ՌՆԹ-պոլիմերազ
From Wikipedia, the free encyclopedia
ՌՆԹ-պոլիմերազ, ՌՆԹ-ի սինթեզ իրականացնող Ֆերմենտ է։ Ավելի նեղ իմաստով այս ֆերմենտը կոչվում է ԴՆԹ-կախյալ ՌՆԹ-պոլիմերազ, որը ԴՆԹ-ի մատրիցայի հիման վրա սինթեզում է ՌՆԹ-ի մոլեկուլ, այսինքն՝ իրականացնում է տրանսկրիպցիա։ Քիմիայի տեսանկյունից ՌՆԹ-պոլիմերազն իրենից ներկայացնում է նուկլեոտիդ-տրանսֆերազ, որը ՌՆԹ-ի շղթայի 3՛ ծայրից նուկլեոտիդներ է ավելացնում։ Այս դասին պատկանող ֆերմենտները շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար, ուստի հանդիպում են բոլոր օրգանիզմների բջիջներում և որոշ վիրուսներում։ Այն կարող է լինել որպես Սպիտակուցային կամպլեքս (բազմաենթամիավորային ՌՆԹ-պոլիմերազ) կամ կազմված լինել մեկ ենթամիավորից (պարզ ՌՆԹ-պոլիմերազ)։ Առաջինը հայտնաբերվել է բակտերիաների, արխեաների և էուկարիոտների մոտ, իսկ երկրորդը՝ ֆագերի մոտ և էուկարիոտների քլորոպլաստներում ու միտոքոնդրիումներում։ Բակտերիաները և արխեաներն ունեն մեկ տեսակի ՌՆԹ-պոլիմերազ։ Գոյություն ունի Էուկարոտների մի քանի տեսակ ՌՆԹ-պոլիմերազ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է ՌՆԹ-ի որոշակի տեսակի սինթեզի համար։ Բոլոր ՌՆԹ-պոլիմերազներն ունեն մետաղական կոֆակտորներ, դրանք են ցինկը և մագնեզիումը, որոնք իրենց մասնակցությունն ունեն տրանսկրիպցիայի գործընթացում։