Տրդատ Բ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Տրդատ Արշակունի, Մեծ Հայքի թագավորության արքայազն, Խոսրով I Քաջի որդին։
Գործունեությունը
216 թվականի աշնանը Խոսրով I Քաջը կնոջ հետ միասին ժամանեց Կորդուքում տեղակայված Հռոմեական կայսրության ճամբար, որտեղ, սակայն, Հայոց արքան ու թագուհին գերվեցին[1][2]: Տեղեկանալով այդ մասին` Տրդատ արքայազնի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000) արշավանքի դուրս եկավ և սկսեց շարժվել թշնամու բանակի ուղղությամբ: Սրան ի պատասխան Թեոկրիտոսի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը ինքն էլ շարժվեց Հայկական բանակին ընդառաջ: Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին: Հայկական բանակը ծանր պարտության մատնեց Հռոմեական կայսրության բանակին, որը հետ քաշվեց դեպի Եդեսիա։ Սեպտիմիանոս Կարակալլայի գլխավորությամբ Եդեսիա-Խառան-Մծբին-Արբելլա երթուղով արշաված Հռոմեական կայսրության բանակը (մոտ 140.000) պատրաստվեց ներխուժել Պարթևական թագավորության տարածք: Տեղեկանալով այդ մասին` Արտավան V-ի գլխավորած Պարթևական (մոտ 80.000) և Տրդատ արքայազնի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 100.000) թագավորությունների միացյալ բանակը շարժվեց հակառակորդի ուղղությամբ, որը հետ քաշվեց մինչև Մծբին և այս քաղաքի մոտ ճամբար զարկեց: Ստացվեց այնպես, սակայն, որ ապրիլի 8-ին իր իսկ թիկնապահները սպանեցին Սեպտիմիանոս Կարակալլային, որից հետո, արդեն թշնամական բանակի անմիջական հարևանությամբ, կայսր հռչակեցին վերջինիս գրագիր և դավադրության իրական կազմակերպիչ Մարկոս Մակրինոսին (217-218): Հենց այս պայմաններում էլ արդեն ապրիլի 9-ին կողմերը մոտեցան միմյանց և մարտակարգ ընդունեցին: Ապրիլի 9-ին Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը հարձակման անցավ, սակայն ողջ օրը տևած համառ մարտը ոչ մի կողմին առավելություն չտվեց: Ապրիլի 10-ին հանդիպակաց մարտերը շարունակվեցին՝ այդպես էլ առավելություն չտալով հակառակորդներից որևէ մեկին: Ապրիլի 11-ին Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը, գերազանցելով հակառակորդին հատկապես հեծելազորի թվով, անցավ հարձակման ու փորձեց թևանցել Հռոմեական կայսրության բանակի մարտակարգը, որին ի պատասխան, սակայն, վերջինս ձգեց մարտակարգը և այնուհանդերձ պահեց դիրքերը։ Արդյունքում՝ բռնկված և ողջ օրը շարունակված համառ ու արյունահեղ մարտը կրկին առավելություն չտվեց կողմերից և ոչ մեկին, որից հետո ծանր կորուստներ կրած հակառակորդ բանակները օրվա վերջում նահանջեցին ելման դիրքեր: Ստեղծված ծանր պայմաններում Մարկոս Մակրինոսը, հիանալի ըմբռնելով այն հանգամանքը, որ իր հերթին ոչ թեթև վիճակում գտնվող հակառակորդը համառորեն մարտնչում է, թերևս, միայն Սեպտիմիանոս Կարակալլայի նկատմամբ վրեժի զգացումից դրդված, ապրիլի 12-ին ազատ արձակեց Խոսրով I Քաջին և նրա կնոջը ու վերջիններիս միջոցով հակառակորդ բանակի ղեկավարությանը տեղեկացրեց, որ Սեպտիմիանոս Կարակալլան արդեն չորս օր է, որ սպանված է, ինչն էլ հաշվի առնելով, առաջարկեց հաշտություն կնքել: Այս առաջարկը ընդունվեց: Եվ այսպես կնքվեց հաշտություն և Հռոմեա-Պարթևական V պատերազմը ավարտվեց։ Արդյունքում՝ Մեծ Հայքի թագավորության գահին կրկին հաստատվեց Խոսրով I Քաջը[3][4][5][6][7][8][9][10]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads