Աշխատանքային ռեսուրսներ
From Wikipedia, the free encyclopedia
Աշխատանքային ռեսուրսներ, համարվում՝ են մարդը և այն բոլոր միջոցները, որոնց միջոցով կատարվում է աշխատանք։ «Աշխատանքային ռեսուրսներ» հասկացությունը բնութագրում է ձեռնարկության պոտենցիալ աշխատուժը, որպես երկրի աշխատանքային ռեսուրսների մի մասի էությունը։ Աշխատանքը մարդու նպատակասլաց գործունեությունն է, որի ընթացքում իր և հասարակության պահանջների բավարարման համար ստողծվում են նյութական և հոգևոր բարիքներ։ Աշխատանքի գործընթացն ներառում է՝ աշխատանք, աշխատանքի առարկա, աշխատանքի միջոց և աշխատանքի արդյունք։
Աշխատանքային ռեսուրսների կառուցվածքն իր մեջ ներառում է մարդկանց՝ աշխատանքային պոտենցիալի տարբեր տարրերն ու նրանց բնութագրումները. սեռը, հասակը, կրթությունը, մասնագիտությունը, ազգությունը, լեզուն, բնակության վայրը, հասարակական խումբը, ըստ ոլորտի զբաղվածությունը և այլն։
«Աշխատանքային ռեսուրսներ» հասկացությունն օգտագործվում է երկրի, ռեգիոնի, ճյուղի կամ ձեռնարկության մասշտաբով աշխատունակ բնակչության ապահովվածությունը բնութագրելու համար։ Առանձին ֆիրմայի շրջանակներում այդ հասկացությունն ավելի հաճախ օգտագործվում է «անձնակազմ»-ի ձևով։ Անձնակազմը՝ դա ձեռնարկության բոլոր աշխատողների թվաքանակն է։
Ձեռնարկությունում աշխատանքային ռեսուրսների օգտագործման էֆեկտիվությունը (արդյունավետությունը) հիմնականում որոշվում է աշխատուժի իրավահաջորդության (մեկ աշխատողի փոխարինումը մեկ այլ՝ ավելի որակյալ մասնագետով) և կոլեկտիվի կայունության իրական գործընթացներով։ Այդ կարևորագույն իրական գործընթացներն են հոսունությունը և կայունությունը, որոնք
փոխկապակցված են և լրացնում են միմյանց, իրենց որակական հատկանիշներով։
Աշխատանքային ռեսուրսները կարող են նպաստել ձեռնարկությունների զարգացմանը միմիայն այն դեպքում, եթե ունեն կրթական, մասնագիտական և ինտելեկտուալ համապատասխան մակարդակ, ինչպես նաև մշտական ցանկություն և տրամադրվածություն իրենց մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ձեռնարկությունում աշխատանքային ռեսուրսների օգտագործման էֆեկտիվությունը պահպանելու համար պետք է յուրաքանչյուր աշխատող իր գործունեության բնագավառում ձգտի նորարարության։ Այդ նորարարությունները կարող են հետապնդել ֆինանսական և աշխատանքային միջոցների խնայողության, նոր տեխնոլոգիաների ներդրման, աշխատանքի արտադրողականության և այլ տեխնիկո-տնտեսական ցուցանիշների բարձրացման նպատակներ։
Ձեռնարկությունների անձնակազմի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը ենթադրում է, որպեսզի յուրաքանչյուր աշխատողին հանձնարարվի՝ նրա գիտելիքների և պրակտիկ փորձի մակարդակին համապատասխան աշխատանք։ Ուստի աշխատողներին բաշխելով ըստ աշխատատեղերի, անհրաժեշտ է ապահովել նաև, որ կատարվող աշխատանքի բարդությունը համապատասխանի կատարողի որակավորմանը։ Ձեռնարկության գործունեության աշխատանքի որակը կախված է նաև նրանից, թե որքանով են աշխատողները համապատասխանում զբաղեցրած աշխատատեղերի պահանջներին, իսկ աշխատատեղերը՝ աշխատողների որակին։
Աշխատանքային ռեսուրսների ղեկավարումը ենթադրում է նրա ռազմավարական դիրքորոշումների ու ընթացիկ պլանների կոորդինացում, արտադրանքի արտադրություն և իրացում, որակի ապահովում, զբաղվածության կարգավորում, կադրերի ընտրում, պատրաստում և տեղաբաշխում, նրանց պրոֆեսիոնալ հատկանիշների ու գործունեության գնահատում, կառավարչական աշխատանքի կատարելագործում։
Աշխատանքային ռեսուրսների ձևավորումը, նրա շարժումն ու զարգացումը, կապված է կադրային քաղաքականության մշակման ու իրացման հետ, որն իր մեջ է ներառում.
- Աշխատուժի պլանավորումը, վարձումը, արտադրության մեջ ներգրավումը և տեղաբաշխումը,
- Մասնագիտական ուսուցումը, պատրաստումը և վերապատրաստումը,
- Կարիերայի պլանավորումը, ծառայության գծով առաջ քաշումը,
- Աշխատանքի ու նրա վարձատրման կազմակերպումը, կոլեկտիվի հոգեբանական բարենպաստ կլիմայի ստեղծումը։
«Աշխատանքի գործընթաց» հասկացությունը «արտադրության գործընթաց»-ի համեմատ ավելի նեղ է։ Այն իրականացվում է աշխատանքային գործընթացների ամբողջ համալիր բազայի վրա, որոնցից յուրաքանչյուրը, պատրաստի արտադրանքի արտադրությունում որոշակի փուլ է արտահայտում։ Արտադրության գործընթացը երբեմն տեղի է ունենում առանց մարդու աշխատանքի մասնակցության՝ բնական գործոնների ազդեցության ներքո։
Գիտատեխնիկական առաջընթացի արագացումը նպաստում է աշխատանքի առարկաների կատարելագործմանը, արտադրության գործընթացում աշխատանքի բոլոր նոր առարկաների ներգրավմանը։ Չնայած գիտության և տեխնիկայի զարգացմանը, աշխատանքը չի կորցնում իր որոշիչ դերը, իսկ աշխատանքում՝ մարդն իր դերը։
Աշխատանքը հանդիսանում է տնտեսագիտական կատեգորիա, և դրա բնութագիրը որոշվում է արտադրական հարաբերություններով։