Կրետներ
From Wikipedia, the free encyclopedia
Սա թաղանթաթևավոր խայթող միջատների (բացառությամբ մեղուների և մրջյունների) ընտանիքների ընդհանուր անվանումն է։ Առավել հայտնի է ծալկաթև կրետների ընտանիքը, որը բաժանվում է 2 ենթաընտանիքի՝ հասարակական և միայնակ։ Հայտնի է կրետների 20 հզ. տեսակ։ Տարածված են առավելապես արևադարձային երկրներում։ Հայաստանում լայնորեն տարածված է արևելյան ձիաստացը։ Կրետներն ունեն ծնկաձև բեղիկներ և 2 զույգ թաղանթաթևեր։ Կրետները միջին և խոշոր չափերի միջատներ են (երկարությունը՝ մինչև 40 մմ)՝ կրծքի և փորիկի միջև ցայտուն արտահայտված ցողունով։ Ունեն սև ու ոսկեգույն գունավորում։ Կրետի մեջքը բարակ է, իրանը՝ նուրբ ու բարեկազմ։ Փորիկի ծայրին թաքնված սուր խայթը նրանց զենքն է։ 2 զույգ թաղանթաթևերը նրանց օգնում են կտրել անցնել երկար տարածություններ և արագորեն փոխել թռիչքի ուղղությունը։ Թռչում կամ բույն են հյուսում խմբերով։ Եթե մեկը պատահմամբ կամ դիտավորյալ քանդում է կրետների բույնը, ապա նրանք բվվոցով վրա են պրծնում ու խայթում։ Նրանց խայթիչի հետ կապված են թունավոր գեղձերը, դրա համար էլ խայթած տեղը խիստ այտուցվում է, որն ուղեկցվում է այրող ցավով, գերզգայունության դեպքում հնարավոր է անաֆիլաքսային շոկ։ Մանր կենդանիները կրետի խայթոցից կարող են նույնիսկ սատկել։