Ստոիցիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ստոիցիզմը հունարեն ստոյա բառից է առաջացել, ինչը թարգմանաբար նշանակում է սրահ, սյունագավիթ։
Ստոիցիզմ, ստոյիկականություն կամ ստոիկյան դպրոց, հելլենիստական և Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի գլխավոր փիլիսոփայական ուղղություններից մեկը։ Գլխավոր տեղը ստոիկյան փիլիսոփայության մեջ գրավում է բարոյագիտոթյունը, որը հենվում է ֆիզիկայի (բնափիլիսոփայության) և տրամաբանության վրա։
Անունը ստացել է Աթենքի պատկերազարդ սյունագավիթից (Stoa Poikile), որտեղ ստոյիկականության հիմնադիր Զենոն Կիտիոնացին իր հետևորդներին էր ներկայացնում ստոիկյան ուսմունքը։
Ստոյիկականության պատմության մեջ տարբերում են երեք ժամանակաշրջան` հին կամ ավագ (մ.թ.ա. IV դարի վերջ — մ.թ.ա. II դարի կեսեր), միջին (մ.թ.ա. II—I դարեր, նշանավոր ներկայացուցիչներ` Պանետիոս, Պոսիդոնիոս) և ուշ (մ.թ. I—III դարեր)։
Հին ստոյիկականության ներկայացուցիչներից առավել հայտնի են Զենոն Կիտիոնացին, Կլեանթեսը և Քրիսիպոսը։ Հին Հռոմում ստոյիկականության նշանավոր ներկայացուցիչներն էին Սենեկան, Էպիկտետոսը և կայսր Մարկոս Ավրելիոսը։ Ստոիկյան դպրոցի փիլիսոփաների աշխատություններից ամբողջական տեսքով մեզ են հասել միայն ուշ կամ Հռոմեական Ստոյայի ներկայացուցիչների գրվածքները. հին և միջին շրջանից պահպանվել են միայն ստեղծագործությունների պատառիկներ։