Աղվաներենի այբուբեն
From Wikipedia, the free encyclopedia
Աղվաներենի այբուբեն, աղվաներենի՝ հնադարյան Աղվանքի բնակչության լեզվի գրային համակարգը, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, եպիսկոպոս Անանիայի և աղվան Բենիամինի հետ միասին[1]։
Աղվանական գրի և գրականության մասին տեղեկությունները հասել են հայկական մի շարք աղբյուրների միջոցով։ Կորյունի, Մովսես Խորենացու և Մովսես Կաղանկատվացու հաղորդմամբ՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը այբուբեն է ստեղծել աղվանների՝ գարգարների համար, և նրա օգնությամբ գարգարները թարգմանեցին Աստվածաշունչը և Ավետարանը[1][2][3]։
Աղվանական գրի և գրականության մասին հստակ փաստագրական նյութեր պահպանվել են 506 թվականին Դվինի եկեղեցական ժողովի նյութերում։ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր աշխատությունում թվարկում է իր ժամանակի գիր, գրականություն ունեցող ժողովուրդներին, որոնց մեջ հիշատակում է նաև աղվաններին։ Աղվաներենի այբուբենի մասին խոսել է նաև 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը։ Վերջինս ևս թվարկում է այն լեզունները, որոնցով գրված են եղել չորս Ավետարանները և 20-րդ տեղում նա հիշատակում է աղվաներենը։
Այս գրով, սակայն, գրականություն չի պահպանվել և հայտնի է միայն այբուբենը[4]։