Սողդիանա
From Wikipedia, the free encyclopedia
Սողդիանան (ինչպես նաև Սողդ և Սուղուդ հին հունարեն՝ Σογδιανή; պարս.՝ سغد - Sōġd; տաջ.՝ Суғд - Sughd; ուզբ.՝ So`g`d - Сўғд), մարզ Զարավշան և Կաշկադարյա գետերի ավազանում (այժմ՝ Ուզբեկստանի, և Տաջիկստանի տարածքում)։
Տարբեր ժամանակներում Սողդիանան մտել է պարսկական Աքեմենյանների կազմի մեջ։ Դարեհ I Մեծ-ի Բեհիսթունի արձանագրության մեջ Սողդիանան նշվում է որպես Աքեմենյան տիրապետության 19-րդ պրովինցիա։ Սողդիանան գտնվել է Բակտրիայից հյուսիս։ VII դարում գրավվել է արաբների կողմից։
Սողդի տարածքում են եղել Մարականդա (Սամարղանդ), Կիրոպոլիս և այլ քաղաքները։ Մ․ թ․ ա․ 6–4 դարերում մտել է Աքեմենյան տերության 11-րդ սատրապության կազմի մեջ։ Սողդի բնակչությունը զգալի քանակությամբ հարկ է վճարել արծաթով, մատակարարել թանկարժեք քարեր, պարսկական արքունիքին տրամադրել խոշոր զինվորական ուժեր։ Մ․ թ․ ա․ 329–328-ին Սողդի բնակիչները՝ Սպիտամենի (սպանվել է 328-ին) գլխավորությամբ, համառ դիմադրություն են ցույց տվել Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին։ Մ․ թ․ ա․ 323-ից հետո Սողդը մտել է Սելեկյանների թագավորության, մ․ թ․ ա․ 3-րդ դարից՝ Հունա-Բակտրիական թագավորության, իսկ մ․ թ․ առաջին դարերում՝ Քուշանական թագավորության կազմի մեջ։ 4–5-րդ դարերում․ Սողդը ենթարկվել է հեփթաղներին, 6–7-րդ դարերում․՝ Թյուրքական խաքանությանը։ 7-րդ դարի վերջին–8-րդ դարի սկզբին Սողդը նվաճել են արաբները։ 4–8-րդ դարերում Սողդի տարածքում գոյություն են ունեցել ինքնավար բազմաթիվ իշխանություններ (կարևոր է Սամարղանդինը)։ Սողդը զգալի դեր է ունեցել Արեևելքի տնտեսական և մշակութային կյանքում։ Մոնղոլիայից ու Չինաստանից Մերվ տանող կարավանային բոլոր ճանապարհներին գոյություն են ունեցել Սողդի առևտրա-հողագործական գաղութներ։ Սողդի բարձր մշակույթի մասին են վկայում հնագետների բազմաթիվ հայտնագործությունները նրա տարածքում։