From Wikipedia, the free encyclopedia
Խայտաքիս (լատին․՝ Vormela peregusna), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է Լոռու և Կոտայքի մարզերի լեռնատափաստաններում և կիսաանապատներում։ Բնակվում է տարբեր կենդանիների (հիմնականում՝ ավազամկների) լքված հին բներում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Խայտաքիս | |
Խայտաքիս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Կզաքիսներ (Mustelidae) |
Ցեղ | Vormela |
Տեսակ | Խայտաքիս (V. peregusna) |
Միջազգային անվանում | |
Vormela peregusna Güldenstädt, 1770 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մարմնի երկարությունը 27-35 սմ է, պոչինը՝ 12-20 սմ։ Մազածածկը կարճ է, հարթ, խայտաբղետ։ Դեղին ֆոնի վրա ցրված են շիկակարմիր կամ գորշադարչնագույն մանր, տձև բծեր, որոնք թիակների վրա ավելի խոշոր են։ Դնչի վերին ծայրը, ականջների միջև և պոչի ծայրը մուգ են, պոչի միջին մասը՝ բաց դարչնագույն։ Աչքերի վերին մասը, բերանի շուրջը և ականջների ծայրերն ընդգծված են սպիտակ շերտով։
Սնվում է կրծողներով (հիմնականում՝ ավազամկներով), որոնց որսում է բների մեջ։
Բազմացումը սկսվում է վաղ գարնանը։ Ձագերը ծնվում են մայիսի սկզբին։ Ունենում է 3-8 ձագ։ Ակտիվ է երեկոյան և լուսաբացին, ցերեկը թաքնվում է բնում։ Վտանգի դեպքում պաշտպանվում է։
Տեսակը տարածված է Հարավարևելյան Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Չինաստան և Մոնղոլիա։ Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում, ծովի մակարդակից 1000–2000 մ բարձրություններում։ Արեալը և էկոլոգիան բոլորովին ուսումնասիրված չեն[1]։
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու կրծողներին։ Հայաստանում որսն արգելված է։
Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոններից է բիոտոպերի ոչնչացումը։ Թվաքանակի աճին խոչընդոտող հիմնական սահմանափակող գործոնը կիսաանապատային և լեռնատափաստանային հողերի մշակումն է, դրանց ապրելավայրերում անասունների գարնանային արածեցումը, ինչպես նաև մեծ քանակությամբ պեստիցիդների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցներում, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.