիոսի երկերի հայերեն առաջին թարգմանությունները լույս են տեսել Վենետիկում; 1814 թվականին հրապարակվել է «Գեորգիկա»-ից մի հատված։ Վերգիլիոսի «Էնեական»-ի առաջին ամբողջական հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարել է Էդգար Հյուրմուզյանը՝ 1845 թվականին, երկրորդը՝ Հ․ Ղազիկյանը, «Գեորգիկա»-ի առաջին հայերեն (գրաբար) թարգմանությունը (հրատարակություն 1847, «Մշակականք» խորագրով) կատարել է Հ․ Բագրատունին, երկրորդը (հրատարակություն 1923)՝ Հ․ Ղազիկյանը (վերջինս թարգմանել է նաև «Բուկոլիկան», հրատարակություն 1825, «Հովուականք» խորագրով)։ 2018 թ․ «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել «Էնեականի»՝ լատիներեն բնագրից Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի արևելահայերեն նոր բանաստեղծական թարգմանությունը՝ ուսումնասիրությամբ ու մեկնություններով։
Գրականություն
- Anderson, W. S., and L. N. Quartarone. Approaches to Teaching Vergil's Aeneid. New York: Modern Language Association of America, 2002.
- Buckham, Philip Wentworth; Spence, Joseph; Holdsworth, Edward; Warburton, William; Jortin, John. Miscellanea Virgiliana: In Scriptis Maxime Eruditorum Virorum Varie Dispersa, in Unum Fasciculum Collecta. Cambridge: Printed for W. P. Grant, 1825.
- Conway, R. S. (1915). The Youth of Vergil: A Lecture Delivered in the John Rylands Library on 9 December, 1914.
- Farrell, J., and Michael C. J. Putnam, eds. A Companion to Vergil's Aeneid and Its Tradition. Blackwell Companions to the Ancient World. Literature and Culture. Chichester/Malden, MA: Wiley-Blackwell, 2010.
- Farrell, J. "The Vergilian Century". Vergilius (1959–), vol. 47, 2001, pp. 11–28.
- Farrell, J. Vergil's Georgics and the Traditions of Ancient Epic: The Art of Allusion in Literary History. New York: Oxford University Press, 1991.
- Fletcher, K. F. B. Finding Italy: Travel, Nation and Colonization in Vergil's 'Aeneid'. Ann Arbor: University of Michigan Press, 2014.
- Hardie, Philip R., ed. Virgil: Critical Assessments of Ancient Authors. 4 vols. New York: Routledge, 1999.
- Henkel, J. "Vergil Talks Technique: Metapoetic Arboriculture in 'Georgics' 2." Vergilius (1959–), vol. 60, 2014, pp. 33–66.
- Horsfall, N. The Epic Distilled: Studies in the Composition of the Aeneid. Oxford and New York: Oxford University Press, 2016.
- Mack, S. Patterns of Time in Vergil. Hamden: Archon Books, 1978.
- Panoussi, V. Greek Tragedy in Vergil's "Aeneid": Ritual, Empire, and Intertext. Cambridge and New York: Cambridge University Press, 2009.
- Quinn, S., ed. Why Vergil? A Collection of Interpretations. Wauconda: Bolchazy-Carducci, 2000.
- Rossi, A. Contexts of War: Manipulation of Genre in Virgilian Battle Narrative. Ann Arbor: University of Michigan Press, 2004.
- Sondrup, Steven P. (2009). "Virgil: From Farms to Empire: Kierkegaard's Understanding of a Roman Poet" in Kierkegaard and the Roman World, ed. Jon Bartley Stewart. Farnham: Ashgate.
- Syed, Y. Vergil's Aeneid and the Roman Self: Subject and Nation in Literary Discourse. Ann Arbor: University of Michigan Press, 2005.
- Syson, A. Fama' and Fiction in Vergil's 'Aeneid. Columbus: Ohio State University Press, 2013.
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads