Դալթոնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Դալթոնիզմ (լատին․՝ Daltonismus), գունաշփոթություն, մասնակի գունակուրություն, գունային տեսողության 1794 թվականին նկարագրել է անգլիացի գիտնական Ջոն Դալթոնը (ինքը տառապել է այս արատով)։ Հիվանդանում են տղամարդկանց մոտ 8%-ը, կանանց՝ 0,5%-ը։
Դալթոնիզմ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բուժաքննություն | Ishihara Test? |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
Անվանվել է | Ջոն Դալթոն |
Color blindness Վիքիպահեստում |
Ենթադրվում է, որ աչքի ցանցաթաղանթում կա 3 տարր, և բնականոն, այսպես կոչված՝ տրիքրոմատիկ գունազգայության դեպքում դրանցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից (կարմիր, կանաչ, մանուշակագույն) մեկը։ Վերոհիշյալ տարրերից որևէ մեկի քայքայումն առաջացնում է մասնակի գունակուրություն (դիքրոմիա)։ Դիքրոմազիայով տառապողներից ոմանք չեն տեսնում կարմիր գույնը (պրոտանոպիա), ոմանք՝ կանաչ գույնը (դեյտերանոպիա)։
Պրոտանոպիայի դեպքում կարմիր գույնը շփոթում են մուգ կանաչի, մուգ դարչնագույնի, իսկ կանաչ գույնը՝ բաց մոխրագույնի, բաց դեղինի և բաց դարչնագույնի հետ։
Դեյտերանոպիայի դեպքում կանաչ գույնը շփոթում են բաց նարնջագույնի, բաց վարդագույնի, բաց դարչնագույնի հետ։
Մանուշակագույնի նկատմամբ գունակուրություն լինում է հազվադեպ, ընդ որում սպեկտրի բոլոր գույներն ընկալում են որպես կարմիր կամ կանաչ գույնի երանգներ։
Բնածին գունակուրության բոլոր ձևերը փոխանցվում են ժառանգաբար։ Կանայք են հանդիսանում այդ հատկանիշի փոխանցողները, չնայած պահպանում են բնականոն տեսողությունը։ Ձեռքբերովի գունակուրությունը կարող է առաջանալ տեսողության օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ժամանակ։ Գունազգայության խանգարումներն ախտորոշում են հատուկ աղյուսակների կամ սպեկտրային սարքերի միջոցով։ Գունային տեսողության հետազոտումը կարևոր նշանակություն ունի տրանսպորտում, ավիացիայում, ծովային ծառայությունում, քիմիական, տպագրական, տեքստիլ և արդյունաբերության այլ ճյուղերում աշխատող մասնագետների ընտրության ժամանակ։ Դալթոնիզմը բուժման ենթակա չէ։