Վիսլա
From Wikipedia, the free encyclopedia
Վիսլա (լեհ.՝ Wisła, vʲiswa, գերմ.՝ Weichsel), ամենաերկար գետը Լեհաստանում։ Երկարությունը 1047 կմ է[1][2] (այդ ցուցանիշով առաջին տեղն է գրավում Բալթիկ ծովի ավազանում և իններորդ տեղը՝ ամբողջ Եվրոպայում), ջրահավաք ավազանի մակերեսը՝ 193, 960 հազար կմ2, որից 168,868 քառակուսի կիլոմետրը գտնվում է Լեհաստանում[3]։ Սկիզբ է առնում Լեհաստանի հարավում գտնվող, Արևմտյան Կարպատների մաս կազմող Սիլեզյան Բեսկիդներ լեռնազանգվածի Բառանյա Գոռա սարից՝ ծովի մակերևույթից 1220 մետր բարձրությունից, Բյալա Վիսելկա (Biała Wisełka) և Չառնա Վիսելկա (Czarna Wisełka)[4] ճյուղավորումներով։ Թափվում է Բալթիկ ծովի Գդանսկի ծոցը։
Խոշոր վտակներից են Դունաեցը, Վիսլոկան, Սանը, Վեպշը, Բուգը, Պիլիցան, Բրդան։ Ամռանը և ձմռանը հաճախակի են վարարումները, լինում են աղետալի հեղեղումներ։ Սառցակալումը անկայուն է։
Ջրի միջին ծախսը Կրակովի մոտ 84 մ3/վրկ է, Տչևի մոտ՝ 1030 մ3/վրկ։ Նավարկելի է մինչև Պշեմշիի գետաբերանը (940 կմ)։ Վիսլայի և նրա վտակների հոսքը կարգավորելու համար կառուցվել են ջրամբարներ, հէկեր։ Ջրանցքներով միացած է Դնեպրի, Օդրայի, Նեմանի հետ։
Վիսլայի ափերին են Սանդոմեժը, Վլոցլավեկը, Կրակովը, Վարշավան, Պլոցկը, Տորունը, Բիդգոշչը, Տչևը, դելտայում՝ Գդանսկը։
Գետը հաճախ է հիշատակվում լեհական մշակույթի, պատմության, ինքնության առնչությամբ։ Երկրի առավել կարևոր ջրուղին է, նրա բնական խորհրդանիշը, իսկ «Վիսլայի երկիր» (լեհ.՝ kraj nad Wisłą) արտահայտությունը «Լեհաստան» տեղանվան հոմանիշն է[5][6][7]։