Իրաքի պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Իրաքի պատերազմը անընդհատ ձգձգվող զինված հակամարտություն է, որը սկսվել է 2003 թվականին Միացյալ Նահանգների գլխավորած այն կոալիցիայի Իրաք ներխուժմամբ, որը տապալեց Սադդամ Հուսեյնի կառավարությունը[1]։ Հակամարտությունը շարունակվել է գրեթե ողջ հաջորդ տասնամյակի ընթացքում, քանի որ զավթիչ ուժերի Իրաք ներխուժումից հետո առաջացավ ապստամբական մի շարժում։ Ըստ տվյալների 151,000-600,000 իրաքցիներ սպանվել են հակամարտության առաջին երեք-չորս տարվա ընթացքում։ 2011 թվականին ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս բերվեցին Իրաքից։ Սակայն, Սիրիայում քաղաքացիական պատերազմի, Իրաքի Իսլամական Պետության և Լևանտի տարածքային նվաճումներից հետո Օբամայի վարչակազմը 2014 թվականին ամերիկյան զորքերն Իրաք տեղափոխելու մասին որոշում կայացրեց։ Շատ ու շատ նախկին զինվորականներ աշխատանք ստացան պաշտպանական կապալառուների և մասնավոր ռազմական ընկերությունների կողմից[2][3]։ 2014 թվականին ԱՄՆ-ն կրկին նոր կոալիցիայի գլուխ եկավ; շարունակվեցին ապստամբություններն ու մի շարք քաղաքական զինված հակամարտությունները։ Ներխուժումը տեղի է ունեցել Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի պատերազմական շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին հաջորդող ահաբեկչության դեմ պայքարի ժամանակ[4]։
2002 թվականի հոկտեմբերին Կոնգրեսը թույլ տվեց նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին ցանկության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրաքի դեմ[5]։ Իրաքում պատերազմը սկսվել է 2003 թվականի մարտի 20-ին[6], երբ ԱՄՆ-ը, որին միացել են Մեծ Բրիտանիան և մի քանի կոալիցիոն երկրներ, սկսեց "շոկային" ռմբակոծությունների տարափը։ Երկիր ներխուժած ԱՄՆ-ի գլխավորած զորքերը ջաղջախեցին Իրաքյան զորքերին։ Ներխուժումը հանգեցրել է բաասիստական կառավարության փլուզմանը; Սադդամ Հուսեյնը գերի ընկավ դեկտեմբերին "Կարմիր Արշալույս" գործողության ժամանակ, իսկ երեք տարի անց ենթարկվեց մահապատժի։ Սադդամ Հուսեյնի մահից հետո առաջացած Ժամանակավոր Կոալիցիոն Վարչակազմի կառավարումը հանգեցրեց Շիաների և Սուննիների միջև լայնածավալ քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև կոալիցիոն ուժերի դեմ երկարատև խռովության։ Իրաքում բազմաթիվ ապստամբ խմբավորումների աջակցում էին Իրանը և Ալ-Կաիդան։ Ի պատասխան այդ գործողությունների՝ Միացյալ Նահանգները 2007 թվականին իր զորքերի թիվը հասցրեց 170 000-ի[7]։ Զորքերի թվաքանակի նման աճը ստիպեց Իրաքի կառավարությանը և զինվորականներին ավելի ուժեղ հսկողություն սահմանել[8]։ Այս գաղափարը շատերի կողմից հավանության արժանացավ։ ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք ավելի արագացավ Բարաք Օբամայի օրոք։ ԱՄՆ-ն Իրաքից պաշտոնապես դուրս է բերել բոլոր մարտական զորքերը 2011 թվականի դեկտեմբերին[9]։
Բուշի վարչակազմը Իրաքի պատերազմը հիմնավորում է այն պնդմամբ, որ Իրաքը, Պարսից ծոցում 1990–1991 թվականներին տեղի ունեցած պատերազմից ի վեր ԱՄՆ-ում դիտվել է, որպես "վտարանդի պետություն", ենթադրաբար ունեցել է մասսայական ոչնչացման ծրագիր[10], և որ Իրաքի կառավարությունը սպառնալիք է հանդիսանում Միացյալ Նահանգների և նրանց կոալիցիոն դաշնակիցների, հատկապես Իսրայելի համար[11][12]։ Որոշ ամերիկացի պաշտոնյաներ Սադդամին կեղծ մեղադրանք են առաջադրել Ալ-Կաիդան[13] թաքցնելու և նրան աջակցելու մեջ, մինչդեռ մյուսները վկայակոչել են բռնաճնշումներին վերջ տալու և Իրաքում ժողովրդավարություն ձեռք բերելու ցանկությունը[14][15]։ 2004 թվականին սեպտեմբերի 11-ի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սադդամ Հուսեյնի գործունեության և "Ալ-Կաիդայի" միջև որևէ օպերատիվ կապի ապացույց չկա[16][17]։ Բուշի վարչակազմի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Սադդամի և Ալ-Կաիդայի միջև ենթադրյալ կապերի մասին, որոնք հիմնված էին տարբերակիչ ապացույցների վրա[13], և որոնք մերժվել են հետախուզության աշխատակիցների կողմից։ ԱՄՆ-ի տրամաբանական հիմնավորումը լուրջ քննադատության է արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով։ Չիլկոտի զեկույցը, Մեծ Բրիտանիայի հետաքննությունը իր պատերազմ սկսելու որոշման համար, հրապարակվել է 2016 թվականին և եկել է այն եզրահանգման, որ ռազմական գործողությունները կարող են նաև անհրաժեշտ լինել, բայց այդ ժամանակ դրանք վերջին միջոցները չէին[18]։ Ներխուժման հետևանքները թերագնահատվեցին շատերի կողմից։ ՀԴԲ -ում հարցաքննության ժամանակ Սադդամ Հուսեյնը խոստովանել է, որ ձևացրել է, թե ունի զանգվածային ոչնչացման զենք, որպեսզի Իրանի առջև ուժեղ երևա[19]։ Նա նաև հաստատել է, որ մինչև ԱՄՆ-ի ներխուժումը Իրաքը զանգվածային ոչնչացման զենք չի ունեցել[20]։
Իրաք ներխուժումից հետո 2005 թվականին անցկացվեցին բազմակուսակցական ընտրություններ։ Նուրի ալ-Մալիքին վարչապետ է դարձել 2006 թվականին և իր պաշտոնում մնացել մինչև 2014 թվականը։ Ալ-Մալիքիի կառավարությունը վարել է մի այնպիսի քաղաքականություն, որը, շատերի կարծիքով, հանգեցրել է երկրում ավելի վաղ գերիշխող սուննի փոքրամասնության օտարմանը և միջդավանական լարվածության սրմանը։ 2014 թվականի ամռանը Իրաքի Իսլամական պետությունը և Լևանտը հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսում և հայտարարեցին համաշխարհային Իսլամական խալիֆայություն, որը հանգեցնում էր «Վճռական Որոշում Գործողության», ևս մեկ ռազմական պատասխան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։ Իրաքյան պատերազմի հետևանքով զոհվել է առնվազն 100 000 քաղաքացի, ինչպես նաև տասնյակ հազարավոր զինվորականներ (տես ստորև տրված տվյալները)։ Զոհերի մեծ մասը 2004-2007 թվականներին տեղի ունեցած խռովությունների և քաղաքացիական հակամարտությունների հետևանքով է։ Հետագայում Իրաքում քաղաքացիական պատերազմը, որը համարվում է ներխուժման դոմինոյի էֆեկտ, հանգեցրել է առնվազն 67 000 քաղաքացու մահվան, ինչպես նաև երկրի ներսում հինգ միլիոն մարդու տեղահանման[21][22][23]։