Կապի գաղութ
From Wikipedia, the free encyclopedia
Կապի գաղութ (հոլ.՝ Kaapkolonie հոլանդերենից՝ «Kaap de Goede Hoop»` Բարեհուսո հրվանդան, նաև անգլ.՝ Cape Colony), առաջին հոլանդական վերաբնակեցված գաղութը Հարավային Աֆրիկայում Կապստադ կենտրոնով, այնուհետև` անգլիական տիրապետություն (քաղաքը վերանվանվել է Քեյփթաուն)։ Հիմնադրվել է հոլանդացի ծովագնաց Յան վան Ռիբեկի կողմից 1652 թվականին Բարեհուսո հրվանդանի մոտակայքում գտնվող հարմարավետ ծովածոցում, Հոլանդական Օստ Ինդիա ընկերության ղեկավարությամբ։ Կապի գաղութը դարձել է հոլանդական գաղութների լավագույն նախագծերից մեկը և լավագույն եվրոպական վերաբնակեցման ծրագիրը աֆրիկյան մայրցամաքում։ Հոլանդացիները, ինչպես նաև նրանց միացած գերմանացիները և ֆրանսիացի հուգենոտներն Աֆրիկայում կազմավորեցին նոր սպիտակ ժողովուրդ, աֆրիկաներներ (նաև բուրեր) շուրջ 3 միլիոն թվաքանակով։ Հոլանդերեն լեզվի հիմքի վրա այստեղ ձևավորվեց նոր լեզու աֆրիկաանսը։ 1806 թվականին գաղութը գրավեց Մեծ Բրիտանիան։ Այդ ժամանակից ի վեր Կապի գաղութում աստիճանաբար սկսեց աճել Բրիտանական կղզիների բնակչության թվաքանակը։