From Wikipedia, the free encyclopedia
Գժեգոժ Յակոբ Պիրամովիչ (Գրիգոր Հակոբի Փիրումյան), (լեհ.՝ Grzegorz Piramowicz, հոգևոր անունը՝ Վինցենտի, նոյեմբերի 25, 1735 կամ 1735[1][2][3], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - նոյեմբերի 14, 1801 կամ դեկտեմբերի 29, 1801[1], Մենձիժեց-Պոդլասկի, Biała Podlaska County, Լեհաստան[4]), հայազգի լեհ մանկավարժ, լուսավորիչ, գրող, քարոզիչ, թարգմանիչ, կաթոլիկ եկեղեցու գործիչ[5][6]։
Գժեգոժ Պիրամովիչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1735 կամ 1735[1][2][3] |
Ծննդավայր | Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | նոյեմբերի 14, 1801 կամ դեկտեմբերի 29, 1801[1] |
Մահվան վայր | Մենձիժեց-Պոդլասկի, Biała Podlaska County, Լեհաստան[4] |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրոն | կաթոլիկություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Lviv Jesuit College? |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ և ուսուցիչ |
Անդամություն | Գիտության ընկերների վարշավյան ընկերություն և Targowica Confederation? |
Grzegorz Piramowicz Վիքիպահեստում |
Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Սովորել է Լվովի ճիզվիտական ճեմարանի փիլիսոփայական բաժանմունքում, ավարտել Լվովի աստվածաբանական ակադեմիան (1760-1764), նույն ակադեմիայում դասավանդել բարոյական աստվածաբանություն և տրամաբանություն (1770-1773)։ Մինչ այդ ուսուցչություն է արել է եղել Ժիտոմիրի, Յուրևիչիի դպրոցներում, Լուցկի քոլեջում և այլ քաղաքներում։ 1763 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է քահանա։ 1764 թվականի աշնանից եղել է Կրեմենցի ճիզվիտական կոլեգիումի բարոյական աստվածաբանության պրոֆեսոր, քարոզիչ։ 1767 թվականին Լվովի կոշտելյան (բերդակալ իշխան) Յուզեֆ Պոտոցկու երեք որդիների հետ, որոնց խնամակալն էր դարձել նրանց հոր մահից հետո, մեկնել է Իտալիա՝ ուսումնական նպատակներով։ Մինչև 1770 թվականի աշուն մնացել են Հռոմում, որտեղ խնամարկյալ տղաները դասերի են հաճախել ճիզվիտական կոլեգիումում, իսկ Պիրամովիչը բարոյական աստվածաբանություն է դասախոսել այդտեղ։ Հենց Հռոմում էլ նա ծանոթացել է Իգնացի Պոտոցկու հետ։
1771 թվականի ամռանը Իտալիայից վերադարձել են Լեհաստան՝ Լվով, որտեղ Պիրամովիչը կատարել է փիլիսոփայության պրոֆեսորի, կարճ ժամանակ անց՝ նաև տաճարի քարոզչի պարտականությունները։ 1773 թ. օգոստոսին նրան ներկայացրել են թագավորին՝ պալատում կազմակերպված «գիտական ճաշի» ժամանակ, և այդուհետ նա հաճարակի մասնակցել է գրական հինգշաբթիներին ու մշտապես հանդես եկել որպես ոչ պաշտոնական «Ուրախ ու օգտակար խաղերի» (լեհերեն՝ "Zabaw Przyjemnych i Pożytecznych") հեղինակ։ Վայելելով հրաշալի, գերազանց պրոֆեսորի համբավ՝ Պիրամովիչը հաճախ է մասնավոր դասեր պարապելու գերշահավետ, գայթակղիչ առաջակներ ստացել, բայց միշտ մերժել է դրանք՝ բավարարվելով Իգնացի Պոտոցկու անձնական քարտուղարի պաշտոնով (իսկ վերջինս նշանակվել էր նորաստեղծ Ազգային կրթության հանձնաժողովի քարտուղար)։ Պիրամովիչը մասնակցել է Ազգային կրթության հանձնաժողովի կանոնադրության վերջնական խմբագրման աշխատանքներին (1773 թվականի հոկտեմբերի 24-ից), դարձել համահեղինակը «Կանոնադրական դրույթներ գավառական դպրոցների համար» հրահանգչական գրքի (1775 թ.) (լեհերեն՝ "Przepisu na szkoły wojewódzkie"), որը դպրոցական ծրագրերի հիմք է հանդիսացել մինչև Ազգային կրթության հանձնաժողովի գործունեության ավարտը։
1779-1780 թվականներին եղել է Կրակովի բարձրագույն թագավորական դպրոցի փիլիսոփայության պրոֆեսոր, ընտրվել Հռոմի Արկադի Լեոպոլդյան ակադեմիայի անդամ։
1794 թվականից, այն բանից հետո, երբ Կոսցյուշկոյի ղեկավարած ապստամբությունը ճնշվել է, Պիրամովիչն ստիպված է եղել լքել Լեհաստանը, ապրել վտարանդիության մեջ։
1797—1800 թթ. գտնվել է ավստրիական ոստիկանության հսկողության տակ, Կրակովում։ Այդուհանդերձ՝ մասնակցել է Գրքի բարեկամների վարշավյան ընկերության աշխատանքներին։
Պիրամովիչը մեծ ծառայություններ ունի Լեհաստանում ժողովրդական լուսավորության արմատավորման ու ծավալման գործում։ Եղել է երկրի դպրոցների տեսուչ, «Ազգային կրթության հանձնաժողովի» (Ռեչ Պոսպոլիտայի ժամանակ կրթական գործը ղեկավարող մարմին, 1773–94) և «Տարրական դասագրքերի ընկերության» քարտուղար, «Գիտությանց բարեկամների ընկերության» անդամ։ «Ծխական դպրոցի ուսուցչի պարտականությունները» (1787), «Պերճախոսություն և արվեստ քերթության ազգային դպրոցների համար» (1792), «Ծիսակարգերի գիտություն ժողովրդի համար» (1802) և այլ աշխատություններում առաջ է քաշել ուսուցման սխոլաստիկ ձևերն ու մեթոդները վերանայելու, ֆիզիկական վարժանքներ արմատավորելու և այլ կարևոր հարցեր։
Իր գործունեության ընթացքում, որ նպատակաուղղված էր Լեհաստանում լուսավորության ազգային համակարգի վերածննդի ապահովմանը, առանձնահատուկ ուշադրություն է նվիրել ժողովրդական դպրոցների ստեղծմանն ու դրանցում մանկավարժական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Նրա խմբագրությամբ լույս են ընծայվել ծխական դպրոցների այբբենարան, ճարտասանության դասագիրք, մանուկների ու պատանիների համար բանաստեղծությունների ժողովածուներ... Նրա հեղինակած և բազմիցս վերահրատարակված «Բարոյագիտություն ժողովրդի համար» (1785) և «Ուսուցչի պարտականությունները» (1787) գրքերում հանգամանորեն վերլուծված են ծխական դպրոցների դերն ու անելիքները ժողովրդական կրթության գործում և դրա հետ կապված՝ ուսուցիչների խնդիրներն ու պարտականությունները, զետեղված է նաև տարրական կրթության մեթոդաբանությունը։ Պիրամովիչը շեշտում էր, որ ուսուցիչը միաժամանակ պետք է լինի հասարակական եռանդուն գործիչ, գյուղացիների շահերը ներկայացնող անձ։ Նա ծխական դպրոցներում մտցնել է տվել բարոյագիտության դասեր, որոնք պիտի ծառայեին սովորողներին հայրենասիրության, քաղաքացիական ակտիվության ոգով դաստիարակելու նպատակին։
Պիրամովիչի համոզմամբ՝ ուսումնական նյութի գիտակցակբար յուրացումը, դասապրոցեսում զննականության կիրառումը նպաստում են խոր ու կայուն գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերմանը։ Նա մեծ տեղ էր հատկացնում նաև աղջիկների, կանանց կրթության ու դաստիարակության գործի կազմակերպմանը։
Այս ամենի հետ մեկտեղ նա ինչպես գեղարվեստական, այնպես էլ գիտական բազմաթիվ թարգմանություններ է կատարել։
Նրա գործունեության մասին գրվել է ավելի քան 40 գիտական հոդված ու աշխատություն։
Գդանսկում, Գլիվիցեում, Կենձեժին-Կոզլեում, Կելցեյում, Կուրովում, Լոձում, Նովի Սոնչում, Պուլավիում, Ռադոմսկոեում, Շչեցինում, Վրոցլավում և Վարշավայում կան ի պատիվ Գժեգոժ Պիրամովիչի անվանակոչված փողոցներ։ Բացի այդ, լեհական քաղաքների ու գյուղերի բազմաթիվ դպրոցներ ևս կրում են նրա անունը։
Ռեչ Պոսպոլիտայի Ազգային կրթության հանձնաժողովի կանոնադրության համահեղինակն է և խմբագիրը։
Գժեգոժ Պիրամովիչը նաև գեղարվեստական թարգմանություններ է կատարել լատիներենից ու ֆրանսերենից։ Հրատարակել է Լիշնևսկու «Carmen nuptiale illustrissimis excellentissimisque sponsis Joanni Chodkiewicz, senatorio Samogitiae praefecto… et Ludovicae Rzewuska, lectissimae palatini Cracoviensis, campestris copiarum Regni ductoris filiae» գիրքը (1766), «Լատինական հեքիաթների ընտրանի լեհերեն ու ֆրանսերեն» (1767) և այլ գրքեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.