Ֆինանստնտեսական վերլուծություն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆինանստնտեսական վերլուծություն, ասելով հասկանում ենք տնտեսական ցուցանիշների դինամիկայի հետազոտումը ներքին և արտաքին տնտեսական, տեխնիկական, սոցիալական և կազմակերպչական գործոնների ազդեցության տակ։
Ֆինանսատնտեսական վերլուծությունը ձեռնարկությունների կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում, քանի որ տնտեսական վերլուծությունը հնարավորություն է տալիս կառավարչական որոշումներ ընդունելիս ընտրել լուծումների լավագույն տարբերակը։
Ֆինանսատնտեսական վերլուծությունը գիտելիքների հատուկ համակարգ է, որի օգտագործումը հնարավորություն է տալիս բացահայտել տնտեսության զարգացման ուղիներն ու նահանջի պատճառները։ Ձեռնարկությունների ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում հետազոտում են ապրանքների արտադրության և իրացման վրա ազդող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները։
Ֆինանսատնտեսական վերլուծությունը գիտական ուսումնասիրության մեթոդ է, որի օգնությամբ վերլուծողը մանրամասն տեղեկություններ է ստանում տնտեսական տարբեր պրոցեսների մասին։ Ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում ուսումնասիրվող օբյեկտը բաժանվում է բաղադրիչ մասերի և դրանցից յուրաքանչյուրի համար կատարվում է առանձին վերլուծություն։
Այդ գործոնները բաժանվում են երկու մասերի՝ հիմնականների և երկրորդականների։ Առաջին հերթին վերլուծության ժամանակ որոշվում են հիմնական գործոնների ազդեցության չափը, իսկ երկրորդական գործոնների ազդեցությունն որոշվում է, եթե այն պահանջվում է։
Ֆինանսատնտեսական վերլուծությունը կիրառական առարկա է, որը ձևավորվեց գործնական խնդիրների լուծման պահանջից։ Ֆինանսատնտեսական վերլուծությունը սերտորեն կապված է հաշվապահական հաշվառման հետ։ Հաշվապահական հաշվառումը հանդիսանում է տվյալների հիմնական մատակարար։