«Բաքոս և Արիադնե» (իտալ.՝ Bacco e Arianna), վենետիկյան նկարիչ Տիցիանի նկարը, որն ստեղծվել է 1520-1523 թվականներին[4]։ Կտավը ներառված է դիցաբանական թեմայով նկարների շարքում, որոնք ստեղծվել են Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի համար։ Գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Արագ փաստեր Բաքոս և Արիադնե, տեսակ ...
Փակել

Պատմություն

Նկարը նախատեսված է եղել Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի դղյակի զարդարման համար, որը ձևավորված էր դասական դիցաբանական թեմատիկ պատկերներով։ Ռաֆայել Սանտիին պատվիրել են ստեղծել կտավ «Բաքոսի հրճվանքը» թեմայով։ Սակայն Ռաֆայելը մահացել է 1520 թվականին՝ կարողանալով կատարել միայն նախնական նկարը, և պատվերը փոխանցվել է Տիցիանին։ Նկարիչը սյուժեն վերցրել է հին հռոմեացի բանաստեղծներ Կատուլլուսի և Օվիդիուսի ստեղծագործություններից։ 1806 թվականին նկարը հայտնվել է Միացյալ Թագավորությունում և հիշատակվել է Ջոն Քիթսի «Ներբող սոխակին» (1819) բանաստեղծությունում։

Վերականգնում

Կտավը ստեղծումից հետո առաջին հարյուրամյակի ընթացքում երկու անգամ փաթաթվել է, ինչը հանգեցրել է նկարի համար աղետալի հետևանքների։ 1806 թվականին նկարը հասել է Մեծ Բրիտանիա, և սկսած 19-րդ դարի վերջից՝ մշտապես վերականգնվել է։ 1967-1968 թվականների ռեստավրացիաները, որոնք տեղի են ունեցել Լոնդոնի ազգային պատկերասրահում[5], երբ հանվել է ժամանակից խունացած լաքը, հանգեցրել է նրան, որ ներկը ևս գունաթափվել է։ Արդյունքում անհրաժեշտ է եղել լրացուցիչ ներկապատում, ինչն զգալիորեն փոխել է երկնքի գույնի մակերեսը։ Լաքի հանելը քննադատվել է նաև այն բանի համար, որ փոխվել է Տիցիանի գունային նախնական մտահղացումը, սակայն պատկերասրահը հայտնել է, որ դա անհրաժեշտ է եղել լաքի ծածկույթի քայքայման պատճառով։

Սյուժե

Բաքոս աստվածը (հին հունական դիցաբանությունում՝ Դիոնիսոս) հայտնվում է նկարի աջ կողմում։ Առաջին հայացքից սիրահարվելով Արիադնեին՝ նա հայտնվում է երկու հեպարդներով երկանիվով (Կատուլլուսի բնօրինակ տեքստում՝ ընձառյուծներ)։ Արիադնեին Նաքսոս կղզում նոր-նոր էր լքել հույն հերոս Թեսևսը, նրա նավը դեռ երևում է հեռվում։ Կտավին պատկերված է աստծու անսպասելի հայտնվելուց Արիադնեի վախի պահը։ Ըստ առասպելի՝ Բաքոսը հետո տանում է նրան երկինք և դարձնում Հյուսիսային թագ համաստեղությունը, որը խորհրդանշորեն պատկերված է նկարում (երկնքում Արիադնեի գլխավերևում)։

Նկարի հորինվածքը անկյունագծով բաժանված է երկու եռանկյունու. մեկը՝ անշարժ կապույտ երկինքն է, որի համար Տիցիանն օգտագործել է թանկարժեք լապիս լազուրիտ, երկու սիրահարները և երկրորդը՝ ամբողջովին շարժական բնապատկերը՝ Բաքոսին ուղեկցող կերպարների կանաչ և շագանակագույն տոներով։ Հետաքրքիր է, որ մարտակառքն ուղեկցող մարմինների մեջ առանձնանում է մեկը, որն ակնհայտորեն ոգեշնչված է Լաոկոոնի և նրա որդիների արձանից, որը 1506 թվականին նկարի ստեղծումից որոշ ժամանակ առաջ էր հայտնաբերվել։

Նկարը ներառվել է Ջովաննի Բելլինիի («Աստվածների երկրպագությունը», 1514), Տիցիանի և Դոսսո Դոսսիի դիցաբանական թեմաներով դքսի պատվերով կտավների շարքում հավանաբար պալատական գիտնականներից մեկի հանձնարարականով։ Ալֆոնսո I դ՛Էստեն 1510 թվականին ցանկացել է պալատական հավաքածուում ներառել նաև Միքելանջելոյի և Ռաֆայելի նկարները։ Այդ նկարը Ռաֆայելն սկսել է մահից կարճ ժամանակ առաջ, և ավարտին է հասցրել Տիցիանը։ Ընդհանուր առմամբ դքսի պալատի համար 1518-1525 թվականներին Տիցիանը նկարել է երեք կտավ։

Զանգվածային արվեստում

  • Նկարի մեծ հատված (առանց Արիադնեի) օգտագործվել է կանադական երաժշտական Crash Test Dummies խմբի 1993 թվականի «God Shuffled His Feet» ալբոմի ձևավորման համար։
  • Նկարը հայտնվել է 2006 թվականի «V նշանակում է Վենդետա» ֆիլմում։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.