Պատճենում (լեզվաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Պատճենում, փոխառության եղանակ, ձև, երբ լեզվական միավորը՝ բառը, կայուն բառակապակցությունը, դարձվածաբանական միավորը, արտահայտությունը (երբեմն նաև նախադասությունը) ստեղծվում է այլ լեզվի համապատասխան միավորի կազմության կաղապարով, նրա ընդօրինակմամբ. ընդ որում այդ փոխառությունը կարող է իրացվել միայն իմաստով, կամ նաև կազմության կաղապարով։ Կաղապարող տարրերն այս դեպքում մայրենի բառակազմական նյութից են կամ և՛ մայրենի, և՛ այլալեզու միավորներից։ Ըստ լեզվական միավորների փոխառության տեսակի և եղանակի զանազանում են պատճենման մի քանի տեսակներ՝ բառային (բառապատճենում), դարձվածքային, իմաստային, կառուցվածքային (բառակազմական, կաղապարային), նաև շարահյուսական, երբեմն առանձնացնում են նաև մասնակի պատճենում (կիսապատճենում)[1]։
Բառապատճենումները դրսևորվում են իմաստային կամ կառուցվածքային եղանակներով, կարող են լինել լրիվ (լիակատար) և մասնակի։