Տաղավար տոներ
From Wikipedia, the free encyclopedia
Տաղավար կամ Տաղավար տոներ են կոչվում Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տերունի տոները, որոնք ունեն շաբաթապաս (Պահք), նավակատիք, մեռելոց և տևում են մի քանի օր։ Այդ տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց։ Հին կտակարանում նկարագրվում է հրեաների մեծահանդես արարողությամբ տոնակատարվող Տաղավարահարաց տոնը՝ աշնանային բերքահավաքի տոնը. կատարվել է յոթերորդ ամսվա 15-րդ օրը և տևել յոթ օր (Ղևտ. 23.33–43, Բ Օր. 16.13–17)։ Տաղավարահարաց տոնը հիշատակվում է նաև Նոր կտակարանում (Հովհ. 7.2–10), նաև հիշատակվում են Հիսուսի ուսուցումները տոնակատարության ժամանակ (Հովհ. 7.11–24, 37–39)։ Այդ օրերին հրեաները յոթ օր ապրել են վրաններում (տաղավարներում, այստեղից էլ՝ տոնի անունը) և մեծ տոնախմբություններով, ողջակեզ մատուցելով, հանդեսներով երախտագիտություն հայտնել Աստծուն՝ պարգևած բարիքների համար։ Ենթադրվում է, որ Տաղավար անվանումն առաջացել է այդտեղից և գործածական դարձել քրիստոնեական մեծ Տերունի տոների համար։