Ընկալում
From Wikipedia, the free encyclopedia
Ընկալում (ըմբռնում) (լատին․՝ perceptio՝ «պերցեպցիա»), զգայական իմացության ձև։ Առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկեր։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։ Ընկալումը պասսիվ հայեցողություն չէ, այլ ակտիվ գործունեություն է։ Հետազոտական գործողություններ կատարելով, անձը հոգեկանում ստեղծում է օբյեկտի նմանակը կամ մոդելը, որը սուբյեկտիվ է, կոչված է արտացոլել իրականությունը։ Ընկալումը նաև ամբողջական և կառուցվածքային մոդել է։ Ընկալումը իմացության երկու մակարդակների՝ զգայական արտացոլման ու վերացական մտածողության յուրահատուկ կապող օղակն է։ Ընկալումը առարկայական է, այսինքն՝ ընկալման պատկերին համապատասխանում է որոշակի օբյեկտ։ Եթե այդպիսի օբյեկտ չկա, ուրեմն գործ ունենք հալյուցինացիայի հետ, իսկ եթե առարկաների հատկություններն աղճատված են ներկայանում, գործ ունենք պատրանքների (իլյուզիաների) հետ։
Ընկալման պրոցեսի հոգեբանական մեխանիզմներն առավելապես ենթագիտակցական բնույթ ունեն, իսկ գիտակցվում են միմիայն դրանց արդյունքները՝ ամբողջական պատկերները։ Կենսափորձի, գիտելիքների ազդեցությունը ընկալման ակտուալ գործընթացի վրա կոչվում է ապերցեպցիա։ Ընկալման վրա մեծ է անձի դիրքորոշման ազդեցությունը, մանավանդ երբ անհրաժեշտ է ընկալել ու գնահատել մարդուն։ Ապերցեպցիայի և դիրքորոշումների ազդեցության հետևանքով ընկալումը դառնում է ընտրողական (սելեկտիվ)։