Հայկական ժողովրդական կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական ժողովրդական կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստը Հայաստանում զարգացել է դարերի ընթացքում։ Ստեղծվել են ժողովրդական կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրակարգ նմուշներ (կահույք, գործվածք, գորգեր, կարպետներ, աշխատանքային գործիքներ, զգեստներ, զարդեր և այլն), որոնք, իբրև մշակութային ժառանգություն, անգնահատելի են։ Հայկական ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստի տարածված տեսակներից են արծաթագործությունը, գորգագործությունն ու կարպետագործությունը, ժանյակագործությունն ու ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակումները։ Դեկորատիվ-կիրառական արվեստի գրեթե յուրաքանչյուր բնագավառ ունեցել է իր դպրոցները, որոնք միմյանցից տարբերվել են կատարման տեխնիկայով, զարդաձևերի ինքնատիպությամբ և ոճական առանձնահատկություններով։