ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ
From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ նախարարների խորհուրդ (ռուս.՝ Совет министров СССР), պետական իշխանության բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմին, կառավարություն նախկին ԽՍՀՄ-ում։ Կազմավորվել է 1946-ին՝ ժողովրդական կոմիսարների խորհրդի փոխարեն։
ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ | |
---|---|
Մինիստրների խորհուրդի նախկին գրասենյակը Կրեմլում | |
Տեսակ | սովետներ |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | ԽՍՀՄ ՄԽ |
Նախորդող | Ժողովրդական կոմիսարների խորհուրդ |
Հաջորդող | ԽՍՀՄ Կառավարություն |
Հիմնադրված | 1946 թ. մարտի 15 |
Լուծարված | 1991 թ. հունվարի 15 |
Գլխադասային գրասենյակ | Սենատի պալատ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ |
Տեղագրություն | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ (այժմ՝ ՌԴ) |
Տարածաշրջան | ԽՍՀՄ |
Նախագահ | Ի. Վ. Ստալին (առաջին) Ի. Ի. Ռիժկով (վերջին) |
Վերադաս կազմակերպություն | ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ |
Կազմվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից՝ հերթական գումարման առաջին նստաշրջանում, հետևյալ կազմով՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդի նախագահ, նախագահի առաջին տեղակալներ և տեղակալներ, ԽՍՀՄ մինիստրներ, ԽՍՀՄ պետական կոմիտեների նախագահներ։ Խորհուրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնել են նաև միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների նախագահները։ Խորհուրդն հանդես է եկել որպես ընդհանուր իրավասության մարմին, որի գերակայությունների մեջ է եղել լուծել ԽՍՀ Միության տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը, բացառությամբ ԽՍՀՄ Գերագույն սովետին և վերջինիս Նախագահությանը վերապահված հարցերի։
Կոչված է եղել ապահովել ժողովրդական տնտեսության և սոցիալ-մշակութային շինարարության ղեկավարումը, մշակել և իրականացնել միջոցառումներ ժողովրդի բարեկեցության և կուլտուրայի աճի ապահովման համար, զարգացնել գիտությունն ու տեխնիկան, ռացիոնալ օգտագործել և պահպանել բնական ռեսուրսները, ամրապնդել դրամական և վարկային համակարգը, գների, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության միասնական քաղաքականություն վարել, կազմակերպել պետական ապահովագրություն և հաշվառման ու վիճակագրության միասնական համակարգ, կազմակերպել արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական ձեռնարկությունների ու միավորումների, տրանսպորտի և կապի ձեռնարկությունների, բանկերի, ինչպես նաև միութենական ենթակայության այլ կազմակերպությունների ու հիմնարկների կառավարումը։
Խորհուրդն իրականացրել է նաև զինված ուժերի շինարարության ընդհանուր ղեկավարումը, որոշել իսկական զինվորական ծառայության համար զորակոչի ենթակա քաղաքացիների ամենամյա կոնտինգենտը, ապահովել արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը և այլն։ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ԽՍՀՄ օրենքների, Գերագույն սովետի ու դրա Նախագահության այլ ակտերի հիման վրա, և ի կատարումն դրանց, հրատարակել է ԽՍՀՄ ողջ տերիտորիայում պարտադիր կատարման ենթակա որոշումներ ու կարգադրություններ, ստուգել դրանց կատարումը։ Առավել կարևոր համապետական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունել է ԽՄԿԿ Կենտկոմի հետ համատեղ։ Միավորել և ուղղություն է տվել ընդհանուր միութենական և միութենական-հանրապետական մինիստրությունների և պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների աշխատանքին։ ԽՍՀՄ տնօրինությանը վերապահված հարցերում իրավունք է ունեցել կասեցնել միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների որոշումների ու կարգադրությունների կատարումը, չեղյալ հայտարարել ԽՍՀՄ մինիստրությունների, ԽՍՀՄ պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների ակտերը։ Մինիստրների խորհուրդներ ունեն նաև միութենական և ինքնավար հանրապետությունները։