Շրջակա միջավայր
From Wikipedia, the free encyclopedia
Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայր։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով՝ հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում են միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։