Թորգոմ
From Wikipedia, the free encyclopedia
Թորգոմ, ըստ առասպելի հայ ազգի հիմնադիր Հայկ նահապետի հայրը, Հայոց (հավանաբար Փոքր Հայքի) անվանադիր նախնի։ Հին կտակարանի ազգացանկում Թորգոմը դիտվում է Գոմերի (Գամրաց նախնի) որդին, Ասքանազի (սակերի նախնի) և Ռիփաթի (պափլագոնացիների նախնի) եղբայրը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորգոմ (այլ կիրառումներ)
Մովսես Խորենացու մոտ պահպանված ազգացանկում Թորգոմը համարվում է Գոմերի թոռը և Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Եզեկիել մարգարեն հիշատակում է վաճառաշահ «Թոգարմա տունը» (Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ՝ «տուն Թորգոմայ»), որը Տյուրոս քաղաքի վաճառանոցը լցնում է ձիերով ու ջորիներով (Իէ, 14)։ Աստվածաշնչի հին մեկնիչները «տուն Թորգոմայ» կամ «Թորգոմական աշխարհ» ասելով հասկացել են գլխավորապես Հայաստանը։
Որոշ ուսումնասիրողներ «Թորգոմի տունը» նույնացնում են խեթական արձանագրություններում հիշվող Թեգարամա կամ Թագարամա և ասորեստանյան Թիլ-Գարիմմու երկրանուններին։