Անտենա
From Wikipedia, the free encyclopedia
Անտենա (<լատ.antenna-առագաստակալ), ռադիոալիքների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարք։ Հաղորդիչ անտենան բարձր հաճախության տատանումները փոխակերպում է նույն հաճախության էլեկտրամագնիսական ալիքների և դրանք ճառագայթում տարածության մեջ, իսկ ընդունիչ անտենան կատարում է հակառակ ֆունկցիան՝ արտաքին միջավայրից իր վրա ընկնող էլեկտրամագնիսական դաշտի էներգիան փոխակերպում է նույն հաճախականության հոսանքների։ Միևնույն անտենան կարելի է օգտագործել և՛ իբրև հաղորդիչ, և՛ իբրև ընդունիչ, ընդ որում, երկու դեպքում էլ նրա հիմնական բնութագրերը մնում են անփոփոխ։ Անտենան ռադիոալիքները ճառագայթում (ընդունում) է որոշակի օրենքով, մի դեպքում՝ բոլոր ուղղություններով հավասարաչափ (ռադիո և հեռուստատեսային հաղորդում), այլ դեպքում՝ ուղղված ձևով, որոշակի մարմնային սահմաններում (ռադիոլոկացիա, ռադիոաստղագիտություն, տիեզերական կապ)։