Հակամարմիններ
From Wikipedia, the free encyclopedia
Հակամարմիններ (իմունոգլոբուլիններ (Ig)), արյան շիճուկում գտնվող սպեցիֆիկ ճանաչման Y-ի ձև ունեցող սպիտակուցներ, որոնք կազմում են ադապտիվ (սպեցիֆիկ) իմուն պատասխանի մի մասը և օգտագործվում են իմուն համակարգի կողմից ճանաչելու և չեզոքացնելու համար օտարածին մասնիկները, օրինակ մարդու օրգանիզմ թափանցած բակտերիաներ, վիրուսներ, սպիտակուցային տոքսիններ և այլ հակածիններ։ Հակամարմինները հանդիսանում են հումորալ իմունիտետի գլխավոր գործոնները։ Կապվելով բակտերիաների կամ վիրուսների ակտիվ հատվածների (կենտրոններ) հետ՝ հակամարմինները, խոչընդոտում են դրանց բազմացումը կամ չեզոքացնում արտադրած թունավոր նյութերը (տոքսիններ)։ Հակամարմիններն իրականացնում են երկու ֆունկցիա՝ հակածին կապող և էֆեկտոր (առաջացնում են իմուն պատասխանի այս կամ այն տեսակը, օրինակ ակտիվացնում են կոմպլեմենտի համակարգը դասական ուղիով)։ Հակամարմինները սինթեզվում են պլազմատիկ բջիջների կողմից, որոնք անտիգենի ներկայությանն ի պատասխան ձևափոխված В-լիմֆոցիտներն են։ Յուրաքանչյուր հակածնի համար ձևավորվում է իր համար մասնագիտացված պլազմատիկ բջիջ, որը սինթեզում է սպեցիֆիկ հակամարմիններ։ Հակամարմինները հակածնին ճանաչում են կապվելով որոշակի էպիտոպի՝ հակածնի բնորոշ մակերեսային ֆրագմենտի կամ գծային ամինաթթվային շղթայի հետ։ Հակամարմինները կազմված են երկու թեթև և երկու ծանր շղթաներից։ Կաթնասունների մոտ առանձնացնում են հինգ դասի իմունոգլոբուլիններ՝ IgG, IgA, IgM, IgD, IgE, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես կառուցվածքով և ամինաթթվային կազմով, այնպես էլ էֆեկտոր ֆունկցիաներով։
Առաջին հակամարմինը հայտնաբերվել է Բերինգի և Կիտազատոյի կողմից 1890 թ.։ Սակայն հակամարմինների մոլեկուլյար բնույթի մասին հետազոտությունները սկսվել են միայն 1937 թ. Տիսելիուսի և Կաբատայի կողմից։ Նրանք կիրառում էին սպիտակուցների էլեկտրոֆորեզի մեթոդը՝ ցուցադրելով արյան շիճուկի գամմա-գլոբուլինային ֆրակցիայի մեծացում իմունիզացված կենդանիների մոտ։
Հակամարմինները գոյանում են փայծաղի, ավշահանգույցների, ոսկրածուծի պլազմատիկ բջիջներում։