From Wikipedia, the free encyclopedia
«Էննի Ռոջերսը և Մերի Ջեքսոնը «Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը» տեսարանում» (անգլ.՝ Annie Rogers and Mary Jackson as Queen Eleanor and Fair Rosamund), Լուիս Քերոլի (Չառլզ Լյուտվիջ Դոջսոնի, 1832-1898) բեմադրական նկարը։ Պատկերում է Անգլիայի միջնադարյան պատմության լեգենդար դրվագներից մեկը։
Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը | |
---|---|
տեսակ | Լուսանկար |
նկարիչ | Լուիս Քերոլ |
տարի | հուլիսի 3, 1863 |
հավաքածու | Գիտության պատմության թանգարան |
Ծանոթագրություններ |
«Էննի Ռոջերսը և Մերի Ջեքսոնը «Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը» տեսարանում» լուսանկարն ստեղծվել է 1863 թվականի հուլիսի 3-ին։ Նկարի երկարությունը 206 միլիմետր է, լայնությունը՝ 152 մմ։ Լուսանկարը վերևից երիզված է կիսակլոր կամարով։ Գույնը սեպիա է։ Լուսանկարահանման ենթադրյալ վայրը Օքսֆորդն է՝ Badcock’s Yard, St Aldates։ Հենց լուսանկարի վրա գտնվում է «June 1862» գրությունը, սակայն դա համարվում է սխալ և ավելի ուշ արված, քանի որ հակասություն է ստեղծվում լուսանկարում պատկերված աղջիկների տարիքի հետ կապված։ Ստեղծված է կոլոդիոնային նեգատիվից ալբումինի տպագրության տեխնիկայով, լուսանկարին կցված է նվիրողի մեքենագրված տեքստով թղթապանակ[1]։
Երբ լուսանկարը պատրաստ է եղել, Քերոլն Էննիին մի փոքրիկ բանաստեղծության հետ ուղարկել է լուսանկարի պատճենը, որտեղ որոշ տողեր նշված են եղել լատինական այբուբենի տառերով.
«Իմ սիրելի Էննի,
Ես ուղարկում եմ քեզ
B այնպիսին, ինչպիսին դու կցանկանայիր...»
А պատկեր, որը, հույս ունեմ, կլինի- [2]Բնօրինակ տեքստ (անգլ.)"My dear Annie,
I send you
— Your affectionate friend, C. L. Dodgson"
A picture, which I hope will
B one that you will like to
C If your Mamma should
D sire one like it, I could
E sily get her one.
Հայտնի է, որ լուսանկարի պոզիտիվը ներառված է եղել գրողի № 2 անձնական ալբոմում։ Լուսանկարի նույնականացման ցուցիչը/ նեգատիվը՝ Z-PH-LCA-II.92։ Ալբոմում գտնվել է 92-րդ էջում[3]։ Քերոլի ստեղծած բոլոր մանկական դիմանկարները նրա կտակի համաձայն տրվել են բնորդների ընտանիքներին[4]։ Այդ պատճառով Քերոլի լուսանկարները ցրվել են և կորել մասնավոր հավաքածուներում։ 1945 թվականին հավաքորդ, պատմաբան, լուսանկարիչ Հելմուտ Գերնսհայմն առաջարկ է ստացել՝ գնել մանկական լուսանկարների ալբոմ (ըստ վաճառողի՝ լուսանկարները «քաղված են նկուղում գտնվող գրքերի կույտից»), որի հեղինակը, հնարավոր է, եղել է Լուիս Քերոլը։ Դրա համար ոչ մի ապացույց չի եղել, սակայն Գերնսհայմը Բրիտանական թանգարանում համեմատել է լուսանկարների ստորագրությունները Քերոլի հայտնի մակագրությունների հետ և համոզվել, որ դրանք պատկանում են գրողին[5]։
Ներկայումս լուսանկարը գտնվում է Օքսֆորդի գիտության պատմության թանգարանի հավաքածուում։ Թանգարանին այն փոխանցել է դոկտոր Բերտրան Ռոջերսը 1937 թվականի դեկտոմբերին։ Թանգարանի ամենամյան հաշվետվության մեջ հիշատակվում է 1939 թվականից, սակայն այդ հիշատակման մեջ չկա գրություն ձեռքբերման գրանցման փաստի մասին։ Նվիրողը եղել է պատկերված աղջիկներից մեկի՝ Էննի Ռոջերսի ազգականը, որը մահացել էր 1937 թվականի հոկտեմբերի 28-ին, ինչից հետո Բերտրանը որոշել էր լուսանկարը նվիրել թանգարանին։ Ինվենտարային համարն է 30302[1]։
Ռոզամունդ դե Քլիֆորդը (անգլ.՝ Rosamund de Clifford, իրական անունը՝ Ջոան դե Քլիֆորդ, անգլ.՝ Joan de Clifford, մահացել է 1176 թվականին) եղել է անգլոսաքս-նորմանդացի մեծատոհմիկ աստիճանավոր Ուլթեր Ֆից-Ռիչարդ դե Քլիֆորդի և Մարգարիտ դե Տոսնայի դուստրը, Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի սիրուհին։ Իր գեղեցկության համար ստացել է «Հիասքանչ Ռոզամունդ» (անգլ.՝ Fair Rosamund) և «Աշխարհի վարդ» (անգլ.՝ Rose of the World) մականունները։ Ռոզամունդը անունը հավանաբար եկել է «աշխարհի վարդ» արտահայտության լատիներեն տարբերակից՝ լատին․՝ rosa mundi[6]։ Մոտ 1163 թվականին նա ծանոթացել է թագավոր Հենրի II-ի հետ, իսկ 1166 թվականին նրանց միջև սիրավեպ է սկսվել։ Հենրին սիրուհուն տեղավորել է Վուդսթոք պալատում։ Սակայն մինչև 1174 թվականը Հենրի II-ի հետ նրա կապի մասին քչերը գիտեին[7][8][9]։ 1174 թվականին սիրավեպը հայտնի է դարձել։ Ալիենորա Ակվիտանացին (Էլեանորա)՝ Հենրի II թագավորի կինը, որը մասնակցել էր որդիների ապստամբությանն ընդդեմ ամուսնու, գերի է ընկել նրան և բանտարկվել Սոլսբերիում, ինչից հետո թագավորն սկսել է բացահայտ ժամանակն անցկացնել Ռոզամունդի հետ։ Նա դիտարկել է Ալիենորայից ամուսնալուծվելու տարբերակը, որպեսզի ամուսնանա Ռոզամունդի հետ։ Հենրի II-ի հաշվարկներն ի չիք են դարձել, երբ Հռոմի պապը հրաժարվել է ամուսնալուծության հնարավորություն տալ։ 1176 թվականին Ռոզամունդը հիվադացել է և մեկնել Գոդսթոու մենաստան (Օքսֆորդի մոտ), որտեղ էլ մահացել է նոււյն թվականին[10]։ Նրա տապանաքարն սկզբնապես գտնվել է մենաստանի եկեղեցում։ Արքայի մահից հետո Ռոզամունդը վերաթաղվել է մենաստանի տարածքից դուրս Լինքոլնի եպիսկոպոս Գուգոյի պահանջով։ Նրա գերեզմանն անհետացել է 16-րդ դարում[11][8]։
Հետագայում (հավանաբար առաջին անգամ 14-րդ դարում այսպես կոչված լոնդոնյան ժամանակագրության մեջ, իսկ հետո «Լեգենդ Ռոզամունդի մասին» և «Ալիենորայի զղջում» բալլադներում, վերջինում նա խոստովանում է հանցագործությունը մահից առաջ[12]) ի հայտ է եկել լեգենդ, որ թագավորը փորձել է ամրոցում թաքցնել Ռոզամունդին իր կնոջից, իսկ դրա շուրջ այգում կառուցել է անանցանելի լաբիրինթոս, որի ճանապարհը կարելի էր գտնել միայն արծաթե ուղեցույց թելի միջոցով, որը պահպանում էր Ռոզամունդին հսկող ասպետը՝ սըր Թոմասը։ Ալիենորան սպանում է սըր Թոմասին և նրան վստահված թելի միջոցով կարողանում գտնել թագավորի սիրեցյալի մոտ տանող ճանապարհը, ինչից հետո Ռոզամունդին մեռնելու տարբերակներ է առաջարկում՝ դաշույնով կամ թույնով։ Ռոզամունդն ընտրում է թույնը։ Իրականում այդ ժամանակ Ալիենորան ինքը գտնվում էր բանտարկության մեջ և չէր կարող մրցակցուհու սպանությունն իրականացնել[13][8][14]։
Քերոլի լուսանկարում պատկերված է լեգենդի եզրափակիչ տեսարանը՝ թագուհին արքայի սիրուհուն առաջարկում է մահ թույնի կամ դաշույնի միջոցով[15]։
Երկու աղջիկները՝ Էննի Ռոջերսը (աջից) և Մերի Ջեքսոնը (ձախից) հագած են «միջնադարյան» հագուստ, նրանց միջև գոթական ոճով փորաքանդակ գահավորակ է։ «Թագուհու» (Էննի Ռոջերս) գլխին թագ է։ Նա ձախ ձեռքով բռնած է կեռ դաշույն, իսկ աջ ձեռքում պահում է ճոխ զարդարված զարդատուփ, հենել է այն գահավորակի արմնկակալին (նա իր հակառակորդուհուն ընտրություն է առաջարկում դաշույնի կամ թույնի միջև)։ Ռոզամունդի գլխին աստղիկով ժապավեն է, նա ծնկաչոք է, ձեռքերը սեղմված են և դրված գահավորակի նստատեղին[1]։
Իր փոքրիկ ընկերուհիներին, որոնց որպես բնորդուհի օգտագործել է լուսանկարներում, Քերոլն անվանել է «child-friend»՝ «երեխա ընկեր»։ Որոշ ուսումնասիրողներ կարծել են, որ այդ արտահայտությունը ավելի շատ ցույց է տվել ոչ թե նրանց տարիքը, այլ հարաբերությունների տեսակը։ Վիկտորյական դարաշրջանի Անգլիայում այդ արտահայտությունն ընդունված էր և երբեմն արտացոլում էր տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց փոխադարձ հարաբերությունները։ Գոյություն ունեն նաև այդ տերմինի այլ մեկնաբանություններ ևս[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.