Գլխավոր գործադիր տնօրեն
From Wikipedia, the free encyclopedia
CEO (անգլ.՝ chief executive officer, բառացիորեն՝ գլխավոր գործադիր տնօրեն), տնօրեն, ընկերության բարձրագույն պաշտոնյա, որը գոյություն ունի անգլո-սաքսոնական տնտեսական մոդել ունեցող երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն)։ Կիրառվում է պետական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և կորպորացիաներում։ Գլխավոր գործադիր տնօրենը ընդունում է ընդհանուր պատասխանատու որոշումներ, որոնք պետք է ապահովեն ընկերության կայուն աճը։ Փաստացի, յուրաքանչյուր կոնկրետ կազմակերպության համար գլխավոր գործադիր տնօրենի նշանակման/ազատման պարտականությունները և կարգը որոշվում են նրա ներքին կանոնակարգերով և կանոններով։
Համաձայն կառավարման տեսության՝ գլխավոր գործադիր տնօրենի հիմնական գործառույթն ընկերության և արտաքին միջավայրի (հասարակության, տնտեսության, տեխնոլոգիաների, շուկայի և սպառողների) միջև կապող օղակ հանդիսանալն է։ Այսպիսով, այս պաշտոնը ստանձնող անձի խնդիրների և պարտականությունների շրջանակը ընդգրկում է ընկերության գործողությունների համապատասխանության ապահովումը տարբեր արտաքին շահառուների չափանիշներին և ստանդարտներին։