Հալիկառնասոսի դամբարան
From Wikipedia, the free encyclopedia
Հալիկառնասոսի դամբարան, մ.թ.ա. չորրորդ դարում Փոքր Ասիայի հարավարևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Կառուցվել է Մավսոլոսի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից, ծառայել է որպես Փոքր Ասիայի ամենահզոր տիրակալի՝ Մավսոլոսի վերջին հանգրվան։ Հոյակերտ ճարտարապետությունը և քանդակագործական հրաշալի անսամբլը բավարար են, որպեսզի Հալիկառնասոսի դամբարանը հիրավի տպավորիչ կառույց ճանաչվի։
Դամբարանի ստեղծման պատմությունը
Դամբարանի շինարարությունը սկսվել է դեռևս Մավսոլոսի կենդանության օրոք։ Նա վարձել էր լավագույն ճարտարապետներին, և նրանց աշխատանքի պտուղը դարերի փառքով պսակվեց։ Մավսոլոսը Պարսկաստանի կայսրության գավառ Կարիայի սատրապն էր։ Նրա թագավորությունը գործնականում անկախ պետություն էր։ Մ․թ․ա․ 377-353 թվականներին իրականացված շինարարական հզոր նախագծերը Էգեյան ծովի ափին կանգնած Հալիկառնասոսը դարձրին հոյակապ քաղաք։ Մ․թ․ա․ 353 թվականին, երբ մահացավ Մավսոլոսը, շինարարության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նրա այրին և ժառանգորդը՝ Արտեմիսյան։ Նա նույնպես մահացավ մինչև շինարարության ավարտը, բայց շինարարները վճռել էին ավարտին հասցնել իրենց անգերազանցելի վարպետության հուշարձանը։ Չնայած հետագայում դամբարանն ավերվեց, բայց հնագետներին հաջողվել է նրա շատ գաղտնիքներ բացահայտել։ Հալիկառնասոսը հետագայում ստացավ Բոդրում անվանումը։ Քաղաքային թանգարանում այժմ դամբարանի մասունքներից որոշ նմուշներ են պահվում։