Բագրատիոնիներ
From Wikipedia, the free encyclopedia
Բագրատունիներ վրաց (վրաց.՝ ბაგრატიონები, «Բագրատիոնիներ»), թագավորական հարստություն Վրաստանում 9-19-րդ դարերում։ Մի շարք գիտնականների ուսումնասիրություններում պարզված է, որ վրաց Բագրատունիների հիմնադիրը եղել է 775 թվականին ծագումով հայ Վասակ Բագրատունին։ 9-րդ դարի կեսից Բագրատունիները հաջողությամբ պայքարել են Տփղիսի արաբական ամիրայության դեմ. նրան աջակցել են հայ Բագրատունիները։ Վերջիններս խալիֆայի կողմից 862 թվականից, սկսած Աշոտ Ա-ից, ճանաչված էին Հայոց և Վրաց իշխանաց իշխաններ։ Այնուհետև Բագրատունիները պայքարել են վրացական հողերը միավորելու համար։ Այս ուղղությամբ առաջինը լուրջ քայլեր է արել Բագրատ III (978-1014 թթ.)։ Բագրատի հաջորդները պայքարել են սելջուկ-թուրքերի և տեղական անհնազանդ իշխանների դեմ։ Վրաց Բագրատունիների ականավոր ներկայացուցիչներն էին Դավիթ Շինարարը (1089-1125 թթ.), Գեորգի III (1156-1184 թթ.), Թամարը (1184-1213 թթ.)։ Սելջուկ-թաթարների արշավանքների հետևանքով Բագրատունիները թուլացել են և դարձել հարկատու Ոսկե Հորդային։ Գեորգի V–ին հաջողվել է ազատվել մոնղոլներին հարկ տալուց, միավորել երկիրը։ Լենկթեմուրի արշավանքների, ֆեոդալական երկպառակությունների հետևանքով Բագրատունիների իշխանությունը վերստին թուլացել է։ 1801 թվականին, Վրաստանի Ռուսաստանին միանալուց հետո, Բագրատունիների թագավորական իշխանությունը վերացվել է։