Արշակունիների թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ[1]։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Արտաշատ 52-120 Վաղարշապատ 120-330 Դվին 336-428 | |||
Մակերես | 300.000 կմ2 | |||
Լեզու | Հայերեն Հունարեն Պարսկերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հելլենիզմ Քրիստոնեություն | |||
Տոն | Նավասարդ | |||
Արժույթ | Տաղանդ | |||
Զորք | 100.000-120.000 | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Արշակունիներ | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն | ||||
- Արշակունիների թագավորության ստեղծում | 66 | |||
- Քրիստոնեության ընդունում | 301 | |||
- Մեծ Հայքի բաժանում | 387 | |||
- Գրերի գյուտ | 405 | |||
- Արշակունիների թագավորության անկում | 428 |
Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։ Նրան հաջորդել է Սանատրուկը (88-110 թթ․), որը կառուցել է Մծուրք քաղաքը[2]։ Արիանոսը նրա մասին պատմելիս նշում է, որ նա միջահասակ արքա էր, որը կատարում էր մեծ գործեր։ Նրանից հետո գահի համար պայքար է ծավալվել, որը վերջապես լուծվել է 117 թվականին, երբ գահ է բարձրացել Վաղարշ Ա-ն (117-140 թթ․)։ Նրա օրոք Շրեշ բլրի վրա գտնվող Վարդգեսավան ավանը այնքան է զարգացել, որ Վաղարշը այդ քաղաքը պարսպապատել և իր անունով կոչել է Վաղարշապատ։ Վաղարշի մահը առիթ է դարձել հռոմեացիների համար, որպեսզի հայոց գահին բազմեցնեն սեփական թեկնածուին՝ Սոհեմոսին, որը հեռավոր ազգակցական կապ ուներ Արշակունիների հետ և Հռոմի ծերակույտի անդամ էր։ Սոհեմոսը գահակալել է 2 շրջանով՝ 140-161 թթ․ և 164-185 թթ․։ 161 թվականին պարսիկներն հաջողվել է հայոց գահին բարձրացնել Բակուր Արշակունուն, որը սակայն մի քանի տարի անց՝ 163 թվականին գահընկեց է արվել և գերեվարվել Հռոմ։ 185 թվականին Արշակունյաց գահը հանձնվել է Վաղարշ Բ-ին, որը հզոր դիվանագետ և քաղաքական գործիչ էր։ Նա կարողացել է հռոմեական գահի համար պայքարող երկու թեկնածուների միջև չեզոքություն պահպանել և վտանգի տակ չդնել երկրի անկախությունը։ Այս թագավորի օրոք Արշակունյաց թագավորության գահն սկսել է անցնել հորից ավագ որդուն՝ ժառանգաբար։ Նրա մահից հետո՝ 198 թվականին գահն անցել է որդուն՝ Խոսրով Ա-ին (198-215 թթ․), որը հոր մահվան համար վրեժխնդիր է եղել լեռնացիներից, որոնց հետ պատերազմի ժամանակ զոհվել էր Վաղարշ Բ-ն։ Վաղարշը դավադրաբար սպանվել է Հռոմի Կարակալա կայսեր կողմից։ Գահն անցնել է Տրդատ Բ-ին, որը գահակալել է 216-252 թվականներին։ Նրա օրոք Արշակունյաց թագավորությունը նորից հզորացել է։ 226 թվականին Պարսկաստանում տեղի է ունեցած հեղաշրջման ժամանակ այնտեղ իշխող Արշակունիները, որոնք բարեկամ էին հայ Արշակունիներին, զրկվել են իշխանությունից, և իշխանությունն անցել է Սասանյան պարսիկներին։ Նրանց օգնելու համար նույն թվականին Տրդատ Բ-ն արշավել է Տիզբոն և հաղթանակ տարել պարսիկների նկատմամբ, սակայն դա չի փրկել պարթև արշակունիներին։ Ի վերջո 252 թվականին պարսիկների ճնշման տակ Տրդատ Բ-ն հեռացել է Հռոմեական կայսրություն։ Տրդատ Բ-ի մահից հետո Հայաստանում իշխում էր Արտավազդը, որին հաջորդում է Խոսրով Բ-ն։ Հենց նրա սպանությունից հետո էլ Հայաստանում սկսվել է «ժամանակ անիշխանության», որը տևել է շուրջ 26 տարի։ Այս ընթացքում պարսիկները Հայաստանում գահ են բարձրացրել պարսկական գահի թագաժառանգներին։
Ի վերջո 287 թվականին Հռոմից վերադարձել է Խոսրով Բ-ի որդին՝ Տրդատ Գ Մեծը, որը կարողացել է 298 թվականին Մծբինի պայմանագրով վերջնականապես հաստատվել հայոց գահին։ Նրա օրոք՝ 301 թվականին Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Նա գահակալել է մինչև 330 թվականը, որից հետո գահն անցել է Խոսրով Կոտակին, որը հայտնի է իր տնկած առաջին արհեստական անտառներով․ այդ անտառը ներկայումս կրում է նրա անունը՝ Խոսրովի անտառ։ Խոսրովը կառուցել է Դվինը և դիմակայել պարսիկների մի շարք ոտնձգումների։ Խոսրովից (330-338 թթ․) հետո գահին է բազմել Տիրանը (338-350 թթ․): Նա դեռևս հեթանոսական սովորություններով ապրող արքա էր, ինչի պատճառով էլ սրվել են արքայի և Հուսիկ կաթողիկոսի հարաբերությունները։ Այս ամենը պատճառ է դարձել, որ Հուսիկ Ա կաթողիկոսն արքայի հրամանով սպանվի։ Ի վերջո Տիրանը կուրացվել է պարսիկ արքայի կողմից և գահը թողել իր որդուն՝ Արշակ Բ-ին, որը դարձել է Արշակունիների թագավորության ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա տարիներ շարունակ դիմակայել է պարսիկների արշավանքներին, սակայն ի վերջո պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացի կողմից խաբվելով՝ գնացել է Տիզբոն և նետվել Անհուշ բերդ։ Այս ժամանակ Հռոմից Հայաստան է վերադարձել երիտասարդ արքա Պապը, որը վերականգնել է Հայաստանի անկախությունը և իշխել 370-374 թվականներին։ Նա 371 թվականին հաղթանակ է տարել Ձիրավի ճակատամարտում, ապա մի շարք բարեփոխումներ սկսել, որոնց թվում էր նաև եկեղեցական հողերի կրճատումը, նաև նրա օրոք Հայոց կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել Մեծ Հայքում։374 թվականին նա սպանվեց, Հռոմի Վաղես կայսեր հրամանով։ Նրանից հետո Արշակունիների թագավորությունը սկսել է թուլանալ։
Միմյանց հաջորդել են թույլ արքաներ՝ Վարազդատ, Արշակ Գ, Խոսրով Դ, որոնց թագավորության ժամանակաշրջանում՝ 387 թվականին տեղի է ունեցել Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև։ 405 թվականին՝ Վռամշապուհ արքայի գահակալման շրջանում, տեղի է ունեցել ազգահպահպան նշանակություն ունեցող մի գյուտ՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծվել են հայոց գրերը։ Ի վերջո Արշակունիների թագավորությունը վերջնականապես անկում է ապրել Արտաշես Դ-ի օրոք՝ 428 թվականին։