From Wikipedia, the free encyclopedia
Մեհելիի պայտաքիթ, ակնոցավոր կամ ռումինական պայտաքիթ չղջիկ (լատին․՝ Rhinolophus mehelyi), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է ՀՀ և ԼՂՀ Կարմիր գրքերում։
Մեհելիի պայտաքիթ | |
Մեհելիի պայտաքիթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Պայտաքիթ չղջիկներ (Rhinolophidae) |
Ցեղ | Rhinolophus |
Տեսակ | Մեհելիի պայտաքիթ (R. mehelyi) |
Միջազգային անվանում | |
Rhinolophus mehelyi Matschie, 1901 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Տարածված է Հարավային Եվրոպայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իսրայելում, Հորդանանում, Թուրքիայում, Արևմտյան Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Արցախում։ Անդրկովկասն այս տեսակի արեալի արևելյան սահմանն է։
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1945 թվականին, Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում։ Արեալը ներառում է Խնձորեսկից դեպի արևմուտք` մինչև Արմավիր և Երևանից դեպի հյուսիս՝ մինչև Իջևանի շրջան (Տավուշի մարզ) տարածքները։ Հայաստանում հաճախ հանդիպում է մեծ պայտաքիթ չղջիկի, սրականջ գիշերաչղջիկի, սովորական երկարաթև չղջիկի, մոխրագույն ականջեղ չղջիկի և ասիական լայնականջ չղջիկի հետ նույն թաքստոցում։ Ներկայումս դրանց փոքր խմբերին (3-15 առանձնյակ) կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում (Կարմիր բլուր, Ջրվեժ), Հրազդան գետով դեպի վեր՝ մինչև Մեղրաձոր գյուղ (Կոտայքի մարզ)։ Հայաստանի ամբողջ տարածքում նկատվում է թվաքանակի զգալի կրճատում, իսկ որոշ տեղերում (Կարմիր բլուր, Մագելի, Չայքենդ) մնացել են եզակի առանձնյակներ։
Արցախի ֆաունայում տարածման արեալը համեմատաբար նեղ է, հիմնականում հայտնի է Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում, Շուշիի Մեծ քարանձավում և Մարտակերտի շրջանի Մատաղիսի գյուղամերձ շրջանում։
Հիմնականում քարանձավաբնակ է, հանդիպում է անձավներում, տաճարներում, եկեղեցիներում, փլատակներում, նկուղներում, թունելներում, հանքահորերում և այլուր։ Բնակվում է տարբեր լանդշաֆտային գոտիներում։ Ապրելավայրի մոտակայքում պարտադիր է ջրավազանի առկայությունը։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Երբեմն ձմեռում են ամառային թաքստոցներում։
Չափերով զիջում է միայն մեծ պայտաքիթին։ Մորթին ունի մուգ շագանակագույնից ծխագորշ երանգավորում։ Որովայնը սպիտակավուն է։ Մռութի վրա, աչքերի տակ, առկա են շագանակագույն օղակներ, որոնք ակնոցների տեսք են հիշեցնում։ Մարմնի երկարությունը՝ 54,7-64,2 մմ է, պոչինը՝ 26,1-37,7 մմ, պայտի լայնությունը՝ 6,6-7,5 մմ, նախաբազուկի երկարությունը՝ 50,6-59,3 մմ, քաշը՝ 13,8-20,1 գ։
Զուգավորումը կատարվում է աշնանը։ Արուները սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ աշնանը։ Ծինը տեղի է ունենում մայիսի վերջերին կամ հունիսի առաջին կեսերին։ Լակտացիան տևում է մինչև օգոստոսի վերջը։ Սերունդում ունենում է մեկ կամ երկու ձագ։
Այս կենդանիների համար սահմանափակող գործոններ կարող են լինել քարանձավների անկանոն պեղումները, անընդհատ էքսկուրսիաները, լուսավորման համար ջահաբոցերի օգտագործումը, բազմացման շրջանում քարանձավների հաճախակի պայթեցումները, պեղումների ժամանակ պայթուցիկ նյութերի օգտագործումը և այլն։
Սնվում են մանր և միջին չափերի ուղղաթևավորներով, թեփուկաթևավորներով, երկթևավորներով և կարծրաթևավորներով։ Սննդային մրցակիցներն են մեծ և պայտաքիթները, հարթաքիթ չղջիկներից շատերը։
Թշնամիներից են գիշերային գիշատիչ թռչուները, օձերը, կզաքիսները, թափառող կատուները և այլն։
Վարակվում է էնդոմակաբույծներով և էկտոմակաբույծներով։
Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների սննդային շղթաների և կաթնասունների ֆաունայի ամբողջականության պահպանման համար և որպես գյուղատնտեսության և անտառատնտեսության վնասատու՝ միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5][6][7]։
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում բազմացման, ձագերի զարգացման և ձմեռման շրջաններում մարդու այցելությունները քարանձավներ, ինչպես նաև եկեղեցիների, շինությունների, կամուրջների, հանքահորերի վերականգնումը կամ քանդումը։
Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.