Ֆրանչեսկո Պետրարկա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Պետրարկա (իտալ.՝ Francesco Petrarca, հուլիսի 20, 1304[1][2], Արեցո, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][3] - հուլիսի 19, 1374[2], Արկուա Պետրարկա, Վենետիկի հանրապետություն[2][3]), աշխարհահռչակ իտալացի բանաստեղծ, հումանիստների ավագ սերնդի առավել հայտնի ներկայացուցիչ, իտալական Նախավերածննդի գլխավոր գործիչներից մեկը։ Վերածննդի հումանիստական մշակույթի և իտալական ազգային պոեզիայի հիմնադիրը։ Գրել է բազմաթիվ ստեղծագործություններ իտալերեն և լատիներեն լեզուներով, ներկայումս առավելապես հայտնի է Լաուրային գովերգող իր սոնետների, մադրիգալների, բալլադների, սեքստինների և կանցոնների ժողովածուով (Canzonier, բաղկացած է 366 բանաստեղծությունից)։
Նա Եվրոպայում առաջիններից էր, որ իդեալականացրեց անտիկ աշխարհը։ Չկտրվելով միջնադարյան աշխարհայեցողությունից՝ Պետրարկան քննադատաբար է վերագնահատել միջնադարյան սխոլաստիկան և հաստատել մարդու անհատական ազատության գաղափարը։ Գրել է լատիներեն փիլիսոփայական տրակտատներ, որոնցում արտահայտել է իր ապրած կրոն, ճգնաժամը։ Հոգևորի և մարմնականի հակադրության մեջ հակվել է գերադասելու երկրայինը, մարդկային հոգևոր-զգացական աշխարհը։ Նրա հումանիստական գաղափարները ուղեկցվել են ճգնավորական բարոյականության, աշխարհի ունայնության և անցողիկության քարոզով։