Կատար
պետություն Արաբական թերակղզում / From Wikipedia, the free encyclopedia
Կատար (/ˈqætɑːr/ (օգնություն • ինֆո), արաբ․՝ قطر), պաշտոնական անվանումը՝ Կատարի Պետություն (արաբ․՝ دولة قطر ), ինքնիշխան պետություն Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Ցամաքային սահման ունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, իսկ մյուս բոլոր կողմերից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով։ Պարսից ծոցը նաև Կատարը բաժանում է մերձակա Բահրեյնից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատար (այլ կիրառումներ)
Կատարի Պետություն قطر |
|||
---|---|---|---|
|
|||
Ազգային օրհներգ՝ السلام الأميري Աս-Սալման ալ-Ամիրի (transliteration) Amiri Salute |
|||
|
|||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Դոհա | ||
Պետական լեզուներ | արաբերեն | ||
Կառավարում | Բացարձակ միապետություն | ||
- | Էմիր | Տամիմ Բին Համիդ | |
- | Էմիրի Տեղակալ | Աբդուլլահ Բին Համադ | |
- | Վարչապետ | Խալիդ բին Խալիֆա | |
Հիմնադրում | |||
- | Հայտարարված | սեպտեմբերի 3, 1971 | |
Տարածք | |||
- | Ընդհանուր | 11,571 կմ² (164-րդ) | |
- | Ջրային (%) | չնչին | |
Բնակչություն | |||
- | 2016 նախահաշիվը | 2,675,522[1] (142-րդ) | |
- | 2010 մարդահամարը | 1,719,473 | |
- | Խտություն | 202 /կմ² (74-րդ) 525 /մղոն² |
|
ՀՆԱ (ԳՀ) | 2014 գնահատում | ||
- | Ընդհանուր | $298,4 միլիարդ[2][3] (49-րդ) | |
- | Մեկ շնչի հաշվով | $145,894 | |
ՀՆԱ (անվանական) | 2014 գնահատում | ||
- | Ընդհանուր | $213.784 միլիարդ | |
- | Մեկ շնչի հաշվով | $68,940[4] (2-րդ) | |
Ջինի (2007) | 41.1 (միջին) | ||
ՄՆԶԻ (2013) | 0.851[5] (շատ բարձր) (31th) | ||
Արժույթ | Ռիյալ (QAR) | ||
Ժամային գոտի | +3 | ||
Ազգային դոմեն | .qa | ||
Հեռախոսային կոդ | +974 |
Օսմանյան տիրապետության ավարտից հետո՝ 20-րդ դարի սկզբին, Կատարը դարձավ բրիտանական պրոտեկտորատ, իսկ 1971 թվականին ձեռք բերեց անկախություն։ Այսպիսով՝ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Թանին դարձավ Կատար պետության հիմնադիրը։ Կատարը սկսեց կառավարվել դեռևս 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատված ալ-Թանի ազնվականական տոհմի ներկայացուցիչների կողմից, իսկ նորանկախ երկիրը դարձավ բացարձակ ժառանգական միապետություն։ Ներկայումս էմիրի պաշտոնում պաշտոնավարում է Թամիմ բեն Համիդ ալ-Թանին։ Չնայած նրան, որ Կատարն ունի բացարձակամիապետական կառավարման համակարգ[6][7]՝ այնուամենայնիվ սահմանադրությունն ու խորհրդարանը (կոնսուլտատիվ ժողով) կարևոր նշանակություն ունեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ[8]։
Կատարը զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Ըստ բնական գազի պաշարների՝ Կատարն աշխարհում երրորդն է, իսկ նավթի պաշարներով՝ տասնչորսերորդը։ Ըստ Արժույթի Միջազգային Հիմնադրամի գնահատականի՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշով 2014 թվականի դրությամբ Կատարն աշխարհում գրավում էր առաջին տեղը[9]։ Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Կատարը դասակարգված է, որպես մարդկային զարգացման շատ բարձր մակարդակի վրա գտնվող ունեցող պետություն։ Կատարն արաբական աշխարհում ունի զգալի ռազմաքաղաքական ազդեցություն[10][11]։ Դա պայմանավորված է նրանով, որ այս երկիրն արաբական գարուն հեղափոխական շարժման շրջանակներում աջակցում է մի շարք կազմակերպությունների[12][13][14]։ 2017 թվականի հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Բահրեյնը և Պարսից ծոցի մի շարք երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով շիա Իրանին և ահաբեկչական մի շարք խմբավորումներին ֆինանսավորելու և սատարելու համար։ Դա հանգեցրեց Կատարի դիվանագիտական ճգնաժամին։
Ըստ 2017 թվականի տվյալների՝ Կատարի բնակչությունը կազմում է շուրջ 2,6 միլիոն մարդ[15]։ Կատարաբնակներից միայն 313 հազարն ունեն Կատարի քաղաքացիություն, իսկ մնացած 2,3 միլիոնը տարաբնիկներ են։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, իսկ կրոնը՝ իսլամը։ Զբաղեցնում է ընդհանուր հաշվով 11,571 կմ² տարածք (այս ցուցանիշով զբաղեցնում է 164-րդ տեղն ամբողջ աշխարհում)։ Մայրաքաղաքը Դոհան է, որը նաև երկրի արդյունաբերական, տնտեսական, քաղաքական և մշակութային գլխավոր կենտրոնն է։ Երկրի ազգային արժույթը Կատարական ռիյալն է։
2010 թվականի դեկտեմբերի 2-ին պարզ դարձավ, որ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիրը Կատարն է։ Այսպիսով Կատարը առաջին արաբական երկիրն է, որտեղ երբևէ ընթացել է նման բարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլային մրցաշար[16]։
Պլինիոս Ավագը վավերագրել է մոտ մ․թ․ա․ 1-ին դարի կեսին թերակղզու բնակիչների հետ առնչվող ամենավաղ վկայությունը։ Հռոմեացի գրողն իր աշխատությունում Կատարը հիշատակել է Կաթարեի անվանումով, որն էլ ամենայն հավանականությամբ վերցված է տեղաբնակների լեզվից[17][18]։ Մեկ դար անց հույն նշանավոր աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսը ներկայացրեց թերակղզու պատկերման առաջին քարտեզը, որտեղ երկիրը հիշատակված էր Կատառա անվանումով[19][20]։
Քարտեզում մատնանշված էր նաև թերակղզու արևելքում գտնվող «Կադարան» անվանումով մի քաղաք[21]։ Կատառա տերմինը օգտագործվել է մինչև 18-րդ դարը[22], որից հետո «Կաթառան» դարձավ աշխարհագրական օբյեկտի ամենատարածված անվանումը[21]։ Ի վերջո, ժամանակակից ուղղագրությամբ Կատար ածանցը ընդունվեց որպես երկրի անվանում[21]։
Ժամանակակից գրական արաբերենում երկրի անվանումը արտասանվում է, որպես [qɑtˤɑr], իսկ տեղական բարբառներում՝ [ɡitˤar][23][24]։
Հին ժամանակներ
Կատար թերակղզին բնակեցված է եղել դեռևս 50 հազար տարի առաջ[25]։ Թերակղզում հայտնաբերվել են քարիդարյան մի շարք բնակավայրեր, ինչպես նաև աշխատանքային գործիքներ[25]։ Միջագետքի ափամերձ հատվածներից պեղված հնագիտական օբյեկտները թվագրվում են Ուբեյդի դարաշրջանին (մ․թ․ա․ 6500-3800 թվականներ)[26]։ Կատար թերակղզում հայտնաբերվել են նաև ափամերձ լքված բնակավայրեր։ Արևմտյան ափին տեղակայված ալ-Դաասա քաղաքը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր ուբեյդյան տարածքը[27][28]։
Ալ-Խոր կղզում հայտնաբերված մ․թ․ա․ 3-րդ հազարամյակին թվագրվող քասիթական բաբելոնյան գտածոները վկայում են ժամանակակից Կատարի բնակիչների և քասիթների (բնակվել են հիմնականում Բահրեյնի տարածքում) միջև առևտրային հարաբերությունների առկայության մասին[29]։ Կատարի տարածքում հայտնաբերվել են շուրջ 3 միլիոն մանրացված խեցիներ և քասիթական խեցամաններ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Կատարը մանրաթելային ներկերի արտադրության ամենավաղ բնօրրաններից է, քանի որ թերակղզու ափամերձ շրջաններում հայտնաբերվել են մանուշակագույն ներկերի ներկարարական արդյունաբերություններ[30]։ Մ․թ․ա․ 224 թվականին Սասանյան Պարսկաստանը վերահսկողություն սահմանեց Պարսից ծոցի մերձակա տարածքների նկատմամբ[31]։ Կատարը կարևոր դերակատարում է ունեցել սասանյանների առևտրային գործունեության մեջ՝ նպաստելով թանկարժեք մարգարիտների և մանուշակագույն ներկերի մատակարարմանը աշխարհակալ տերության տարբեր շրջաններ[32]։ Սասանյաների տիրապետության օրոք Արևելյան Արաբիայի շատ բնակիչներ ընդունեցին քրիստոնեություն` դեպի արևելք շարժվող միջագետքյան քրիստոնյաների ազդեցության շնորհիվ[33]։ Այս դարաշրջանում Կատարում կառուցվեցին բազմաթիվ վանքեր և ստեղծվեցին նոր բնակավայրեր[34][35][36]։ 628 թվականին Մուհամմադ մարգարեն դեսպան ուղարկեց Արևելյան Արաբիայի կառավարիչ Մունզիր իբն Սավա ալ-Թամիմի մոտ և վերջինիս խնդրեց ընդունել իսլամը[37]։ Մունցիրը Կատարեց այդ ժամանակ Արաբական թերակղզում մեծ ժողովրդականություն վայելով Մուհամմադի խնդրանքը և այս թվականից ի վեր տարածաշրջանի արաբական ցեղերի մեծամասնությունը դարձավ մուսուլման։ Իսլամի ընդունումից հետո արաբները արշավանքներ կազմակերպեցին դեպի Իրան, որն էլ նպաստեց Սասանյանների ստեղծած կայսրության անկմանը[38]։
Վաղ և ուշ իսլամական ժամանակաշրջան (661-1783)
Օմայյան խալիֆայության կազմում Կատարը հայտնի է եղել, որպես ուղտերի և ձիերի բուծման կենտրոն[39]։ Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ 8-րդ դարից ի վեր, ինչպես Պարսից ծոցի մյուս տարածքները, այնպես էլ Կատարը սկսեց օգտագործվել առևտրային նկատառումներով[40][41]։ Շուտով այն վերածվեց առևտրային խոշոր հանգույցի։ Կատարը տնտեսական զգալի առաջընթաց ապրեց հատկապես Արաբական խալիֆայության մյուս արքայատոհմի՝ Աբբասյանների օրոք։ Այդ ժամանակահատվածում Բասրայից (գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում) Հնդկաստան և Չինաստան ուղևորվող առևտրային նավերը կանգ էին առնում Կատարի նավահանգիստներում։ Կատարում հայտնաբերվել են չինական ճենապակե իրեր, արևմտաաֆրիկյան մետաղադրամներ և թաիլանդական արվեստի նմուշներ։ 9-րդ դարի հնագիտական գտածոները ենթադրում են, որ Կատարի բնակիչները ունեցել են մեծ հարստություններ, որոնք ներդրել են բարձրորակ տների և հասարակական շինությունների կառուցման համար։ Այս ժամանակահատվածում Մուրվաբայում կառուցվել են ավելի քան 100 քարե տներ, երկու մզկիթներ և Աբբասյանների ամրոցը[42][43]։ Այնուամենայնիվ, Իրաքում խալիֆայության դիրքերի խարխլումից հետո նույնը տեղի ունեցավ նաև Կատարում[44]։ Կատարը հիշատակված է 13-րդ դարի մուսուլման գիտնական Յակութ ալ-Համավի աշխարհագրական այբբենական բառարանում («Մուջամ ալ-Բուլդան»), որտեղ տեղաբնիկները ներկայացված են, որպես գծավոր հյուսվածքներով հագուստ կրող հմուտ նիզակակիրներ[45]։ 1253 թվականին Արևելյան Արաբիայի մեծ մասը կառավարվել է Ուսֆուրյանների արքայատոհմի ներկայացուցիչների կողմից, սակայն 1320 թվականին այդ լիազորությունն անցնում է Օրմուզ իշխանի ձեռքը[46]։ Այդ շրջանում Կատարի եկամտի հիմնական աղբյուրը եղել է մարգարտի արդյունաբերությունը։ 1515 թվականին Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ը Օրմուզի թագավորությունը դարձնում է վասալական տերություն[47]։ Շուտով պորտուգալական բանակը գրավում է Արևելյան Արաբիայի զգալի մասը՝ այդ թվում և պարսիցծոցյան այս երկիրը[48]։ 1550 թվականին ալ-Հասայի բնակչությունը կամավոր կերպով իշխանությունը հանձնեցին օսմանցիներին՝ պորտուգալական վերահաս լծից ազատվելու համար։ 1670 թվականին օսմանյան սուլթանին հաջողվեց երկրից դուրս մղել Բանի Խալիդին և բացարձակ վերահսկողություն սահմանել տարածաշրջանում[49]։
Սաուդյան և բահրեյնական ժամանակաշրջան (1783–1868)
1766 թվականին Ալ-Խալիֆայի Բանի Ուտբահի ցեղախումբը Քուվեյթից գաղթեց Կատար՝ հաստատվելով Զուբարահում[50]։ Նրանց ժամանման ժամանակ Բանի Խալիդի իշխանությունը թուլացել էր թերակղզում, համաձայն լինելով, որպեսզի խոշորագույն գյուղը կառավարի Բան Խալիդի հեռավոր ազգականը[51]։ 1783 թվականին Կատարում գտնվող կլանները և դաշնակից արաբական ցեղերը ներխուժեցին և պարսիկներից գրավեցին Բահրեյնը։ Ալ-Խալիֆան իր իշխանությունը պարտադրեց Բահրեյնին և ընդլայնեց իր իրավասության ոլորտները Կատարում։ 1788 թվականին Դիրիահի էմիրությունների գահաժառանգ Սուդի աբդ ալ-Ազիզի երդմնակալությունից հետո վերջինս իր կայսրությունը ընդարձակելու նպատակով շարժվեց դեպի Պարսից ծոց և Կատար։ 1795 թվականին Բանի Խալիդին պարտության մատնելուց հետո, Դիրիահի էմիրության վրա սկսեցին հարձակվել երկու ճակատով։ Օսմանցիներն ու եգիպտացիները համատեղ կերպով հարձակվեցին արևմուտքից, մինչդեռ Բահրեյնում ալ-Խալիֆան և Օմանիսի հրամանատարությունը ռազմախուժեցին արևելքից[52][53]։ 1811 թվականին տեղեկանալով արևմտյան ճակատում եգիպտական բանակի առաջխաղացման մասին, Վահաբի ամիրը նվազեցրեց Բահրեյնում և Զուբարահում իր ղեկավարած բանակի դիմադրության ինտենսիվությունը՝ մեծաքանակ զոհերից խուսափելու համար։ 1821 թվականին Դոհան ենթարկվեց ռազմահրետակոծությունների, որի արդյունքում հարյուրավոր բնակիչներ փախուստի դիմեցին։ 1825 թվականի ալ-Թանի արքայատոհմի ներկայացուցիչ Մուհամմեդ բին Թանին դարձավ երկրի առաջնորդ[54]։ 1867 թվականին ալ-Խալիֆան՝ Աբու Դաբիի իշխանությունների հետ միասին, ուժեր է ուղարկում Կատարի ապստամբներին ջախջախելու համար։ Դա հանգեցրեց 1867-1868 թվականների Կատարա-բահրեյնական պատերազմին։ Սակայն Բահրեյնի սկսած ռազմական գործողությունները խախտում էին 1820 թվականի անգլո-բահրեյնական պայմանագիրը, որն էլ հանգեցրեց նրան, որ բրիտանացիները և Կատարցիները համատեղ ուժերով ձեռնարկեցին արշավանք։ 1868 թվականին Բահրեյնի և Կատարի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն օսմանյան կառավարությունը անուղղակիորեն պարտավորվեց ճանաչել բանակցող երկրների անկախությունը։ Բանակցությունները թևակոխեցին նոր շրջափուլ, որտեղ քննարկվեց Մերձավոր Արևելքի արևելյան շրջաններում բրիտանական վերահսկողություն սահմանելու հարցը։
Կատարն Օսմանյան կայսրության կազմում
Օսմանյան կայսրության կազմում Կատարը միավորվել է Բաղդադի վիլայեթի կազմի մեջ։ Բաղդադի էմիրի ռազմաքաղաքական ճնշումների ներքո, Մադաթ փաշան, 1871 թվականին ալ-Թանի տոհմի ազնվականներին ներկայացրեց հողերի գրանցման վերաբերյալ բարեփոխիչ միջոցների իրագործման ծրագիր (այն հայտնի էր թանզիմաթ անվանումով), որն էլ ավելի կամրապնդեր արաբական երկրները Օսմանյան կայսրության կազմում՝ միաժամանակ բարելավելով սոցիալ-տնտեսական հարաբերությունները ենթակա տարածքներում[55]։ Չնայած Կատարցիների դժգոհություններին՝ ալ-Թանիները համաձայնեցին իրենց անմիջական վերահսկողության տակ գտնվող տարածքներում անցկացնել թանզիմաթյան բարեփոխումներ։ Դրան հաջորդած ժամանակահատվածում Կատարա-օսմանյան հարաբերությունները ծայրահեղ լարվում են։ Դա պայմանավորված էր նրանով, որ 1882 թվականին օսմանյան ղեկավարությունը հրաժարվում է աջակցել Կատարին Աբու Դաբիի (ժամանակակից Արաբական Միացյալ Էմիրություններ) հետ առճակատումների ժամանակ[56]։ Բացի այդ, պաշտոնական Ստամբուլն աջակցում էր Մուհամմադ բին Աբդուլ Վահաբին, ով էլ փորձում էր գործող արքայատոհմից զավթել Կատարական տարածքների ղեկավարությունը։ Սա ի վերջո հանգեցրեց նրան, որ ալ-Թանիներն ապստամբեցին օսմանցիների դեմ՝ թերակղզում բացարձակ վերահսկողություն սահմանելու համար։ 1892 թվականի օգոստոսին հրաժարական տվեց Կատարի կայմակամը, իսկ Կատարցիները դադարեցին հարկեր վճարել[57]։ 1893 թվականի փետրվարին Մեհմեդ Հաֆիզ փաշան մեկնեց Կատար՝ չմարված հարկերը վերցնելու և Ջասիմ բեն Մուհամեդի ընդդիմությանը օսմանյան վարչական բարեփոխումների ծրագրի մասին տեղեկացնելու համար։ Վախենալով, որ իրեն կարող են մահապատժի ենթարկել կամ ձերբակալել՝ մի քանի ազնվականների հետ միասին Ջասիմը հեռացավ ալ-Վաջբա (գտնվում է Դոհայից 10 մղոն դեպի արևմուտք)։ Շուտով օսմանցի պաշտոնյա Մեհմեդը ասաց, որ Ջասիմը զավթել է իր տարածքները և վերջինիս մեղադրեց անօրինություն գործելու մեջ[58]։ Մարտին Մեհմեդը բանտարկեց Ջասիմի եղբորը և 13 հայտնի ազնվական առաջնորդների։ Ջասիմը հրաժարվեց բանտարկյալներից յուրաքանչյուրին ազատելու համար վճարել 10 000 լիրա և Յուսուֆ Էֆենդի հրամանատարության ներքո մոտ 200 զինվոր ուղարկեց դեպի ալ-Վաջբահի ամրոց։ Այսպիսով ազդարարվեց ալ-Վաջբեի ճակատամարտի մեկնարկը։ Կարճ ժամանակահատվածում Կատարցի ապստամբներին հաջողվում է պաշարել ամրոցը, ուր և բանտարկված էին առաջնորդները։ Շուտով օսմանցիները փորձեցին ճեղքել պաշտպանությունը, սակայն ձախողվեցին։ Թուրքերի պարտությունը դարձավ անխուսափելի և երկու կողմերը սկսեցին բանակցություններ։ Դրանց արդյունքում Կատարցի բանտարկյալները ազատ արձակվեցին։
Բրիտանական պրոտեկտորատ
Առաջին համաշխարհային պատերազմի մերձավորարևելյան ռազմաճակատում Օսմանյան կայսրությունը կրեց լուրջ պարտություններ։ Աշխարհամարտի ավարտից հետո արդեն կայսրությունը բռնեց լճացման ուղին։ Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կատարը մասնակցում էր օսմանցիների դեմ մղվող արաբական ապստամբությանը։ Շուտով հեղափոխությունը պսակվեց հաջողությամբ, իսկ օսմանյան ղեկավարությունը Մեծ Բրիտանիայի հարկադրանքով ստիպված եղավ շեյխ Աբդուլլահ բին Ջասիմ ալ-Թանիին և նրա իրավահաջորդներին ճանաչել, որպես Կատարի գահի օրինական ժառանգորդ։ Կարճ ժամանակահատվածում ալ-Թանիներին հաջողվեց հասնել նրան, որ թուրքերը դուրս բերեցին իրենց զորքերը Դոհայից և հրաժարվեցին Կատարի նկատմամբ իրենց բոլոր լիազորություններից[59]։
Կատարի իշխանության հիմնադիրը համարվում է շեյխ Կասեմ բին Մուհամմադ ալ Թանին (կառավարել է 1878 թվականից մինչև 1913 թվականը)[60]։ Օսմանյան կայսրության մասնատումից հետո՝ 1916 թվականի նոյեմբերի 3-ին, Կատարն անցավ բրիտանացիների խնամակալության տակ։ Նույն օրը Միացյալ Թագավորությունը շեյխ Աբդուլլահ բին Ջասիմ ալ-Թանիի հետ կնքեց համաձայնագիր, որով Կատարը մտավ համաձայնագրային Օման կոչվող պրոտեկտորատի կազմի մեջ։ Ըստ այդ համաձայնագրի՝ բրիտանական կողմը պարտավորվում էր պաշտպանել Կատարը ցանկացած ծովային հարձակումից[59]։ 1935 թվականի մայիսի 5-ին Կատարի էմիրը բրիտանական կառավարության հետ ստորագրեց ևս մեկ պայմանագիր, որով Կատարը ապահովագրվեց ներքին և արտաքին ցանկացած սպառնալիքից[59]։ 1939 թվականին Կատարում առաջին անգամ հայտնաբերվեցին բնական նավթի պաշարներ։ Այնուամենայնիվ, այդ նավթի շահագործումը սկսվեց միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտից որոշ ժամանակ անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (մասնավորապես Հնդկաստանի և Պակիստանի անկախացումից հետո) Կատարի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ազդեցությունը աստիճանաբար թուլացավ։ 1950-ական թվականներին նավթարդյունաբերությունը սկսեց դառնալ երկրի եկամտի գլխավոր աղբյուր՝ փոխարինելով մարգարտի մշակմանն ու ձկնորսությանը։ Նավթի շահույթը սկսեց նպաստել Կատարի ենթակառուցվածքների ընդլայնմանն ու արդիականացմանը։ 1968 թվականին Կատարը միացվեց Բահրեյնին, ինչպես նաև յոթ այլ համաձայնագրային պետությունների։ Տարածաշրջանային բախումները սակայն Կատարին ստիպեցին հեռանալ դաշնությունից և դառնալ Արաբական Միացյալ Էմիրությունների մաս։
Անկախությունից մինչև մեր օրեր
1971 թվականի սեպտեմբերի 3-ին Կատարը վերջնականապես հռչակվեց անկախ միապետություն։ Կարճ ժամանակահատվածում այն դարձավ արաբական աշխարհի նշանավոր կենտրոններից մեկը։ Բնական նավթի պաշարների շնորհիվ Կատարը դարձավ առաջադեմ պետություն՝ զարգացած տնտեսությամբ և մարտունակ բանակով։ 1990 թվականին Կատարը ներքաշվեց իրաքա-քուվեյթական պատերազմի ռազմագործողությունների մեջ՝ հակամարտելով Իրաքի դեմ։ Կատարական բանակը հատկապես կարևոր դերաԿատարում ունեցավ Խաֆջիի ճակատամարտում։ Պատերազմական գործողությունների տարիներին Կատարը Կանադային թույլատրել է օգտագործել իր երկրի տարածքում գտնվող օդանավակայանները օդանավերի գործարկման համար։ Պարսիցծովյան այս երկրի կառավարությունը նման իրավունք է վերապահել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին[61]։
1995 թվականին Կատարի զինված ուժերի, հարևան պետությունների և Ֆրանսիայի աջակցությամբ Համադ բին Խալիֆա ալ-Թանին խլում է երկրի գահը իր հորից՝ գործող էմիր Խալիֆա բին Համադ ալ-Թանիից[62]։ Նոր էմիրի կառավարման տարիներին Կատարը բավականին ազատականացվել է։ Դրա վառ ապացույցն է այն, որ Դոհայում սկսվեց հեռարձակվել Ալ-Ջազիրա հեռուստաալիքը, որը կոչված էր լուսաբանելու արաբական լուրերը։ Բացի այդ, Համադ բին Խալիֆա ալ-Թանին կանանց տվեց ընտրական իրավունք։ Նրա օրոք՝ 2005 թվականին, կազմվեց Կատարի առաջին գրավոր սահմանադրությունը։ 2003 թվականին Կատարը ծառայել է որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության շտաբկայան, որի պատճառով էլ դարձել է Իրաքի զինված ուժերի ներխուժման հիմնական մեկնարկային վայրերից մեկը[63]։ 2005 թվականին Դոհայի թատրոններից մեկում մահապարտ ահաբեկիչը սպանեց բրիտանացի դոկտորի։ Դրանից հետո Կատարում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումների շղթա, որի կազմակերպման մեջ մեղադրվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացի Օմար Ահմեդ Աբդուլլա Ալին[64][65]։ 2011 թվականին Կատարը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համատեղ սկսեց խաղաղապահ առաքելություն իրականացնել Լիբիայում։ Կատարը նաև զենք է մատակարարում Սիրիայի քաղաքացիական պատերազմի ապստամբ խմբերին[66]։ 2010 թվականին Կատարը հաղթեց 2022 թվականին ՖԻՖԱ Աշխարհի առաջնության մրցաշարերը հյուրընկալող երկրի ընտրություններում՝ դառնալով առաջին երկիրը, որ մրցաշարը բերեց Մերձավոր Արևելք։ 2013 թվականին էմիրը ներկայացրեց իր ղեկավարած երկրում օրենսդրական ընտրություններ անցկացնելու ծրագիր, որը հետաձգվեց մինչ 2019 թվականը։ 2013 թվականի հունիսին Կատարի էմիր դարձավ Թամիմ բեն Համիդ ալ-Սանին[67]։ Կատարի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ նորընտիր պաշտոնյան հայտարարել է, որ առաջնահերթ է համարում քաղաքացիների բարեկեցության բարելավումը՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև երկրի ենթակառուցվածքների ընդլայնումը 2022 թվականի առաջնությունը հյուրընկալելու համար։ Սաուդյան Արաբիայի զինված ուժերի Եմեն ներխուժումից հետո Կատարը օժանդակել է Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին[68]։ 2017 թվականի հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Բահրեյնը և Պարսից ծոցի մի շարք երկրներ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով շիա Իրանին և ահաբեկչական մի շարք խմբերի ֆինանսավորելու և զորավիգ լինելու մեջ[69]։
Ընդհանուր աշխարհագրական ակնարկ
Կատարը տեղակայված է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան հատվածում՝ Արաբական թերակղզու վրա։ Բացարձակ միապետության կառավարման համակարգ ունեցող այս երկիրը գտնվում է համանուն թերակղզում` ծովի մակարդակից մինչև 103 մետր բարձրության վրա[70]։ Արաբական թերակղզու ծայր արևելքում գտնվելու պատճառով Կատար թերակղզու տեղանքը ցածրադիր է։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող հնագույն լեռները, զառիկող իջնելով, տարածվում են դեպի ենթացամաքի մյուս շրջանները՝ ձևավորելով արևելյան հարթավայրային շերտը։ Ամենաբարձր կետը երկրի հարավում՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ գտնվող Քուրայն Աբու ալ-Բավլ լեռն է՝ 103 մետր բարձրությամբ[71]։ Կատարի գրեթե ամբողջ տարածքը անապատային է։ Ափերը ցածրադիր են, հարթ, տեղ-տեղ կտրտված ծոցերով՝ եզրավորված կորալային խութերով։ Մակերևույթը կրաքարերից կազմված ցածրադիր, քարքարոտ, տեղ-տեղ ճահճապատ հարթություն է։ Հարուստ է նավթի և բնական գազի հանքավայրերով։ Երկրի հյուսիսային ավազոտ հարթավայրերում տեղ-տեղ նկատվում են օազիսներ, որոնք զբաղեցնում են խիստ սահմանափակ տարածքներ։ Կատարը գրեթե ամբողջությամբ (բացառությամբ Սաուդյան Արաբիայի հետ սահմանամերձ հատվածից) շրջապատված է Հնդկական օվկիանոսի մաս կազմող Պարսից ծոցի ջրերով։ Ծովափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 563 կմ։ Ափերը ցածրադիր են, հարթ, տեղ-տեղ կտրտված ծոցերով՝ եզրավորված խութերով։ Մշտական գետեր չկան և շատ են չոր հուները։ Անապատային օազիսներում կան ստորգետնյա քաղցրահամ աղբյուրներ։ Պարսից ծոցի առափնյա հատվածները հարուստ են նավթի և բնական գազի պաշարներով։ Անապատային տեղանքն ու ներքին ջրերի սակավությունը երկրում առաջացնում են խմելու ջրի մեծ պակաս։ Կենցաղում Կատարցիներն օգտագործում են աղազերծված ծովի ջուրը։
Կլիմայական պայմաններ
Կատարի կլիմայական քարտեզն այնքան էլ բազմազան չէ։ Կլիմայի հիմնական տեսակը անապատայինն է[72], սակայն որոշակի առանձնացված հատվածներում (հիմնականում Պարսից ծոցի հարակից տարածքներում) նկատելի է չոր արևադարձային կլիմայական գոտու առկայությունը։ Կլիմայական նման պայմանների ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի Հնդկական օվկիանոսի տաք օդային հոսանքների ազդեցությունը։
Կատարի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 27.15 °C։ Ցայտուն կերպով արտահայտված են տարվա չորս եղանակներից միայն երկուսը՝ ամառն ու ձմեռը, իսկ աշունն ու գարունը համարվում են անցումային եղանակներ։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է 32 °C, իսկ հունվարյանը՝ 16 °C։ Տարվա ամենաերկարատև եղանակն ամառն է։ Այն սկսվում է մայիսին և ավարտվում սեպտեմբերին։ Կատարական ամառներին բնորոշ հատկանիշներն են ինտենսիվ ջերմությունը, փոխարինող չորությունը և հարաբերական խոնավությունը։ Ամռան ամենատաք օրերին Կատարի ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 °C-ը։ Ի տարբերություն ամռան՝ ձմեռը չափազանց կարճատև է։ Այն սկսվում է նոյեմբերի վերջին և ավարտվում մարտի կեսերին՝ ընդհանուր հաշվով տևելով 4-5 ամիս։ Տարվա ամենացուրտ օրերին ջերմաստիճանը չի իջնում 7 °C-ից։ Բացասական ջերմաստիճանային պայմաններ վերջին հարյուրամյակում չեն գրանցվել։
Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 100 մմ (3,9 սմ)։ Ունենալով յուրահատուկ կլիմա՝ Կատարը գտնվում է բնության աղետների թիրախակետում։ Ձմեռային ամիսներին հաճախ լինում են փոթորիկներ և ջրհեղեղներ, իսկ ամառային փոթորկածին քամիները վնաս են հասցնում տրանսպորտային ենթակառուցվածքներին և այլ ծառայություններին։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հորդառատ անձրևներ տեղում են հազվադեպ։ Երկրի տարբեր հատվածներին բնորոշ է սեզոնային կարճատև անձրևների առատությունը։
Կատարի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 22 (72) |
23 (73) |
27 (81) |
33 (91) |
39 (102) |
42 (108) |
42 (108) |
42 (108) |
39 (102) |
35 (95) |
30 (86) |
25 (77) |
33.3 (91.9) |
Միջին ցածր °C (°F) | 14 (57) |
15 (59) |
17 (63) |
21 (70) |
27 (81) |
29 (84) |
31 (88) |
31 (88) |
29 (84) |
25 (77) |
21 (70) |
16 (61) |
23 (73.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 12.7 (0.5) |
17.8 (0.701) |
15.2 (0.598) |
7.6 (0.299) |
2.5 (0.098) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
2.5 (0.098) |
12.7 (0.5) |
71 (2.794) |
աղբյուր: [73] |
Բուսական և կենդանական աշխարհ
Հազարամյակներ շարունակ՝ ընդհուպ մինչև մեզնից 10 000 տարի առաջ, Արաբական թերակղզին պատված է եղել արևադարձային մշտադալար անտառներով, իսկ Հիջազի լեռներից հոսել են բազմաթիվ գետեր, որոնք հասել են մինչև թերակղզու ծայր արևելյան հատվածներ։ Դրա վկայությունն են այսօրվա չորացած գետահուները, ստորգետնյա ջրերի մեծ քանակությունը և նավթի ու բնական գազի հսկայական պաշարները։ Այսօր այդ անտառներ փոխարեն տեղ-տեղ մնացել են օազիսներ, որոնք գտնվում են թերակղզու ստորգետնյա ջրեր ունեցող վայրերում։ Կատարի տարածքում արևադարձային անտառներ չեն պահպանվել։ Կատարի օազիսներում հանդիպող հիմնական ծառատեսակը փյունիկյան արմավենին։ Հանդիպում են նաև այլ լայնատերև բույսեր։ Անապատային շրջաններում խոնավության խիստ պակասի պայմաններում բույսերի տերևները վերածվել են փշերի։ Ուստի այստեղ հանդիպում են ուղտափուշ, օշինդր և այլն։ Կատարում տարածված են թունավոր և անթույն սնկերի 142 տեսակներ[74]։ Կատարի կենդանական աշխարհը բավականին աղքատ է։ Օազիսներում և անապատներում հանդիպող միասապատ և երկսապատ ուղտերը ընտելացվել են մարդու կողմից։ Ի դեպ, միասապատ ուղտերի գերշահագործման և զանգվածային ոչնչացման արդյունքում այն հայտնվել է Կարմիր գրքում։ Հանդիպում են նաև անապատային տարբեր գիշատիչ կենդանիներ՝ գլխավորապես բորենիներ ու շնագայլեր[75]։ Վայրի կատվազգիներից այստեղ պահպանվել է միայն ասիական վագրակատուների պոպուլյացիաներ, որը վերացման եզրին է։ Կատարում տարածված սնամեջ եղջյուրավորների ընտանիքի միակ ներկայացուցիչը արաբական կամ սպիտակ օրիքսն է, որը նաև Կատարի ազգային կենդանին է։
Բացի նշված խոշոր ցամաքային կաթնասուններից՝ Կատարի տարածքում բնակվում են նաև ավազամկներ, սպիտակափոր նետականջ տեսակի չղջիկներ, եթովպական ոզնիներ, կապյան ճագարներ և երկու տեսակի մասամբ ուսումնասիրված ճագարամկներ[75]։ Կատարի ծովային տարածքում՝ Պարսից ծոցի ավազանում, տարածված են մի շարք ծովային կաթնասուններ։ Դրանք են՝ փոքր խոյադելֆին, չինական դելֆին, բծավոր դելֆին, մեծատամ դելֆին, աֆալինա, անփետուր ծովախոզ, կետ և դյուգոն։ Ի տարբերություն կաթնասունների՝ տեսակային բազմազանության առումով թռչուններն ավելի զանազան են։ Կատարի տարածքում հանդիպում են հետևյալ թռչունները[76]՝ արաբական ջայլամ, սուզակ, մեծ ձկնկուլ, վարդագույն հավալուսն, տառեղ, սպիտակ արագիլ, ջրարծիվ, ճուռակազգիներ, բազե, լոր, ջրահովվիկ, մորակտցարներ, փուփուլավոր կկու, եվրոպական բվիկ, ճահճային բու, սովորական այծկիթ, սև մանգաղաթև, ալկիոններ, հայկական որոր, թխակապույտ աղավնի, տատրակ, սևագլուխ քրքջան, կիվիվ, ոսկեգույն մեղվակեր, եվրոպական ներկարար, հոպոպ, վիզգցուկ, քաղաքային ծիծեռնակ, խաղտտնիկ, մարգագետնային ձիաթռչնակ, սևախածի կեռնեխ, սինակեռնեխ, շերտագլուխ եղեգնաթռչնակ, դալուկ մորեհավ, ծնկլտան գեղգեղին, մորուշահրիկ, խայտաբղետ քարակեռնեխ, մոխրագույն ճանճորս, արշալուսիկ, սոխակ, մարգագետնային չքչան, սովորական քարաթռչնակ, կարմրաԿատար շամփրուկ, ագռավ, այգու դրախտապան, սովորական ոսպնուկ, ազնվասարեկ, իսպանական ճնճղուկ և այլն։ Անապատներում շատ են սարդերը, օձերը, մողեսները։ Պարսից ծոցի Կատարական ափի մոտ հանդիպում են զանազան փափկամարմինները։ Դա հնարավորություն է ընձեռում Կատարցիներին մարգարտի որսի և ձկնորսության մեջ մասնագիտանալու համար։ Դեռև միջնադարյան ժամանակներից Կատարի ներկայիս տարածքի բնակիչները հայտնի են եղել անասնապահությամբ։ Կլիմայական նման պայմաններում Կատարում բուծվում են ուղտեր, այծեր և տարբեր տեսակի ոչխարներ։
Պետական կառավարման համակարգ
Կատարը բացարձակ միապետություն է, որը ղեկավարվում է ալ-Թանի արքայատոհմի ներկայացուցիչների կողմից[77][78]։ Վերջիններիս ազնվականական ընտանիքը ստեղծվել է 1825 թվականին և այդ տարվանից էլ ազդեցիկ դեր ունի Կատարում։ 2003 թվականին ընդունվեց Կատարի սահմանադրությունը, որը նախատեսում էր ստեղծել 30-45 անդամներից բաղկացած օրենսդիր խորհուրդ[79][80]։ Սահմանադրությունն ընդունվեց այն բանից հետո, երբ Կատարի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 98 %-ը, հանրաքվեի արդյունքում կողմ քվեարկեց սահմանադրամիապետությանը։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ չնայած Կատարը իրավականորեն ունի բացարձակ միապետության կառավարման համակարգ, այնուամենայնիվ խորհրդարանի լիազորությունների առկայությունը վերջինիս դարձում է սահմանադրական միապետություն։
Կատարի պետության գլուխն էմիրն է։ 2013 թվականի հունիսի 25-ից ի վեր այդ պաշտոնում պաշտոնավարում է Թամիմ բեն Համիդ ալ-Սանին, ով թվով ութերորդ էմիրն է Կատարի պատմության մեջ[81]։ Էմիրն ունի վարչապետ և նախարարներ նշանակելու և պաշտոնից ազատելու բացառիկ իրավունք։ Նախարարները միասին ձևավորում են Կատարի նախարարական խորհուրդը, որն էլ իր հերթին հանդիսանում է երկրի բարձրագույն գործադիր մարմինը[82]։ Նախարարական խորհուրդը ևս ընդունված է օրենսդրությամբ։ Նախարարների կողմից առաջարկվող օրենքները վերընթերցվում են խորհրդակցական խորհրդի պաշտոնյաների կողմից, որից հետո վավերացվում են էմիրի կողմից։ Խորհրդակցական ժողովն ունի նախապատրաստելու և հաստատելու (վերջնական որոշումը կայացնում է էմիրը) սահմանափակ իրավունք։ Կատարում 1970 թվականից ի վեր չեն անցկացվել օրենսդրական ընտրություններ։ Կառավարության հրամանագրով նման ընտրություններ երկրի տարածքում կանցկացվեն 2019 թվականին[83]։ Կատարի օրենսդրությունն արգելում է պետական պաշտոնյաններին զբաղվել առևտրաարդյունաբերական գործունեությամբ։ Այն նաև չի թույլատրում քաղաքական մարմինների կամ արհմիությունների ստեղծումը[84]։
Շարիաթական օրենքներ
Կատարի սահմանադրության համաձայն երկրի աշխարհիկ օրենսդրության հիմնական աղբյուրը շարիաթն է[85][86]։ Իրենց հերթին շարիաթի աղբյուրներն են Ղուրանը, Հադիսը, սուննան, իջման (իսլամի քարոզիչների ասույթներ) և ղիյասը (Ղուրանի և սուննայի մեկնաբանություն)։ Գործնականում Կատարի պետության իրավական համակարգը կարելի է համարել քաղաքացիական իրավունքի և շարիաթի օրենքի խառնուրդ[87][88]։ Շարիաթի օրենքը վերաբերվում է ընտանեկան իրավունքին, ժառանգությանը և մի քանի քրեական գործերի (ներառյալ ընտանեկան դավաճանությանը, կողոպուտին և սպանությանը)[89]։ Որոշ դեպքերում շարիաթի վրա հիմնված քաղաքացիական վարույթներ քննող դատարանները կնոջ վկայությունը համարում են որպես կես ձայն։ Շարիաթի օրենքը սահմանում է նաև իրավախախտմանը հաջորդած պատժամիջոցները։ Ալկոհոլի օգտագործման կամ անօրինական սեռական հարաբերությունների համար որպես պատժամիջոց շարիաթը սահմանում է մտրակահարություն կամ գանակոծում։ Կատարի քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածը հայտարարում է, որ շնություն գործած անձիք դատապարտվում են մտրակի 100 հարվածների[90]։ 2006-2010 թվականների ընթացքում անօրինական սեռական հարաբերությունների կամ ալկոհոլի իրացման համար պատժվել է 18 մարդ, որոնց հիմնական մասը եղել են օտարերկրյա քաղաքացիներ[91][92]։ Միևնույն ժամանակ Կատարի սահմանադրությունում գրված է, որ նման դատավճիռները կայացվում են միայն իսլամադավանների համար, քանի որ վերջիններս համարվում են համեմատաբար ավելի առողջ[93]։ 2013 թվականին 40 մուսուլման արտասահմանցիներ մեղադրվել են խաբեության մեջ, իսկ մեկ տարի անց նույնքան քաղաքացիական անձինք մեղադրվել են ալկոհոլ իրացնելու և դրա ազդեցության տակ մեքենա վարելու մեջ[94]։ Քարկոծումը Կատարում համարվում է պատժի օրինական տեսակ։ Օրենսդրությամբ մահապատիժ սահմանվում է միայն հավատուրացության և համասեռամոլության համար։ Աստվածանարգության համար սահմանված է մինչև յոթ, իսկ հավատորսության համար մինչև տաս տարի ազատազրկում։ Ալկոհոլի սպառումը մասամբ օրինական է Կատարում. որոշ բարձրակարգ հյուրանոցներին թույլատրվում է ալկոհոլ վաճառել իրենց ոչ մուսուլմանական հաճախորդներին[95][96][97]։ Կատարի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ թույլատրել «երկրպագուների գոտիներում» տեսակի ալկոհոլային խմիչքի օգտագործումը[98]։ 2014 թվականն ընդունվել է օրենք, որը չի խրախուսում Կատարի կին զբոսաշրջիկների շրջանում անթև վերնաշապիկների կամ կարճ զգեստներ կրելը[99]։ Տղամարդկանց համար արգելք է հանդիսանում շորտեր և ֆուֆայկաներ հագնելը[100]։
Մարդու իրավունքներ
Ինչպես արաբական մյուս երկրներում, այնպես էլ Կատարում, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ժամանակ առ ժամանակ խախտվում են։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով ամեն տարի Ասիայի և Աֆրիկայի տարբեր հատվածներից Կատար են գաղթում տասնյակ աշխատավորական խմբեր, որոնք այստեղ ծառայում են որպես էժան աշխատուժ։ Շատ դեպքերում նրանք լինում են ցածր որակավորում ունեցող աշխատողներ կամ տնային ծառաներ։ Աշխատանքային իրավունքի հիմնական խախտողը գործատուն է, ով աշխատավարձ վճարելուց խուսափելու համար որոշ դեպքերում սահմանափակում է օտարերկրյա քաղաքացու ազատությունը (օրինակ՝ աշխատողից վերցնելով անձնագիրը, ճանապարհորդական փաստաթղթերը կամ ելքի թույլտվությունը)։ Օտարեկրացի աշխատողների իրավունքների խախտումների դրսևորումներից է նաև կամայական կալանքն ու սեռական բռնությունը (Կատարի սահմանադրության համաձայն քրեորեն դատապարտելի է)[101]։ Երկրի օրենսդրության համար, որպես հիմք շարիաթն ընդունելը հակասում է աշխարհիկ պետական կարգերին, մարդու իրավունքներին, մտքի ազատությանը և կանանց իրավունքներին։ 2014 թվականից Կատարի քրեական օրենսգրքի որոշ դրույթներ թույլ են տալիս, որպես պատժամիջոց կիրառել քարկոծումն ու մտրակահարությունը։ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն գտնում է, որ այդ գործելակերպը խախտում է համապատասխան կոնվենցիան[102][103]։ Կատարում միասեռական գործողություններն ապօրինի են և կարող են հանգեցնել մահապատժի։ Կատարում մինչ օրս գործում է վիզայի հովանավորչական համակարգը, որը նպաստում է ներգաղթի ցուցանիշի բարձրացմանը։ Ներգաղթյալների աշխատանքային համակարգի հետաքննություն իրականացումը համարվում է Կատարի իրավական համակարգի առանցքային խնդիրներից մեկը[104]։ 2014 թվականի մայիսին հրապարակել են ավելի քան 60 առաջարկներ, որոնք ուղղված են փախստականների կենսապայմանների բարեփոխմանը, ելքի վիզաների վերացմանը և նվազագույն աշխատավարձի սահմանմանը։ 2012 թվականի մայիսին Կատարիի իշխանությունները հայտարարել են անկախ արհեստակցական միության ստեղծման վերաբերյալ իրենց նախաձեռնության մասին[105]։ Պաշտոնական Դոհան նաև հայտարարեց, որ օտարերկրյա աշխատուժի համար երկրում կվերացվի հովանավորչական համակարգը։ Արդյունքում՝ բոլոր օտարերկրյա աշխատողները կհովանավորվեն տեղացի գործատուների կողմից[106]։ 2015 թվականի սկզին ընդունվեց մի օրինագիծ, որի համաձայն աշխատողների աշխատավարձը ժամանակին վճարելու դեպքում գործատուն (իրավաբանական անձ կամ կազմակերպություն) կունենա մեծ կորուստներ[107]։ Չնայած վերջին տարիներին իրականացված իրավական համակարգի բարեփոխումներին՝ Կատարում մարդու իրավունքների գերակայության հաստատման առջև ծառացած արդիական խնդիրներից են կոռուպցիան և կանանց իրավունքների ոտնահարումը[108][109][110]։
Արտաքին հարաբերություններ
Լինելով խոշոր հարևաններ ունեցող փոքր պետություն՝ Կատարը փորձում է տարածաշրջանում սփռել ազդեցությունը՝ պաշտպանելով իր պետականությունն ու իշխող արքայատոհմը[111]։ Կատարի պատմության ընթացքում վերջինիս կազմած դաշինքները հնարավորություն են տալիս հասկանալ այս երկրի քաղաքականության հիմքերը։ 1760-1971 թվականներին Կատարը ձգտում էր հանդես գալ Օսմանյան կայսրության, Միացյալ Թագավորության, Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի կազմում[112]։ Կատարի աճող միջազգային պրոֆիլը և տարբեր միջազգային գործերին միջնորդելը հանգեցրեց նրան, որ որոշ վերլուծաբանների կողմից Կատարը սկսեց դիտարկվել, որպես միջին ուժ։ Կատարն անդամակցում է տարածաշրջանային այնպիսի կառույցների, ինչպիսիք են նավթ արտահանող երկրների կազմակերպությունը, Արաբական պետությունների լիգան և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (հիմնադիր-անդամ)։ Երկիրը չի ընդունում արդարադատության միջազգային դատարանի հարկադիր իրավասությունները։
Կատարը երկկողմ բարիդրացիական հարաբերություններ ունի արտասահմանյան տարբեր մեծ ու փոքր պետությունների հետ։ Կատարի տարածքում գտնվող ալ-Ուդեյդ բրիտանա-ամերիկյան ավիաբազան հանդես է գալիս որպես Պարսից ծոցում ամերիկյան և բրիտանական ռազմաօդային ուժերի բոլոր գործողությունների կենտրոն[113]։ Օդային բազան օգտագործվել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ զենք և զինուժ մատակարարելու համար[114]։ Չնայած ռազմավարական նման օբյեկտի տեղակայմանը՝ Կատարը միշտ չէ, որ ուժեղ արևմտյան դաշնակից է եղել։ Կատարը Աֆղանստանի թալիբներին թույլ է տվել իր երկրի ներսում ստեղծել քաղաքական գրասենյակ և սերտ կապեր ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ (ներառյալ՝ բնական գազի միասնական դաշտ)[115]։ Ըստ «Նյու Յորք Թայմս» հեղինակավոր ամսագրի՝ Կատարի հակաահաբեկչական ջանքերն «ամենավատն են տարածաշրջանում»։ Կատարի և Իրանի պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի արդյունքում ստեղծվել է աշխարհի խոշորագույն ոչ հեռահաղորդակցային գազատարը[116]։ Կատարը դարձավ երկրորդ երկիրը Ֆրանսիայից հետո, որը հրապարակավ Լիբիայի ընդդիմությանը ճանաչեց որպես այդ երկրի օրինական կառավարություն՝ 2011 թվականի քաղաքացիական պատերազմի ընթացքում[117]։ 2014 թվականին Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Կատարին մեղադրեցին «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական և ահաբեկչական կազմակերպությանն ու Սիրիայի ծայրահեղականներին աջակցելու համար[118]։ Արդյունքում՝ վերոնշյալ երկրները 2014 թվականին ետ կանչեցին իրենց դեսպաններին Կատարից[119]։ Ալ-Ջազիրայի տվյալներով «բազմաթիվ զեկույցներ ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի զինվորները Եմենում անխնա հարձակում են գործում խաղաղ բնակիչների վրա և քաղաքացիական բնակավայրերում օգտագործում են կլաստերային ռումբեր, որն էլ համարվում է միջազգային իրավունքի խախտում»[120]։ Վերջին տարիներին Կատարի ռազմատենչ իսլամիստական ջոկատները մի շարք երկրներում, այդ թվում Եգիպտոսում, Սիրիայում, Լիբիայում, Սոմալիում և Մալիում իրականացնում են ռազմական առաքելություններ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Դեյվիդ Քոենը նշել է, որ Կատարը «իրավասու է, ահաբեկիչների ֆինանսավորման թույլատրության համար»[121][122]։
2015 թվականին Կատարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան սկսեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմի շրջանակներում բացահայտ կերպով աջակցել Սիրիայի նվաճողական բանակին՝ հակակառավարչական ուժերի դեմ պայքարում[123]։ Այդ մասին հաղորդում է պաշտոնական ալ-Քաիդան[124]։ Կատարն դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Մուրսիին անգամ հեղաշրջմանը նախորդող ժամանակահատվածում[125][126]։ Մուսիի նախագահության տարիներին ֆինանսկաան խնդիրները հաղթահարելու համար Կատարը Եգիպտոսին առաջարկել է 7.5 միլիարդ դոլար վարկ[127]։ 2012 թվականի սկզբին Կատարն ու պաղեստինյան Համաս կուսակցությունն առաջին անգամ համասեռամոլության համար սահմանեցին մահապատիժ[128]։ Այդ որոշումը քննադատության է ենթարկել Իսրայելի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի կողմից։ Նրանք մեղադրել են Կատարի կառավարությանը «Համասին աջակցելով տարածաշրջանային անկայունությունը խորացնելու մեջ»[129]։ Ի պատասխան սրա՝ պաշտոնական Դոհան հայտարարել է, որ իրենց երկիրը աջակցում է ոչ թե Համասին, այլ Պաղեստինին[130]։ Նույն տարում Կատարը 1 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրեց Գազային։ 2017 թվականի հունիսի 5-ին Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան և Մալդիվները խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Արաբական երկրները մեղադրում են Կատարին՝ «Մուսուլման եղբայրներ», «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, ինչպես նաև շիա Իրանի հետ սերտ կապեր ունենալու մեջ[131]։ Սաուդյան Արաբիան բացատրեց, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը կարևոր միջոցառում էր թագավորության անվտանգության ապահովման համար։ Կատարի դիվանագիտական ճգնաժամից հետո Կատարական զորքերը դուրս բերվեցին Եմենից, իսկ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը փակեց իր օդային տարածքն ու նավահանգիստները Կատարի տրանսպորտային միջոցների համար[132][133]։
Հայ-Կատարական հարաբերություններ
Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997 թվականի նոյեմբերի 5-ին՝ համապատասխան իրավական ակտով[134]։ Ըստ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը նշանակալի տեղ է զբաղեցնում, և արաբական աշխարհի հետ Հայաստանն ունի յուրահատուկ հարաբերություններ՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության վրա[135]։ Ե՛վ հայկական, և՛ Կատարական կողմն իրենց հայտարարություններում բազմիցս միմյանց անվանել են բարեկամական երկրներ։ Հայաստանը կարող է Կատարի համար դառնալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկխոսությունների միջնորդ։ Որոշակի առումով Հայաստանը կարող է նաև կապող օղակի դեր ստանձնել Կատարի և Ռուսաստանի Դաշնության միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-Կատարական հարաբերություններն անցել են որոշակի վայրիվերումների շրջաններ, բայց այս պահին բռնել են կայունացման ուղին[136]։ 1999 թվականի փետրվարին աշխատանքային այցով Կատարի մայրաքաղաք Դոհա է մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը[137]։ 2002 թվականի ապրիլին հերթական աշխատանքային այցը Կատարել է Ռոբերտ Քոչարյանը, ով եղել է Հայաստանի առաջին նախագահը, ով այցելել է Կատար[137]։ Հայաստանի նախագահը Կատարցի գործընկերների հետ կնքել է հայ-Կատարական առաջին համաձայնագրերը՝ առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ։ 2002 թվականին ստեղծվել է հայ-Կատարական միջկառավարական համատեղ հանձնաժողով։ Հայաստանի և Կատարի հարաբերությունների համար շրջադարձային է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Դոհա Կատարած այցը, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին[136]։ Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Այցի ընթացքում կողմերը նշել են հայ-Կատարական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Հայաստանում Կատարի շահերը ներկայացնում է Թեհրանի Կատարական դեսպանությունը (2010 թվականի հունիսից Հայաստանում Կատարի դեսպանն է Իբրահիմ Աբդ ալ-Ռահման ալ-Մեղայիսիբին, որի նստավայրը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում)։ Դոհայում դեռևս հայկական դեսպանություն չի գործում[135][136]։
Զինված ուժեր
Կատարի զինված ուժերի գլխավոր գործառույթը երկրի անկախության և անվտանգության պահպանությունն է։ Զինված ուժերի խնդիրներները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական և պետական կարգով, ինչպես նաև Կատարի արտաքին և ներքին քաղաքականությամբ։ Կատարի զինված ուժերն օգտագործվում են արտաքին թշնամիներից պաշտպանվելու և այլ խաղաղապահ նպատակներով և հանդիսանում են Կատարական արտաքին քաղաքականության գլխավոր հենարանը։ Կատարական բանակում ծառայում է ավելի քան 11 հազար զինվորական և սպա։ Ցամաքային զորքերում ծառայում են 8500, ռազմածովային նավատորմում՝ 1800, իսկ օդուժում՝ 1500 անձինք։ Կատարի պաշտպանության ծախսերը 1993 թվականին հաշվառվել են ամբողջ երկրի համախառն ներքին արդյունքի 4.2 %-ը, իսկ 2010 թվականին՝ 1.5 %-ը[138]։ Վերջին տարիներին Կատարի Պետությունը պաշտպանության երաշխավորող պայմանագրեր է կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, ինչպես նաև Ֆրանսիայի հետ։ Ավելի վաղ Կատարը նման պայմանագրեր է կնքել նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամների՝ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Օմանի հետ[139]։ Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղակայված ալ-Ուդեյդ ավիաբազան ծառայում է ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների համար, որպես ռազմաօդային կայանք մերձավորարևելյան տարածաշրջանում։ Կատարի հատուկ նշանակության ուժերը վերապատրաստվում են Ֆրանսիայի Հանրապետությունում և արևմուտքի մի շարք երկրներում[140]։ Նրանք տիրապետում են բավականաչափ մարտավարական հմտությունների։ Կատարի զինված ուժերի առաջին մարտավարական փորձերը եղել են 2011 թվականի լիբիական քաղաքացիական պատերազմի տարիներին։ Կատարական զինված ուժերը հատկապես կարևոր մասնակցություն են ունեցել Տրիպոլիի ճակատամարտին։
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի գնահատմամբ 2010 թվականի տվյալներով Կատարն աշխարհի 46-րդ ամենախոշոր զենք ներկրող պետությունն է։ Չնայած այս ամենին՝ շվեդական նույն ինստիտուտի համոզմամբ վերջին տարիներին Կատարը զգալի առաջընթաց ունի այդ ցուցանիշում։ 2016 թվականին Կատարը դարձել է 11-րդն այդ ցանկում։ Կատարի զինված ուժերը մասնակցել են Եմենի քաղաքացիական պատերազմին։ Եմենի մայրաքաղաք Սանաայի գրոհի ժամանակ Կատարական ուժերը քաղաքացիական բնակավայրերում օգտագործել են կասետային ռումբեր, որը միջազգային իրավունքի խստագույն խախտում է։ Կատարի դաշնակից Սաուդյան Արաբիայի կողմից ռմբակոծվել են նաև հիվանդանոցներ և այլ հասարակական կառույցներ[141][142]։
Կատարը վարչականորեն բաժանված է յոթ շրջանների, որոնք բնօրինակ արաբերենով կոչվում են բալադիյահներ (արաբ․՝ بلديات)։ Քաղաքամայր Դոհան ունի մայրաքաղաքային ինքնավարություն և առանձին բալադիյահի կարգավիճակ[143]։
№ | Բալադիյահ | Վարչական կենտրոն | Տարածք,
կմ² |
Բնակչություն
(2010) |
Խտություն
մարդ/կմ² |
ISO կոդ |
---|---|---|---|---|---|---|
1 | ալ-Դոհա | Դոհա | 234 | 796 947 | 3405,76 | QA-DA |
2 | ալ-Դայիան | ալ-Դայիան | 236 | 43 176 | 182,95 | QA-ZA |
3 | ալ-Խոր | ալ-Խոր | 1551 | 193 983 | 125,07 | QA-KH |
4 | ալ-Վակրա | ալ-Վակրա | 2520 | 141 222 | 56,04 | QA-WA |
5 | ալ-Ռայիյան | ալ-Ռայիյան | 5818 | 455 623 | 78,31 | QA-RA |
6 | ալ-Շամալ | ալ-Շամալ | 902 | 7975 | 8,84 | QA-MS |
7 | ալ-Սալալ | ալ-Սալալ | 310 | 60 509 | 195,19 | QA-US |
Ընդհանուր | 11 571 | 1 699 435 | 146,87 |