Սպերմատոզոիդ
From Wikipedia, the free encyclopedia
Սպերմատոզոիդ, Սերմնաբջիջ (հունարեն՝ σπέρμα (սեռ. σπέρματος) - սերմ, ζωή - կյանք և εἴδος - տեսակ)՝ արական գամետը, մարդու, կենդանիների և բազմաթիվ բույսերի արական սեռական բջիջ։ Առաջանում է առաջնային սեռական բջիջներից, զարգացման հատուկ պրոցեսի ընթացքում։
Պարունակում է քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Կենդանիների սերմնաբջիջներն ընդունակ են ակտիվ շարժվելու (բարենպաստ պայմաններում 2—5 մմ/ր արագությամբ) և բեղմնավորում են անշարժ կամ պասիվ ձվաբջիջը։ Տարբերվում են ձևով և չափերով (50-500 մկմ, միջատներինը՝ մինչև մի քանի մմ)։
Բույսերի սերմնաբջիջն (անթերոզոիդ) առաջանում է անթերիդիումներում։ Սերմնավոր բույսերի մեծամասնության սերմնաբջիջները զուրկ են մտրակներից և չեն տեղաշարժվում։ Որոշ ջրիմուռներ, մամուռներ, սնկեր, պտերներ, սելագինելներ, սագոենիներ ունեն (շարժման ուղղությամբ) առջևում տեղադրված երկու (հազվադեպ մեկ) և ավելի մտրակիկներով սերմնաբջիջներ։ Ի հակադրություն այլ բուսական բջիջների, սերմնաբջիջները չունեն թաղանթանյութե պատյան։ Հատկանշական է մեծ կորիզը և ցիտոպլազմայի չնչին քանակությունը։ Սերմնաբջջի շարժումը դեպի ձվաբջիջ պայմանավորվում է քեմոտաքսիսով։