Ազգերի համագործակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Ազգերի համագործակցություն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական կայսրության քայքայման հետևանքով նախկինում նրա կազմի մեջ մտնող երկրներից և տերիտորիաներից ստեղծված միջկառավարական կազմակերպություն։ Օգտագործվում է նաև «Ազգերի համագործակցություն» (անգլ.՝ Commonwealth of Nations) կամ ուղղակի «Համագործակցություն» (անգլ.՝ Commonwealth) ձևով։ Ազգերի համագործակցություն կամ պարզապես Համագործակցություն[1], 54 անդամ պետություն ունեցող միջկառավարական կազմակերպություն է․ այդ անդամները հիմնականում Բրիտանական կայսրության նախկին տարածքներում ձևավորված պետություններն են[2]։ Ազգերի բրիտանական համագործակցության անդամ են՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հնդկաստանը, Պակիստանը, Մալայզիայի Ֆեդերացիան, Ցեյլոնը, Գանան, Նիգերիան, Կիպրոսը, Սիերա Լեոնեն, Տանզանիան, Ճամայկան, Տրինիդադ և Տոբագոն, Ուգանդան, Քենիան, Զամբիան, Մալավին, Մալթան, Գայանան, Գամբիան, Բոտսվանան, Բարբադոսը, Լեսոթոն, Սինգապուրը, որոնք անկախ պետություններ են և Մեծ Բրիտանիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի գաղութներն ու խնամակալական տերիտորիաները։ Կազմակերպության հիմնական ինստիտուտներն են Համագործակցության քարտուղարությունը, որի գործունեությունը կենտրոնացած է միջկառավարական ոլորտների վրա, և Համագործակցության հիմնադրամը, որի գործունեությունը կենտրոնացած է անդամ երկրների միջև ոչ կառավարական կապերի ամրապնդման վրա[3]։
Ազգերի համագործակցություն | |
---|---|
Ազգերի համագործակցության անդամ պետություններ | |
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և commonwealth? |
Հիմնադրված | 1926 թվականի նոյեմբերի 19 |
Գլխադասային գրասենյակ | Մալբորո հաուս |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Գլխավոր քարտուղար | Պատրիսիա Սքոթլենդ |
Ղեկավար | Կառլ III |
Կայք | thecommonwealth.org(անգլ.) |
Համագործակցությունը ստեղծվել է 20-րդ դարի առաջին կեսին Բրիտանական կայսրության ապագաղութացման հետ համատեղ, ինչը այդ կայսրության տարածքների ինքնակառավարման մեծացման արդյունքն էր։ Այն ի սկզբանե 1926 թվականի Կայսերական կոնֆերանսի ժամանակ Բալֆուրի հռչակագրով ստեղծվել էր որպես Ազգերի բրիտանական համագործակցություն[4] և պաշտոնականացվել Միացյալ թագավորության կողմից 1931 թվականի Վեստմիստերյան ստատուտով։ Ներկայիս Ազգերի համագործակցությունը պաշտոնապես հիմնադրվել է 1949 թվականին Լոնդոնյան հռչակագրով, որը արդիականացրեց հասարակությանը և հաստատեց, որ անդամ երկրները ազատ և հավասար են[5]։ Այս երեք ասոցացիաների խորհրդանիշը թագուհի Եղիսաբեթ II է, ով ղեկավարում է Համագործակցությունը։ Թագուհին 16 անդամ երկրների ղեկավարն է, որոնք հայտնի են համագործակցության թագավորություններ անվամբ․ 32 անդամները հանրապետություններ են, իսկ մնացած 5-ը ունեն այլ միապետեր։
Անդամ պետությունները միմյանց առջև օրինական պարտավորություններ չունեն։ Փոխարենը նրանց միավորում է լեզուն, պատմությունը, մշակույթը և ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի ուժի մասին ունեցած ընդհանուր արժեքները[3]։ Այս արժեքները ամրագրված են Համագործակցության կանոնադրության մեջ[6] և բարձրաձայնվում են 4 տարին մեկ գումարվող Համագործակցության խաղերի ժամանակ։
Համագործակցության երկրները զբաղեցնում են ավելի քան 29,958,050 կմ2 (11,566,870 sq mi), որը աշխարհի ցամաքային տարածքի 20% է կազմում։ Համագործակցությունը ներառում է բնակեցված բոլոր 6 մայրցամաքները։