Բեթղեհեմյան աստղ
From Wikipedia, the free encyclopedia
Բեթղեհեմյան աստղ, Բեթղեհեմի աստղ, սուրբծննդյան աստղ[1], Հիսուս Քրիստոսի ծնունդը մոգերին ավետող աստղ, որը մոգերին առաջնորդել է Բեթղեհեմ։ Աստղը հիշատակված է միայն Մատթեոսի ավետարանի սուրբծննդյան պատմության մեջ, որում արևելքի աստղաբանները, ոգեշնչված աստղով, ուղևորվում են Երուսաղեմ[2]։ Այնտեղ նրանք հանդիպում են Հուդայի թագավոր Հերովդեսին և հարցնում, թե որտե՞ղ է ծնվել հրեաների թագավորը։ Հերովդեսը մեջբերում է Միքիայի գրքի մարգարեությունը, ուղղորդում նրանց Երուսաղեմից հյուսիս՝ Բեթղեհեմ։ Աստղը առաջնորդել է մոգերին դեպի Հիսուսի տուն, որտեղ մոգերը երկրպագել են նրան և ընծաներ տվել։ Այնուհետև իմաստունները աստվածային զգուշացում են ստացել չվերադառնալ Հերովդեսի մոտ, որի պատճառով տուն վերադարձել են այլ ուղով[3]։
Շատ քրիստոնյաներ համարում են, որ աստղը Մեսիայի կամ Քրիստոսի ծնունդը փաստող կախարդական նշան է։ Որոշ աստվածաբաններ կարծում են, որ աստղն իրականացրել է մարգարեությունը[4], և անվանել այն Մարգարեության աստղ[5]։ Աստղագետները փորձեր են կատարել աստղը կապել աստղագիտական գործընթացների հետ, ինչպիսին օրինակ՝ գերնոր աստղերն են, երկնաքարը կամ Յուպիտերի և Սատուրնի միացումը[6][7]։
Շատ ժամանակակից գիտնականներն աստղի հայտնվելը չեն համարում պատմական փաստ, այլ՝ մի ավանդություն, որը ստեղծել է Մատթեոս ավետարանիչը[8]։
Այս թեման շատ տարածված է սուրբծննդյան մոլորակացույցային շոուներում[9]։ Աստվածաշնչում Հիսուսը նկարագրվում է ավելի լայն իմաստ ունեցող հունարեն բառով, որը նշանակում է «մանուկ» կամ «երեխա» (paidon), քան ավելի նեղ իմաստ ունեցող «մանուկ»՝ brephos բառով, որը հավանաբար ցույց է տալիս, որ Հիսուսի ծննդից որոշ ժամանակ է անցել։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մոգերի այցը, Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը նշում է հունվարի 6-ին[10]։