Պահանջմունք (հոգեբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։
Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։
Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավոր առարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։