Քրիստոնեության ընդունումը Վիրքում
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեության ընդունումը Վիրքում կամ Վիրքի քրիստոնեացում (վրաց.՝ ქართლის გაქრისტიანება), 4-րդ դարում Վիրքի թագավորությունում քրիստոնեական ուսմունքի տարածումը և վրաց ժողովրդի անցումը հեթանոսությունից քրիստոնեություն։ Վիրքում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն կապված է Սուրբ Նինոյի (հայկական իրականության մեջ հայտնի է որպես Նունե) անվան հետ, ով փախչելով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից հաստատվել էր Մեծ Հայքի թագավորությունում և ապա ճանապարհ բռնել դեպի Վիրք։ Նրա հետ արևելք էին ժամանել նաև Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն, Շողակաթը, ովքեր սակայն դահճաբար սպանվում են հեթանոս Տրդատ Մեծ Արշակունու կողմից։ Նունեն իր քրիստոնյա քույրերից առանձնացել էր Վարագա լեռան մոտ և իր ճգնավոր կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի շրջակայքում։ Ըստ ավանդության, Նունեի քարոզչությամբ և Հիսուս Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ վրաց արքա Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը, ընդունում է քրիստոնեական կրոնը։ Նախքան քրիստոնեության ընդունումը՝ Նունեն բուժել է վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։ Հաջորդիվ Վիրքի արքան գնում է որսորդության և շրջափակվում մութ մառախուղով, որից էլ դուրս է գալիս «Նունեի քարոզած Աստծուն» աղոթելու միջոցով։ Վերադառնալով պալատ՝ արքան հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես «բարձյալ աստծո որդի», իսկ Նունեին՝ վրաց եկեղեցու առաքյալ։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տալիս Կուր գետի ափին՝ բլրի վրա վեր խոյացող Արամազդի արձանը և փոխարենը կանգնեցնում Քրիստոսի խաչի նշանը։ Այսպիսով՝ 326 թվականին, Վրաստանը դառնում է աշխարհի երկրորդ քրիստոնյա երկիրը։ Այս լուրը մեծ ցնծությամբ ընդունվում է Մեծ Հայքի թագավորությունում, որը 301 թվականին արդեն իսկ Գրիգոր Լուսավորչի ջանքերով ընդունել էր քրիստոնեությունը՝ առաջինն աշխարհում։
4-րդ դարում Վիրքը գտնվում էր աշխարհաքաղաքական երկու ուժերի՝ Հռոմեական կայսրության և Պարթևական տերության բախումների կիզակետում։ Թերևս, ինչպես հայոց տիրակալությունը, այնպես էլ Վիրքը, ցանկանում էր վարել չեզոք քաղաքականություն՝ բացառելով տարածաշրջանային ուժերի անուղղակի ազդեցությունը։ 313 թվականի Միլանի հրովարտակով քրիստոնեությունը Հռոմում դառնում է թույլատրելի կրոն և ապա ընդունվում պետական մակարդակով։ Այսպիսով, Վիրքն ու Մեծ Հայքը կրոնական հողի վրա ակամա թեքվում են դեպի արևմուտք և վերջիններիս հետագա ճակատագիրը Հռոմի հետ ընթանում է նույն ուղով։ Այսպիսով, քրիստոնեության ընդունումը Վրաց թագավորությունում ունենում է նաև աշխարհաքաղաքական նշանակություն և կարևորապես ներազդում է միջազգային հարաբերությունների վրա։