Գլոբալացում
միջազգային ինտեգրման գործընթաց, որն առաջ է գալիս աշխարհայացքների, գաղափարների կամ մշակութային այլ դրսևորումների փոխանակման արդյունքում / From Wikipedia, the free encyclopedia
Գլոբալացում կամ համաշխարհայնացում, ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժը։ Այն երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղորդակցումից[1]։ Գլոբալացմանը նպաստում են տրանսպորտային միջոցների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը[2][3][4]։ Չնայած շատ գիտնականներ գլոբալացումը վերագրում են ժամանակակից աշխարհին, ուրիշները կարծում են, որ այն սկսվել է դեռևս Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանից և դեպի Նոր աշխարհ ճանապարհորդություններց առաջ, ոմանք նույնիսկ կարծում են, որ այն սկսվել է Ք.ա. 3-րդ հազարամյակում[5][6]։ Գլոբալացումը մեծ մասշտաբների է հասել 1820-ականներին[7]։
XIX դարի վերջում և XX դարի սկզբում աշխարհի երկրների տնտեսական և մշակութային կապը մեծացավ։ Գլոբալացում տերմինը ի հայտ է եկել 1970-ական թվականներին[8]։
2000 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը ճանաչեց գլոբալացման չորս տեսակետ՝ առևտուր և գործարքներ, կապիտալի և ներդրման շարժեր, միգրացիա և մարդկանց տեղաշարժ և կրթության տարածում և սերմանում[9]։ Գլոբալացման հետ կապված են նաև գլոբալ տաքացումը, ջրի և օդի աղտոտվածությունը, օվկիանոսի գերբնակեցումը ձկներով։ Գլոբալացման գործընթացը ազդում է բիզնես կազմակերպությունների, տնտեսության, սոցիալ-մշակութային ռեսուրսների և բնական միջավայրի վրա[10]։
Ակադեմիական գրականությունը գլոբալացումը բաժանում է երեք հիմնական տեսակի՝ տնտեսական, մշակութային և քաղաքական գլոբալացում[11]։