Միավորների համակարգեր
From Wikipedia, the free encyclopedia
Միավորների համակարգեր ֆիզիկայում, հիմնական և ածանցյալ միավորների խմբեր, որոնք կազմվում են ընդունված սկզբունքների համաձայն և վերաբերում են մեծությունների որոշակի համակարգի։ Միավորների համակարգերը կառուցվում են ֆիզիկական մեծությունների կապն արտահայտող տեսությունների հիման վրա։ Համակարգի միավորները սահմանելիս ֆիզիկական առնչությունների հաջորդականությունն ընտրվում է այնպես, որ յուրաքանչյուր հաշորդ արտահայտություն պարունակի միայն մեկ նոր ֆիզիկական մեծություն։ Դա թույլ է տալիս ֆիզիկական մեծության միավորը սահմանել նախօրոք ընտրված միավորներով, այսինքն, վերջին հաշվով՝ համակարգի հիմնական (անկախ) միավորներով։ Առաջին Միավորների համակարգերում հիմնական են համարվել երկարության և զանգվածի միավորները, օրինակ, Մեծ Բրիտանիայում՝ ֆուտը և անգլիական ֆունտը, Ռուսաստանում՝ արշինը և ռուսական ֆունտը։ Այդ համակարգերի մեջ մտնում էին նույն մեծության՝ ինքնուրույն անվանում ունեցող բազմապատիկ միավորներ (յարդը և դյույմը՝ անգլիականում, սաժենը, վերշոկը և ֆուտը՝ ռուսականում), որոնք բարդացնում էին ածանցյալ միավորների կազմումը։ Միավորների ազգային համակարգերի տարբերությունների հետ կապված դժվարությունները հանգեցրին Չափերի մետրական համակարգի մշակմանը (18-րդ դար, Ֆրանսիա)։
Մինչև Միավորների միջազգային համակարգին անցնելը (1960), գործածվել են տարբեր համակարգեր։