Սպեկտր
From Wikipedia, the free encyclopedia
Սպեկտր (լատ. spectrum - պատկերացում, պատկեր), ֆիզիկայում՝ տվյալ ֆիզիկական մեծության ընդունած տարբեր արժեքների համախումբ։ Սպեկտրները կարող են լինել անընդհատ և ընդհատ։ «Սպեկտր» հասկացությունն առավել հաճախ կիրառվում է տատանողական պրոցեսների, ինչպես նաև էլեկտրամագնիսական և օպտիկական երևույթների նկարագրության համար։ Լույսի աղբյուրների դասակարգումը կարելի է կատարել լույսի ալիքային տեսության հիման վրա։ Այս տեսակետից լույսի աղբյուրների ամենակարևոր դասակարգումը կարելի է իրագործել ելնելով նրանց ճառագայթած սպեկտրներից։ Ժամանակակից օպտիկական գործիքները, որոնք ծնունդ են առել պարզ սարքերի կատարելագործման հետևանքով, հնարավորություն են տալիս մանրամասնորեն ուսումնասիրել տարբեր աղբյուրների տված սպեկտրները։ Այդ գործիքները կոչվում են սպեկտրոսկոպներ, եթե նրանք նախատեսված են սպեկտրների տեսողական դիտման համար, և սպեկտրագիրներ՝ եթե նրանք հնարավորություն են տալիս լուսանկարել սպեկտրը։ Այդ գործիքների օգնությամբ հայտնաբերվել են սպեկտրների երեք հիմնական տեսակները, որոնք ստացել են գծային, շերտավոր և անընդհատ սպեկտրներ անունները։ Սպեկտրների յուրաքանչյուր տեսակը կարող է դիտվել և որպես ճառագայթման (էմիսիոն) սպեկտր, և որպես կլանման։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպեկտր (այլ կիրառումներ)