Վրաստանի օկուպացված տարածքներ
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստանի օկուպացված տարածքներ (վրաց.՝ საქართველოს ოკუპირებული ტერიტორიები), տիրույթներ, որոնք օկուպացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում։ Այդ տարածքներն են Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունը և նախկինում Վրացական ԽՍՀ-ի մաս կազմող Հարավային Օսիայի ինքնավար մարզը (Վրաստանի վարչական բաժանման համաձայն նախկին մարզի տարածքը բաժանվել է վրացական երկու մխարեների միջև)։ Ներկայումս՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրն է։
- Այս հոդվածը Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին է։ Դե ֆակտո անկախ պետությունների միջազգային ճանաչման վերաբերյալ տե՛ս Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում հոդվածը
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում ռուսական բանակն օկուպացնում է Աբխազիան և Հարավային Օսիան, ինչպես նաև հրետակոծությունների ենթարկում մայրաքաղաք Թբիլիսին։ Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ գրավված տարածքներում տեղադրվում են ռուսական ռազմակայաններ։ Այնուհետև այս տարածքներում ստեղծվում են անկախ պետական կազմավորումներ և Ռուսաստանը դառնում է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Դրանից հետո սկսվել է երկու ինքնահռչակ երկրների իշխանական մարմինների ձևավորման գործընթացը։ Այդ գործընթացի ավարտից հետո երկու երկրների և Ռուսաստանի միջև կնքվում են ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր։ Արդյունքում՝ ռուսական զորքերը հաստատվում են վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանագծերին։
Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք միջազգային հանրության գերակշիռ մասի կողմից ճանաչված են, որպես Վրաստանի անբաժանելի մաս, նախքան օկուպացումը կազմել են Վրաստանի տարածքի 20 %-ը։ 2008 թվականին ընդունվել է «Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենք», որը քրեականացնում է մուտքը Աբխազիա և Հարավային Օսիա։ Վրացական օրենքը արգելում է նաև տնտեսական կամ ֆինանսական գործունեություն ծավալել գրավյալ տարածքներում։ Վրաստանը և միջազգային հանրությունը (Չեխիան, Լատվիան, Լիտվան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը և այլն) Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչում է, որպես զինագրավված տարածքներ՝ միևնույն ժամանակ դատապարտելով Ռուսաստանի զավթողական գործունեությունը։