Քասաղ (գետ)
գետ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Քասաղ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզի և Արմավիրի մարզում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։
Քասաղ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 89 կմ |
Ավազանի մակերես | 1480 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արագած |
Գետաբերանի տեղակայում | Սևջուր |
Կոորդինատներ | 40°38′48″ հս․. լ. 44°19′18″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ալվար, Ամբերդ, Գեղարոտ, Դաշտակի ջուր, Ենգո, Երնջառու, Թթուջուր, Նիգատուն, Շաղվարդ, Ջառջառիս, Վարդենիս, Գեղհովիտ, Անկյունասար, Գեղղհովիտ, Քարաղբյուր, Ամբարլու և Այուչայ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզ |
Քասաղի ակունքները երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը՝ Քարաղբյուր, սկիզբ է առնում Փամբակի լեռների հարավային լանջերից, հոսում նախկին Ախուրյանի շրջանով։ Աջակողմյան մյուս երկու՝ Դազքենդ և Ծաղկահովիտ օժանդակները սկիզբ են առնում Արագածի հյուսիսային լանջերից, հոսում Արագածի շրջանով, մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով, և Ռյա Թազա գյուղի մոտակայքում միախառնվում աջ կենտրոնական հոսանքին։
Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ։ Հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և Ապարանի ջրամբարից հարավ, Ափնագյուղ գյուղից արևելք թեքվում է դեպի հարավ և, աջից իր մեջ առնելով Գեղարոոտ վտակը, մտնում է Քասաղի կիրճը։ Առավել ջրառատ և սրընթաց է Քասաղի միջին հոսանքը, հատկապես Աշտարակի և Օշականի մոտերքում, որտեղ գետի հովիտը մինչև 200 մ բարձր հասնող խոր ձոր է։ Օշական գյուղից ցած՝ Քասաղը դուրս է գալիս Արարատյան դաշտ և, աջից իր մեջ ընդունելով Ամբերդ վտակը, գետաբերանային մասում բաժանվում է մի քանի բազուկների և ձախից միանում է Սևջուրին։
Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասաղի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասաղը իսպառ ցամաքում է։