Մակաբուծություն
From Wikipedia, the free encyclopedia
Մակաբուծականություն, պարազիտիզմ, օրգանիզմների փոխհարաբերություն, երբ մի օրգանիզմ (մակաբույծը) օգտագործում է մյուսին (տիրոջը) որպես ապրելու միջավայր և սննդի աղբյուր։
Մակաբուծականությունը օրգանիզմների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում)։ Տարբերում են արտաքին մակաբուծականություն (էկտոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին մակաբուծականություն (էնդոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ օրգաններում և հյուսվածքներում։ Մակաբուծականությունը լինում է ժամանակավոր և մշտական։ Ժամանակավոր մակաբուծականությունը արտահայտվում է տարբեր ձևերով.
- մակաբույծը (օրինակ՝ արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու նպատակով,
- մակաբույծն (օրինակ՝ արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու,
- մակաբույծը (օրինակ՝ լվերը) տիրոջ վրա է անցկացնում իր ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը։
Մշտական մակաբուծականության դեպքում մակաբույծը չի կարող ապրել առանց իր տիրոջ (օրինակ, մալարիայի պլազմոդիում, էխինոկոկ և այլն)։ Մակաբույծները հաճախ այս կամ այն չափով վնասում են տիրոջը։ Ախտածին մակաբույծի ներկայությունը հիվանդություն կարող է և չառաջացնել, սակայն տերը մակաբույծի տարածման աղբյուր է դառնում (մակաբուծակրություն)։ Շատ մակաբույծներ հակածիններ են և տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, որն իր հերթին հանգեցնում է իմունիտետի ռեակցիաների։ Մակաբուծականության ուսումնասիրությամբ և մակաբույծների դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով զբաղվում են պարազիտոչոգիան, մանրէաբանությունը, վիրուսոչոգիան և ֆիտոպաթոչոգիան։