Լուսավոր Հայաստան կուսակցություն
կուսակցություն / From Wikipedia, the free encyclopedia
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, հապավմամբ՝ ԼՀԿ, ազատական հայացքներ ունեցող քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին։
Լուսավոր Հայաստան կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Էդմոն Մարուքյան |
Կարգախոս | «Լուսավորի՛ր Հայաստանը» |
Հիմնադիր | Էդմոն Մարուքյան (նախագահ) Գևորգ Գորգիսյան (փոխնախագահ) |
Հիմնադրված | դեկտեմբերի 12, 2015 |
Գաղափարախոսություն | լուսավորչականություն լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Պաշտոնական գույն(եր) | մանուշակագույն ոսկեգույն |
Օրհներգ | «Լուսավոր Հայաստան» |
Շտաբ | Բաղրամյան 1, Երևան |
ՀՀ Ազգային ժողով | 0 / 105 |
Երևանի ավագանի | 0 / 65 |
Կայք | brightarmenia.am |
Կուսակցության հիմքում ընկած են նախօրեին ձևավորված «Լուսավոր Հայաստան» և «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունները։ Գաղափարական առումով կուսակցությունն իր հիմնադիր-նպատակներն է համարում քաղաքական համակարգի հավասարակշռումն ու փոխզսպումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու եվրոպական մոդելի պետության ստեղծումը, իսկ կոնցեպցիան՝ լուսավորականությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը Էդմոն Մարուքյանն է, որը զբաղեցնում է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը[1][2]։ Փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Կուսակցության վարչությունը բաղկացած է երկու մարմիններից՝ կառավարման և քաղաքական խորհուրդներից։ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամների թվում են Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Սրբուհի Գրիգորյանը, Կարեն Սիմոնյանը և այլք։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2015 թվականից ի վեր մասնակցել է համապետական բոլոր ընտրություններին, ինչպես նաև Երևանի ավագանու և ՀՀ խոշոր քաղաքների տիմ ընտրություններին։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ-ն մասնակցել է «ԵԼՔ» դաշինքի («Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ) համամասնական ցուցակով, իսկ 2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ «ԼՈՒՅՍ» դաշինքով («Հանրապետության» հետ)։ Թավշյա հեղափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցում է որպես առանձին ուժ՝ թմբկահարելով «երրորդ ճանապարհ»-ի քաղաքական հայեցակարգը՝ արդյունքում դառնալով 7-րդ գումարման ԱԺ ընդդիմադիր խմբակցություն։ 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովում ԼՀԿ-ն ներկայացված չէ։ ԼՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը գլխավորում է Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցությունը։
«Լուսավոր Հայաստան»-ը որոշակի առումներով ռեգիոնալիստական կուսակցություն է (Լոռու մարզից)։ Կուսակցությունը նպատակադրված լինելով ոչ ֆորմալ կրթության միջոցով տարածել ազատականության գաղափարախոսությունը՝ համագործակցում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ուղեղային կենտրոնի հետ, որի ամենահայտնի կրթական ծրագիրը Լիբերալ քաղաքականության դպրոցն է։