Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիք
From Wikipedia, the free encyclopedia
Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիք, քրեաիրավական նորմ, համաձայն որի անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, քանի դեռ գտնվում է «անչափահասության» տարիքում։ Անչափահասության հանգամանքը քրեական իրավունքում դիտարկվում է որպես արդարացման օրինական ձև, որն էլ ենթադրում է, որ անչափահաս համարվող ամբաստանյալը նախքան որոշակի տարիքային շեմը հաղթահարելը հանցագործություն կատարելու դեպքում չի կրում քրեական պատասխանատվություն։ Ըստ հանցագործության հասցրած վնասի և վտանգավորության մակարդակի՝ անչափահասը կարող է պատասխանատվության ենթարկվել սահմանված տարիքային շեմը հաղթահարելուց անմիջապես հետո։
ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ գլխի («քրեական պատասխանատվության ենթակա անձինք» վերտառությամբ) հոդված 24-ը սահմանում է, որ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Մասնավոր դեպքերում որպես տարիքային շեմ դիտարկվում է տասնչորս տարին։ Նմանօրինակ մասնավոր դեպքեր են սպանությունը, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, մարդուն առևանգելը, բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը, ավազակությունը, գողությունը , կողոպուտը, շորթումը, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելը, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր հափշտակելու կամ շորթելը, տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը, խուլիգանությունը։ Համաձայն իրավունքի տեսաբանների սուբյեկտիվ պնդումների՝ նախքան յոթ տարին լրանալը երեխան տեսականորեն անկարող է դիտավորությամբ պայմանավորված հանցանք կատարել։