Տիգրան Հոնենց
From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Հոնենց (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 13-րդ դարի հայ խոշոր մեծատուն։ Չունենալով ազնվատոհմ ծագում՝ հարստացել է հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ և առևտրով։ Զաքարիա և Շահնշահ Զաքարյանների օրոք Անիում վարել է տնտական բնույթի բարձր պաշտոն (հավանաբար, հարկային վերակացու)։ Ձեռք է բերել խոշոր կալվածներ, գյուղեր, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ և այլն։ Ենթադրվում է, որ Տիգրան Հոնենցին են պատկանել Անիի որոշ թաղամասեր։ 1213 թվականին իր միջոցներով վերանորոգել է Անիի Մայր տաճարի աստիճանները, 1215 թվականին կառուցել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (հայտնի է նաև Տիգրան Հոնենցի եկեղեցի անունով)։ Ըստ եկեղեցու հարավային պատին թողած արձանագրության, նա այդ եկեղեցուն նվիրաբերել է գյուղեր, այգիներ, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ, ջրմուղ, բաղնիք (պեղվել է 1893 թվականին)։ Տիգրան Հոնենցի միջոցներով է կառուցվել նաև Կուսանաց վանքի Ս․ Հռիփսիմե եկեղեցին, վերանորոգվել Բեխենց վանքը, կերտվել են խաչքարեր, պաշտպանական մի շարք շինություններ։ Ըստ Հ․ Օրբելու, թաղվել է Ծաղկոցաձորի քարայրային (ժայռափոր) դամբարանում (պեղվել է 1907 թվականին)՝ Հոնենցների տոհմական գերեզմանատանը։