Ատլանտյան օվկիանոս
օվկիանոս / From Wikipedia, the free encyclopedia
Ատլանտյան օվկիանոս (լատին․՝ Oceanus Atlanticus), զբաղեցրած տարածքի մեծությամբ և խորությամբ Երկիր մոլորակի երկրորդ օվկիանոսն է Խաղաղ օվկիանոսից հետո։ Հյուսիսում գտնվում է Գրենլանդիայի և Իսլանդիայի միջև, Եվրոպայի և Աֆրիկայի միջև արևելքում, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի միջև արևմուտքում, իսկ Անտարկտիդան օվկիանոսի ծայր հարավում է։
Ատլանտյան օվկիանոսի մակերեսը կազմում է 91.66 միլիոն կմ²[1][2], որից մոտավորապես 16 %-ը պատկանում է ծովերին, ծոցերին և նեղուցներին։ Առափնյա ծովերի մակերեսը մեծ չէ և չի գերազանցում ընդհանուր աքվատորիայի 1 %-ը։ Օվկիանոսի ծավալը կազմում է 329.7 միլիոն կմ³, որը կազմում է Համաշխարհային օվկիանոսի ծավալի ավելի քան 25 %-ը։ Միջին խորությունը կազմում է 3736 մետր, իսկ առավելագույնը՝ 8742 մետր է[3] (Պուերտո Ռիկո)։ Ատլանտյան օվկիանոսի ջրերի միջին աղիությունը կազմում է 35 ‰: Օվկիանոսն աչքի է ընկնում խիստ կտրատված ափագծերով, որոնց շնորհիվ շատ են ծովերն ու ծոցերը։
Ատլանտյան օվկիանոսի անվանումն առաջացել է հունական դիցաբանության տիտան Ատլասի[4] անունից։