Գալակտիկաներ
From Wikipedia, the free encyclopedia
Գալակտիկաներ (հին հունարեն. Γαλαξίας՝ կաթնային), գրավիտացիոն ուժով կապված համակարգեր՝ բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից և փոշուց, մութ նյութից, մոլորակներից։ Գալակտիկայի կազմի մեջ մտնող բոլոր օբյեկտները մասնակցում են ընդհանուր զանգվածների կենտրոնի նկատմաբ շարժմանը[1][2]։
Բոլոր գալակտիկաները (բացի մեր գալակտիկայից) չափազանց հեռու տիեզերական օբյեկտներ են։ Ամենամոտ գալակտիկաների հետ հեռավորությունը չափվում է մեգապարսեկներով, ամենահեռուներինը՝ z կարմիր շեղմամբ։ 2012 թ.- դեկտեմբերի տվյալով ամենահեռու գալակտիկան համարվում է UDFj-39546284: Անզեն աչքով երկնքում կարելի է տեսնել միայն 4 գալակտիկա՝ Անդրոմեդան (հյուսիսային կիսագնդում), Մեծ և Փոքր Մագելանի Ամպերը (երևում են հարավային կիսագնդից, հանդիսանում են մեր գալակտիկայի արբանյակները), և Եռանկյունի համաստեղության M33 գալակտիկամ (հյուսիսային կիսագնդում չլուսավորված երկնքում)։
Տիեզերքի դիտվող մասում գալակտիկաների հստակ թիվ հայտնի չէ, բայց ենթադրվում է, դրանք մոտ 2 տրիլիոնի կարգի են։ Տարածությունում գալակտիկաները բաշխված են անհավասարաչափ՝ մի հատվածում կարելի է հայտնաբերել մոտ գալակտիկաների ամբողջական խումբ, բայց և կարելի ընդհանարապես չհայտնաբերել (այսպես կոչված վոյդեր, կամ բաց տարածություններ)[3]։
Գալակտիկաների նկարներում առանձին աստղեր առանձնացնելն անհնար էր մինչև 20-րդ դարի սկիզբը։ 1990-ական թվականների սկզբին հաշվվում էին մոտ 30 գալակտիկաներ, որոնցում հնարավոր էր տեսնել առանձին աստղեր, և դրանք բոլորը մտնում էին Տեղային խմբի մեջ։ Տիեզերական Հաբլ աստղադիտակի թողարկումից և 10 մ-ոց երկրային աստղադիտակների կառուցումից հետո դրանց թիվը կտրուկ աճեց[3]։
Գալակտիկաներն առանձնանում են մեծ բազմազանությամբ՝ դրանց մեջ կարելի է առանձնացնել գնդաձև էլիպտիկ գալակտիկաներ, սկավառակաձև պարուրաձև գալակտիկաներ, միջուկով սպիրալաձև գալակտիկաներ, ոսպնյակաձև, անկանոն և այլն։ Եթե խոսենք թվային արժեքներից, օրինակ զանգվածից, ապա այն գնահատվում է 107 միչև 1012 Արեգակի զանգված, օրինակի համար մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինի զանգվածը գնահատվում է 2·1011 Արեգակի զանգված[4][5]։
Գալակտիկաների տրամագծերը 5-250 կպկ են (16-800 հզ լուսատարի), օրինակ Ծիր Կաթինի տրամագիծը մոտ 30 կպկ է (100 հզ․ լուսատարի)։ Դեռևս հայտնի ամենամեծ գալակտիկայի՝ IC 1101-ի տրամագիծը գնահատվում է 600 կպկ[6][7]։
Գալակտիկաների կառուցվածքի չլուծված խնդիր է հանդիսանում մութ նյութը, որը դրսևորվում է միայն գրավիտացիոն փոխազդեցության ժամանակ։ Այն կարող է զբաղեցնել գալակտիկայի ամբողջ զանգվածի 90 %-ը, և կարող է բացակայել, ինչպես որոշ գաճաճ գալակտիկաներում[5]։